Բակալավր-2022

 

Արտոնություններ

Համաձայն ՀՀ Կառավարության 1 ապրիլի 2021 թվականի 469-Ն որոշման՝ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվելու դեպքերն են.

Սույն կետում նշված կարգավիճակ ունեցող դիմորդները բուհ ընդունվելու դեպքում օգտվում են օրենքներով սահմանված ուսման վարձի փոխհատուցման իրավունքից․

  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)
  • Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները։

Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողներ, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները՝ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս։

Բուհի հետ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագիր) կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի առկայության և պայմանագիր կնքած կազմակերպության ֆինանսավորման դեպքում համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագիր) կազմակերպության աշխատողների ընդունելությունը կազմակերպվում է կազմակերպության ներկայացրած անվանացանկի համաձայն՝ առանց ընդունելության քննությունների կամ բուհի սահմանած կարգով։

Դիմորդի կողմից նախընտրած բուհի նախապատրաստական դասընթացներն ավարտած դիմորդները, բուհ են ընդունվում մրցույթից դուրս ավարտական քննությունների գնահատականներով, ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) նախարարության կողմից հաստատված տեղերի մինչև 20% չափով։