Սթարմուս – ՀԱՊՀ համագործակցության շրջանակում ավիատիեզերական ինժեներ Ժան – Ժակ Դորդեինին Պոլիտեխնիկում հանդես է եկել դասախոսությամբ

Սթարմուս – ՀԱՊՀ համագործակցության շրջանակում ավիատիեզերական ինժեներ Ժան – Ժակ Դորդեինին Պոլիտեխնիկում հանդես է եկել դասախոսությամբ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Սթարմուս գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում Պոլիտեխնիկը հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր, Եվրոպայի տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն, Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր, ավիատիեզերական ինժեներ Ժան – Ժակ Դորդեինին: Սթարմուսի  խոսնակ Ժան-Ժակ Դորդենն իր ելույթն անվանեց «Երկիր մոլորակի ուղերձը՝ Երկրի վրա բնակվող մարդկանց»։ Նպատակը մեկն է՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների հաջորդ սերնդին:

Հանդիպումը սպասված էր՝ լեփ – լեցուն դահլիճում: Ողջունելով ներկաներին,  Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը  ներկայացրեց պրոֆեսորին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումը կարող է համագործակցության նոր հնարավորություններ  և հարթակներ ստեղծել ուսանողների համար։ Անի Մամիկոնյանը հյուրին պատմեց  Պոլիտեխնիկի 90-ամյա պատմության, երկրի տնտեսության մեջ ունեցած դերի և Հայաստանի միակ տեխնոլոգիական բուհը լինելու կարևորության մասին՝ հույս հայտնելով, որ Ժան – Ժակ Դորդեինի հետ նոր հանդիպումների հնարավություններ դեռ էլի կլինեն։

Ժան-Ժակ Դորդեինը ծնվել է Լիլում՝ 1946 թվականին: Նա ավարտել է Փարիզի Ecole Centrale-ի ճարտարագիտության բաժինը 1969 թվականին (այն տարին, երբ Նիլ Արմսթրոնգը քայլել է Լուսնի վրա), և իր գիտական ​​կարիերան սկսել է 1970 թվականին ֆրանսիական շարժման և հրթիռային խթանիչների ոլորտում: 1976 թվականից մինչև 1983 թվականը եղել է Ավիատիեզերական հետազոտությունների ազգային գրասենյակի (ONERA) տիեզերական գործունեության համակարգողը, ապա նշանակվել է ֆիզիկայի գծով տնօրեն։ Նա առաջին հինգ ֆրանսիացի տիեզերագնաց թեկնածուների թվում էր, որոնք ընտրվել էին CNES-ի կողմից ESA Spacelab 1 ծրագրի համար:

Ժան – Ժակ Դորդեինը 2003-2015թթ․ եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը: ESA-ում իր պաշտոնավարման ընթացքում Դորդեինը զարգացրել է ESA-ի հարաբերությունները Եվրոպական միության և նրա ինստիտուտների հետ: Նա ղեկավարել է Ariane-ի հաջող արձակումների երկար շարքը, ինչպես նաև ուղեծիր է դուրս բերել Երկրի դիտման արբանյակներ՝ եզակի տվյալներ տրամադրելով գիտական ​​համայնքներին՝ հասկանալու և վերահսկելու Երկրի շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը: Համաշխարհային մասշտաբով պարոն Դորդեյնի ղեկավարությունը ESA-ին հնարավորություն է տվել համախմբել և ընդլայնել մի շարք միջազգային գործընկերություններ:

Խոսելով իր անցած ճանապարհի մասին պրոֆեսոր Ժան – Ժակ Դորդեինը  նշեց, որ կյանքում ավելի շատ բան սովորել է դասավանդելու ընթացքում։ Ավիատիեզերական ինժեները Պոլիտեխնիկի ուսանողներին և  գիտությամբ հետաքրքրվողներին խորհուրդ տվեց ռիսկի դիմել և երբեք չվախենալ նոր ձեռնարկումներից, քանի որ վախի մթնոլորտում սխալվելու հավանականությունը միշտ ավելի մեծ է լինում։ Ըստ նրա՝ հաջողակ գիտնական լինելու համար պետք է հավատալ սեփական ուժերին և նրան, ինչ անում ես,  հետաքրքրասիրությամբ մոտենալ բոլոր հարցերին:

Հանդիպման ավարտին պոլիտեխնիկցիների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պրոֆեսորը պատասխանեց մեծ սիրով և ոգևորությամբ՝ ընդգծելով, որ իր ելույթի հիմնական  նպատակներից է, որ ուսանողները և հետազոտողները և հետաքրքրվող այլ անձինք ավելի ոգևորվեն գիտությամբ։

Սեպտեմբերի 5-10-ն անցկացվող «Starmus VI» միջազգային փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Փառատոնը հիմնականում կենտրոնացված է աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի և գիտության հարակից մյուս բնագավառների շուրջ։ Փառատոնի հիմնադիրը հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է։ Փառատոնի մասնակիցների շարքում կրկին անվանի լուսնագնացներ ու աստրոնավտներ են, ավելի քան 50 նշանավոր գիտնական, Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ ու արտիստներ: