Մենք
Ավագ դպրոցի գերբ
Ավագ դպրոցի գերբում պատկերված են երեք ուսումնական փուլերի աշակերտներ: Գերբը պատկերել է Պոլիտեխնիկի ուսանող Քնարիկ Համբարձումյանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը այդ ծրագրերի պահանջներին համապատասխան: Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է: Ծրագրերը ներառում են հոսքային և առանձին առարկաների խորացված ուսուցում:
Դպրոցի նպատակն է ապահովել ուսումնական գործընթացներում սովորողների ակադեմիական բարձր առաջադիմությունը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումը, ինչպես նաև ուսուցման որակի ապահովման, գնահատման ու վերահսկման միջազգային չափանիշների կիրառումը:
Պոլիտեխնիկի Ավագ դպրոցն առաջարկում է այնպիսի խստապահանջ և միջառարկայական ակադեմիական ծրագրեր, որոնք խթանում են սովորողների հետազոտական ունակությունների և հմտությունների ձևավորում, նրանց ընդգրկում նախագծային գործունեության մեջ, ինչն անհրաժեշտ է գիտակցված մասնագիտական կողմնորոշման համար։ Մենք ներգրավում ենք սովորողներին ստեղծագործական և քննադատական մտածողության ու համագործակցության միջավայրերում՝ նպատակ հետապնդելով սովորողների մեջ սերմանել մշտական ինքնակատարելագործման և առաջնորդ լինելու գիտակցում և ձգտում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը (նախկինում՝ ՀՊՃՀ հենակետային վարժարան) գործում է 1994 թվականից։ Նախապես այն եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թվականին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է՝ միավորվելով ՀՊՃՀ-ին։ Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 910 աշակերտ։ Դպրոցում իրականացվում է բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում: Մասնավորապես, դպրոցում գործում են հետևյալ ենթահոսքերը՝ ֆիզիկամաթեմատիկական, ինժեներական, տնտեսագիտական և դիզայն: Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ` Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով:
Մինչ այժմ ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցը տվել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, ովքեր ուսումը շարունակել և շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում. առաջին հերթին, իհարկե՝ ՀԱՊՀ-ում: Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանցից 60 և ավելին ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են:
ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցը մատուցում է բարձրակարգ կրթական ծառայություններ՝ շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը ՀԱՊՀ-պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ են: Նրանց աշխատանքի կարևոր արդյունքներից են ամեն տարի միջազգային և հանրապետական նշանակության օլիմպիադաներից բերված բազմաթիվ մրցանակները և պատվոգրերը:
Վայր: 7-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 06 30, Էլ-փոստ: [email protected]