DAAD. գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կրթական ծրագրերը ներկայացվել է Պոլիտեխնիկում

DAAD. գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կրթական ծրագրերը ներկայացվել է Պոլիտեխնիկում

Ինչպե՞ս սովորել Գերմանիայում և ստանալ կրթաթոշակ: Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության տարածաշրջանային գրասենյակի տնօրենը Հայաստանում է՝ բուհերի ուսանողներին, դասախոսներին ու գիտնականներին  ներկայացնելու Գերմանիայի կառավարության մշակած նոր կրթական ծրագրերը: Գեբհարդ Ռոյլը հանդիպումների շարքը սկսում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից՝ ներկայացնելով  ինժեներական և տեխնոլոգիական մասնագիտությունների առանձին փաթեթ: Տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի դիտարկմամբ, ուսումնական հնարավորությունների աշխարհագրությունը ընդգրկուն է:

«Մենք այստեղ ենք ներկայացնելու հնարավորությունների այն շրջանակը, որը թույլ կտա ուսանողներին առանց վախենալու դիմել կրթաթոշակների, որոնք առաջարկում է գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը: Գերմանիայի համալսարաններում ամեն տարի սովորելու են մեկնում հազարավոր ուսանողներ ամբողջ աշխարհից: Հայաստանից ևս շատ ուսանողներ, գիտնականներ օգտվել են այս ծրագրից»,- շեշտեց  Գեբհարդ Ռոյլը:

Լինի ուսանող, մագիստրանտ, ասպիրանտ, թե գիտնական,  ակադեմիական ծառայությունը բոլորի համար է, ասում է Ռոյլը: Ամեն տարի գերմանական համալսարանները իրականացնում են ուսանողների փոխանակման մի քանի հազար ծրագիր:  Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը, առավել հայտնի DAAD-ը,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի դիտարկմամբ, նպաստում է համալսարանների միջազգայնացման գործընթացին:

«Մենք շատ առաջնային ենք դիտարկում գերմանական կառավարության կողմից դիտարկվող ֆինանսավորման հնարավորությունը:  Առաջնայինը,  իհարկե,  մեր ուսանողների փոխանակումների համատեքստում, որոնք հնարավորություն են տալիս վեց ամսից մինչև մեկ տարի, նույնիսկ կրկնակի դիպլոմների ծրագրերով կրթություն ստանալ գերմանական բուհերում»,- Ասատրյանցի դիտարկումն է:

DAAD-ն միակ կրթաթոշակային կազմակերպությունն է Հայաստանում, որը խրախուսում է բոլոր բնագավառների ուսանողներին և գիտնականներին: Առաջին անգամ հայ ուսանողները կրթաթոշակներ են ստացել 1990թ.-ն: Ավելի քան 2500 հայ ուսանող և գիտնական օգտվել է կրթաթոշակային ծրագրերից: Ամառային դպրոցների, մագիստրոսական, դոկտորական աշխատանքների համար գերմանիայի կառավարությունը տրամադրում է բոլոր ֆինանսները:

Մեկնել սովորելու, չի նշանակում մնալ Գերմանիայում, հատուկ շեշտեց Գեբհարդ Ռոյլը: Բոլորը նոր գիտելիքներով պետք է վերադառնան հայրենիք՝ նպաստելու իրենց երկրի զարգացմանը:

Իր հիմնադրումից՝ 1925թ. ից ի վեր DAAD-ն աջակցել է 2 միլիոնից ավելի համալսարանականի ամբողջ աշխարհում: Կրթաթոշակների և համագործակցային ծրագրերի միջոցով տարեկան խրախուսվում է ավելի քան 100.000 ուսանող, հետազոտող և գիտնական: