«Python» դասընթացը կարիերայի նոր սկիզբ. 800 նոր ծրագրավորող՝ աշխատաշուկայում

«Python» դասընթացը կարիերայի նոր սկիզբ. 800 նոր ծրագրավորող՝ աշխատաշուկայում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ  Պոլիտեխնիկը իրականացրել է «Python»  ծրագրավորման լեզվի առաջին և երկրորդ մակարդակի դասընթացներ: Առցանց դասընթացն ունեցել է շուրջ 820 մասնակից:  Ավարտական քննություններից հետո նախարարության գլխավոր քարտուղարը, ՀԱՊՀ ռեկտորն ու Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրենը հանձնեցին ավարտական վկայագրերը:

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանն առանձնահատուկ կարևորել է Պոլիտեխնիկի դերը՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

«Այստեղ են կրթվում ոլորտի ապագա մասնագետները և այս առումով համալսարանի նկատմամբ նաև պահանջներն են շատ և բարձր: Այստեղ կրթական ծրագրերը համահունչ են ժամանակին, և ամենակարևորը՝ կիրառելի: Ուրախ եմ, որ համալսարանը նաև ակտիվ համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: Այս ծրագրի հաջող իրականացումն էլ այդ համագործակցության լավ օրինակ է»,-նշել է Նարեկ Մելքումյանը:

21-րդ դարը նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջան է: Տեխնոլոգիական ուղղություններով մասնագիտությունների ու հմտությունների ձեռքբերումը նոր հնարավորություններ է բացում ոլորտի մեծ աշխատաշուկա մուտք գործելու համար։ Պետական և մասնավոր հատվածում «Python»  ծրագրավորման լեզվի իմացությամբ մասնագետների մեծ պահանջարկ կա: Այն մեծ կիրառություն ունի ինժեներական գրեթե բոլոր ուղղություններում: Ծրագիրը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի դիտարկմամբ, հնարավորություն է տվել տարբեր ոլորտների մասնագետներին, անկախ տարիքից, համալրելու թափուր հաստիքները:

 

«Պոլիտեխնիկը դասական ինժեներական բուհ է, իր մեջ ընգրկում է ինժեներական մասնագիտությունների ամբողջ շղթան: Այսօր էլ պատրաստվում ենք հավակնոտ մասնակցություն ունենալ  կիբեռանվտանգության, բլոկչեյն համակարգերի, արհեստական բանականության ուղղություններով հայտարարված մրցույթում: ՀԱՊՀ-ի Շարունակական կրթության ապահովման և դասախոսների վերապատրաստման կենտրոնի ուսերին դրված է եղել խնդիր՝ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ներգրավելու վերապատրաստման գործընթացներում, բերել համալսարան, ընդգրկել կրթական գործընթացներում: Համալսարանի ակադեմիական համայնքի ներկայացուցիչների և մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների հետ հաջողվեց իրականացնել «Python»  ծրագիրը,  ավելի ամրացնել մեր հարաբերությունները բոլոր կողմերի հետ: Այս վստահությունը Պոլիտեխնիկի նկատմամբ ազդելու է ուսումնական գործընթացի էլ ավելի արդյունավետ կազմակերպման վրա: Արհեստական բանականության համակարգերով ՀԱՊՀ-ն իրականացնում է բակալավրի և մագիստրատուրայի ընդունելություն և ուսուցում»,- միջոցառմանը ասել է ՀԱՊՀ ռեկտորը:

Վեցամսյա ծրագրի ընթացքը ապահովել է շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը: Ինժեներական և տեխնոլոգիական կրթության ապահովման գործում, Արթուր Զապրոսյանը կարևորում է համալսարանի ծրագրերը, որոնք համապատասխանում են ժամանակակից պահանջներին: 2010-ից գործող կենտրոնը բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացրել է ավելի քան 300 դասընթաց՝ վերապատրաստելով մոտ 6000 ուսանողի: «Python»-ը ոչ միայն ծրագրավորման լեզու է, նաև գործիք, որն օգտագործում են մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մեջ:

 

Ծրագիրը իրականացվել է բուհ – մասնավոր հատված համագործակցությամբ: Այն լինելու է  շարունակական՝ առանց տարիքային սահմանափակման: