Էներգետիկ անվտանգության ապագան ձևավորվում է Պոլիտեխնիկում․ ՀԱՊՀ-ն և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Էներգետիկ անվտանգության ապագան ձևավորվում է Պոլիտեխնիկում․ ՀԱՊՀ-ն և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը թևակոխում են գործակցության նոր մակարդակ: Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանն ու ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման համար էներգետիկայի բնագավառի բարձրակարգ մասնագետների պատրաստումը՝ առաջնորդվելով էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությամբ ու բուհերի և կազմակերպությունների միջև համագործակցությամբ:

Հուշագրի ստորագրման հիմքում էներգետիկայի բնագավառում երիտասարդության ներգրավվածությունն է, Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության ապահովումը, գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործումը և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Նպատակ ունենալով  դիմակայելու Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման մարտահրավերներին, կստեղծվի նոր ճանապարհ՝ ուղղված Հայաստանի գիտնականների, ճարտարագետների և էներգետիկայի բնագավառի մասնագետների կրթությանն և փորձառու աշխատուժի աջակցմանը:

ՀԱՊՀ ռեկտորի խոսքով, փոխըմբռնման հուշագրով հաստատվելու է համագործակցություն՝  նպաստելով Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։

«Էներգետիկ անվտանգության իրականացման ծրագրում համապատասխան գիտական, հետազոտական, վերապատրաստումների ծրագրերի իրականացմամբ կարելի է ընդգծել, որ շատ հաճախ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է էներգետիկ անվտանգություն արտահայտությունը և այդ անվտանգությունը իրականացվում է անկախ, վերականգնվող էներգետիկ նոր ռեսուրսների ստեղծմամբ և կիրառմամբ։  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր գիտական, մասնագիտական և ուսանողական համայնքով կարող է մեծ ներդրում ունենալ էներգետիկ անվտանգության ոլորտում։ Լինելով տեխնոլոգիական համալսարան մենք մշտապես եղել ենք  միակ ուսումնական հաստատությունը, որ այս ոլորտում պատրաստել է կադրեր, ովքեր մասնագիտական շուկայում իրականացրել են համապատասխան գործառույթներ»,-ընդգծեց Գոռ Վարդանյանը։

Աբգար Բուդաղյանը Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշեց, որ ուրախ է առաջիկա 4 տարիների համագործակության հաստատման համար։

«Փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում կգործադրենք մեր լավագույն ջանքերը, որ կարողանանք ներկայացնել Պոլիտեխնիկական համալսարանի ամբողջ ներուժը՝ նպաստելով նոր սերնդի ձևավորմանը»,- նշեց Աբգար Բուդաղյանը։

Ծրագիրը աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, մասնավոր հատվածին և էներգետիկայի բնագավառի այլ շահագրգիռ կողմերին՝ երկրի էներգամատակարարումը դիվերսիֆիկացնելու, ներմուծվող գազից կախվածությունը նվազեցնելու և ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու նպատակով՝ նպաստելով Հայաստանի էներգետիկայի բնագավառի որպես երկարաժամկետ տնտեսական աճի շարժիչ ուժ հանդիսանալուն։

Փոխըմբռնման հուշագրի շրջանակում Տետրա Տեկ-ը մտադիր է ապահովել ՀԱՊՀ-ի ուսանողների և դասախոսների կարողությունների զարգացում՝ ՎԷԱ և ԷԱ ծրագրերի հետ կապված իրավակարգավորման շուրջ աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների միջոցով, աջակցել ՀԱՊՀ-ին իր կարողությունների բարելավման հարցում՝ նախագծելով և ներդնելով էներգետիկ լաբորատորիա, որը հնարավորություն կտա ուսանողներին և նշանակված անձնակազմին վերապատրաստվել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելավորման ծրագրի, էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ պլանավորման TIMES-Հայաստան մոդելի և այլ համապատասխան մոդելավորման ծրագրերի միջոցով, նախագծել և առաջարկել պրակտիկայի հնարավորություն ՀԱՊՀ-ի ուսանողների կամ վերջին տարիների շրջանավարտների համար։

ՀԱՊՀ-ն կներկայացնի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ՝ վերապատրաստման դասընթացներին, աշխատաժողովներին և կարողությունների զարգացմանը վերաբերող այլ միջոցառումներին մասնակցելու համար, առաջարկել  աշխատակիցներ և ուսանողներ՝ կարողությունների զարգացման միջոցառումներին մասնակցելու համար և առաջնահերթություն տալ էներգետիկ լաբորատորիային առնչվող թեմաներին, դիտարկել նոր և ժամանակակից թեմաների և դասընթացների ընդգրկման հնարավորությունը համապատասխան ուսումնական ծրագրերում: