Կառուցվածք
Համալսարանի կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և ՀԱՊՀ կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի, Գիտական խորհրդի և Ռեկտորատի գործառույթների իրագործմամբ:
ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը ձևավորված է ՀՀ Կառավարության, ԿԳ նախարարության, ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության 8-ական ներկայացուցիչներով (ընդամենը 32 անդամ):
Խորհրդի գործունեության մեջ են մտնում բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը, ռեկտորի և մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները, ինչպես նան ՀԱՊՀ և նրա մասնաճյուղերի կանոնադրությունների, դրանց մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկության ներկայացումը ՀՀ Կառավարությանը:
ՀԱՊՀ Գիտական խորհուրդը ձևավորված է ՀԱՊՀ կանոնադրության համաձայն և լուծում է ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
ՀԱՊՀ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հաստատության գործադիր մարմինը` Ռեկտորատը:
Ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձևավորման կարգը և լիազորությունները սահմանված են ՀԱՊՀ կանոնադրությանը համաձայն: