Կրթության ֆինանսավորումը ոչ թե սոցիալական գործառույթ, այլ՝ ներդրում. Պոլիտեխնիկի պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը մասնակցել է «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությանը

Կրթության ֆինանսավորումը ոչ թե սոցիալական գործառույթ, այլ՝ ներդրում. Պոլիտեխնիկի  պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը մասնակցել է «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել էին ազգային խորհրդակցություն` «Փոխակերպելով կրթությունը» խորագրով։

Հանդիպման նպատակն էր վերհանել մեր երկրի կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Ազգային խորհրդակցությանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մասնակցել է Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանն անմասն չէ կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացից։ Նրա խոսքով՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող նմանօրինակ խորհրդակցությունները կնպաստեն մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացին, ինչպես նաև կհստակեցնեն կրթության փոխակերպման առումով Հայաստանի հանձնառությունների շրջանակը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հիմնական խնդիրներն ու նպատակները, նշել է, որ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի ունակությունները՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:  Պոլիտեխնիկական համալսարանից ազգային խորհրդակցությանը մասնակցում էր

Աշխատանքային երկրորդ հատվածում խորհրդակցության մասնակիցները ներգրավվել են  աշխատանքային տարբեր խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հարցերի իր շրջանակը՝ թեմատիկ ուղղություններով՝ ներառական, արդար, անվտանգ և առողջ դպրոցներ, ուսուցիչներ, ուսումնառություն, կյանքի, աշխատանքի և կայուն զարգացման հմտություններ, թվային ուսումնառություն և փոխակերպում, կրթության ֆինանսավորում:

ՀԱՊՀ պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը ընդգրկված է եղել բարձրագույն կրթության ֆինանսավորման խմբում։

«Խմբի արդյունքները ես ներկայացրեցի․ ամփոփելով արձանագրել ենք, որ կրթության պետական ֆինանսավորումը քիչ և անարդյունավետ է։ Այն մեխանիզմը, որով իրականացվում է ֆինանսավումը սխալ է։ Պետք է կիրառվի այլ մոտեցում։ Կարիք կա թափանցիկությունը բարձրացնել  և ֆինանսավորումը տանել դեպի գիտելիքահենք տնտեսություն  կառուցելու նպատակ։ Մենք արձանագրեցինք, որ կրթության ֆինանսավումը չպետք է դիտարկվի որպես սոցիալական գործառույթ, այլ դա պետք է դիտարկվի որպես ներդրում», – նշել է Սարգիս Ասատրյանցը։

Ըստ նրա միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարդկային կապիտալը տնտեսական աճի առավել կարևոր պատճառ է, քան ինստիտուտները։ Ըստ պրոռեկտորի տնտեսագիտությունը մարդկային կապիտալը համարում է հասարակության արտադրության գործոնների գլխավոր բաղադրիչ և ամեն մի տնտեսական առաջընթացի գլխավոր շարժիչ ուժ։

Խորհրդակցության արդյունքները կօգտագործվեն 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ նախատեսված Կրթության փոխակերպման գագաթնաժողովին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից կրթական քաղաքականության մշակման ընթացքում: