«Կրթվեք շարունակաբար, եղեʹք ըմբոստ, եղեʹք համառ»․ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

«Կրթվեք շարունակաբար, եղեʹք ըմբոստ, եղեʹք համառ»․ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

«Մեծարգո վարչապետ, հարգելի նախարարներ, Պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամներ, հարգելի ռեկտոր, պրոֆեսորադասախոսական կազմի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի ուսանողներ։ Ես Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ չեմ։ 2005 թվականին ընդունվել եմ Հայ-ռուսական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, բայց ընդունելության տարին անցկացրել եմ հենց այս պատերի ներքո՝ պարապելով ֆիզիկա և մաթեմատիկա։ Այսպիսով Պոլիտեխնիկը իմ ապագայում իր մեծ ներդրումն է ունեցել՝ պրոֆեսորների ջանքերի շնորհիվ։ Ընտանիքիս անդամները՝ հայրս, երկու պապերս, իրենց եղբայրները, նույնպես Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներ են։ Երջանկահիշատակ Յուրի Ավինյանը երկար տարիներ դասախոսել է Պոլիտեխնիկում, վստահ եմ, ներկաներից շատերը կհիշեն նրան։ Այս  հանգամանքներից ելնելով, կարծում եմ, ես ուրույն կապ ունեմ Պոլիտեխնիկական համալսարանի հետ։

Պոլիտեխնիկական համալսարանը առաջին անգամ իր դռները բացել է 1933 թվականին, այդ տարի ունենալով ընդհամենը 107 ուսանող և երկու ֆակուլտետ։ Տարիների ընթացքում Հայաստանի զարգացման, արդյունաբերացման պրոցեսին զուգընթաց համալսարանը նույնպես իր դերն ամրապնդել է՝ դառնալով Հայաստանի խոշորագույն համալսարանը՝ 80-ականներին ունենալով 25 000 ուսանողից ավելին և ավելին քան 66 մասնագիտություն։ Բուհը համարվել է Խորհրդային միության լավագույն ինժեներական դարփնոցներից մեկը։ Այսօր էլ Պոլիտեխնիկը շարունակում է այդ ավանդույթները, աշխատաշուկային տրամադրելով ոլորտի լավագույն մասնագետներին։

Ուզում եմ շնորհավորել Ձեզ՝ 2022 թվականի շրջանավարտներին, կյանքի կարևորագույն հանգրվաններից մեկին հասնելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ ձեր ծնողներին, դասախոսներին, բոլոր այն անձանց, ովքեր ձեզ հետ են եղել այս տարիների ընթացում։

Սիրելի շրջանավարտներ, դուք ընտրել եք մասնագիտական ոլորտներ, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում։ Վստահ եմ, որ համալսարանը տվել է այն գիտելիքները, որոնք օգնելու են ձեզ դառնալ առաջատար մասնագետներ, լինել պիտանի ձեր երկրին և ձեր ժողովրդին։ Այնուամենայնիվ, կխնդրեմ և կհորդորեմ, որ համալսարանում ստացած գիտելիքներով չսահմանափակվեք։ Իմացեք, որ միշտ կա ավելին սովորելու և ավելիին հասնելու հնարավորություն։ Կրթվեք շարունակաբար, եղեʹք ըմբոստ, եղեʹք համառ։ Թող կյանքի դժվարությունները երբեք չլինեն խոչընդոտ ձեր երազանքների իրականացման համար, այդ խոչընդոտները թող կոփեն ձեզ, ձեր կամքը՝ հետագա ճանապարհը ավելի հեշտ և դյուրին անցնելու համար։

Մենք այս փուլում գտնվում ենք Պոլիտեխնիկական համալսարանի խորքային փոփոխությունների շրջանում։ Ուզում եմ խոստանալ, որ, երբ տարիներ հետո ձեր երեխաները ընտրեն Պոլիտեխնիկական համալսարանը՝ որպես իրենց բարձրագույն ուսումնական հաստատություն, նրանք մուտք են գործելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի լավագույն տեխնոլոգիական համալսարան՝ ստանալու միջազգային բարձրագույն չափորոշիչներին համապատասխան կրթություն։ Սա է Պոլիտեխնիկի մեր տեսլականը․ ես իրապես հավատում եմ այս գաղափարին և այս ապագային։ Վստահ եմ, որ Հոգաբարձուների խորհրդի անդամները կիսում են իմ մտքերը։

Շնորհավում եմ ձեզ  ևս մեկ անգամ և մաղթում հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»։