Պոլիտեխնիկը ընդլայնում է միջազգային համագործակցության աշխարհագրությունը

Պոլիտեխնիկը ընդլայնում է միջազգային համագործակցության աշխարհագրությունը

ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Շմավոնյանը «Էրասմուս+» եվրոպական նախագծի միջազգային շարժունության ծրագրի շրջանակում գործուղվել էր Հունաստան՝ Կրետեի տեխնիկական համալսարան: ՀԱՊՀ պրոֆեսորը հանդես է եկել դասախոսություններով՝ «Քիմիայի և շրջակա միջավայրի ճարտարագիտություն» դեպարտամենտի ավարտական 4–րդ կուրսի ուսանողների և ասպիրանտների համար՝ «Առաջատար նյութեր՝ գրաֆեն և երկչափ ատոմական նյութեր ու կառուցվածքներ» թեմայով։ Դասախոսությունների ժամանակացույցը համակարգել են Կրետեի տեխնիկական համալսարանի «Էրասմուս+» ծրագրերի համակարգող Մարկոս Նտուկակիսը և «Քիմիայի և շրջակա միջավայրի ճարտարագիտություն» դեպարտամենտի պրոֆեսոր Պետրոս Գիկասը։ Դասախոսությունները հիմնված էին Գերմանիայի «Դե Գրույնտեր» հրատարակչությունում այս տարի տպագրված եվրոպական բուհերի ավարտական կուրսերի ուսանողների և ասպիրանտների համար նախատեսված «Օպտիկական նանոսպեկտրոսկոպիա» եռահատոր անգլալեզու դասագրքում Շմավոնյանի համահեղինակած «Գրաֆենի և այլ երկչափ նյութերի նանոսպեկտրոսկոպիա» բաժնի նյութի հիման վրա։ Դասագրքում ներառվել են նաև պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանի՝ վերջերս համահեղինակած գրաֆինի և երկչափ նյութերի ստացման «Հարթակներով տրորման» և «Ձողի տրորման» տեխնոլոգիաները։

Եզակի տեխնոլոգիայով ստացված որակյալ և էկոլոգիապես մաքուր գրաֆենի շերտերը և փոշին, որոնք  աշխարհում ամենաէժանն են և կարճատև ստացվողը (60 վրկ), կիրառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Հունաստան և Բելգիա։

Գրաֆենը և այլ երկչափ նյութերը Հայաստանում առաջին անգամ դեռևս ստացվել են 2013-ին՝ ՀԱՊՀ–ում՝ ոչ ավանդական «Հարթակներով տրորման» տեխնոլոգիայով, որի համար համալսարանի «ՆանոՀայ» թիմի ղեկավար, պրոֆեսոր Գագիկ Շմավոնյանը և թիմի համակարգող՝ «Oտար լեզուների» ամբիոնի դասախոս Գայանե Շմավոնյանը 2015–ին ՄԱԿ–ի մաքուր տեխնոլոգիաների «UNIDO Global CleanTech Open» նորարարության մրցույթում դարձան ազգային հաղթող և Սիլիկոնյան հովտում՝ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում արժանացան «Մաքուր տեխնոլոգիաների Օսկար» մրցանակի (ՀԱՊՀ պաշտոնաթերթ, դեկտեմբեր 2015 թ․):  Գագիկ Շմավոնյանի գիտական խմբին հաջողվեց 2015-ին «Հարթակներով տրորման» տեխնոլոգիայի հիման վրա նախագծել և պատրաստել աշխարհում նմանակը չունեցող գրաֆինի և երկչափ նյութերի ստացման սարքավորման նախատիպը։ Ներկայումս վերջինս կատարելագործման փուլում է և Գագիկ Շմավոնյանի գլխավորած «Երկչափ նյութերի ճարտարագիտութան և նանոտեխնոլոգիաների նորարարության» լաբորատորիայում, որը ստեղծվել է 2020-ին, Ֆիլիփ Մորրիս կազմակերպության ծրագրի շրջանակներում, հաջողությամբ ավարտելու դեպքում հնարավոր կլինի կազմակերպել գրաֆենի և այլ երկչափ նյութերի զանգվածային արտադրություն (ապրանքայնացում), իսկ տեխնոլոգիայի՝ առևտրայնացում։

Հատկանշական է, որ «Հարթակներով տրորման» տեխնոլոգիայով ստացված գրաֆենը և երկչափ նյութերը հաջողությամբ կիրառվում են արտերկրում էլեկտրոնիկայի և կենսաբժշկության բնագավառներում:

Գործուղման արդյունքում ձեռք են բերվել խոստումնալից արդյունքներ։ Պրոֆեսոր Շմավոնյանը հանդիպել է Կրետեի տեխնիկական համալսարանի ղեկավարությանը՝ ռեկտոր, պրոֆեսոր Իվան Դիամադոպուլլասի, ինչպես նաև վարչական, ակադեմիական և ուսումնական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Միխայիլ Լագուդակիսի հետ՝ իրենց նախաձեռնությամբ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊՀ–ի և Կրետեի տեխնիկական համալսարանի ուսումնական և գիտական համագործակցության, ինչպես նաև ՀԱՊՀ–ի և Հունաստանի Միջերկրածովյան համալսարանի հետ գիտական նոր համագործակցություն սկսելու հեռանկարները։ Հավանություն տրվեց՝ կազմակերպելու երկու համալսարանների ղեկավարությունների փոխադարձ այցեր՝ նպատակ ունենալով ամրապնդել և խորացնել երկու համալսարանների միջև համագործակցությունը։

Պրոռեկտոր Միխայիլ Լագուդակիսի խորհրդով նա հանդիպել է Կրետեի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Նիկոս Քեկուկուլատակիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու համալսարանների գիտական խմբերի միջև գիտական համագործակցություն սկսելու հեռանկարը՝ նպատակ ունենալով «Հարթակներով տրորման» տեխնոլոգիայով ստացված գրաֆենի շերտերը և փոշին կիրառել պրոֆեսոր Քեկուկուլատակիսի ղեկավարած լաբորատորիայում իրականացվող օրգանական նյութերի մաքրման նպատակով։ Ներկայումս նրանք օրգանական նյութերի մաքրման համար կիրառում են քիմիական ճանապարհով ստացված, էկոլոգիապես ոչ մաքուր և ոչ այնքան որակյալ գրաֆինի օքսիդ կամ Չինաստանից ձեռք բերված թանկարժեք գրաֆինի օքսիդ։ Հանդիպման արդյունքում որոշվեց ոչ այնքան որակյալ գրաֆինի օքսիդի փոխարեն կիրառել գրաֆեն՝ մաքրման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Սպասված արդյունքները կարող են դառնալ խոստումնալից նոր համագործակցության սկիզբ։

Հետազոտության և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Միխայիլ Զերվակիսի խորհրդով պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև համագործակցություն սկսել ՀԱՊՀ-ում Գագիկ Շմավոնյանի ղեկավարած գիտական խմբի և Հունաստանի Միջերկրածովյան համալսարանի «Արդի տեխնոլոգիաներ» ինստիտուտի «Նանոնյութեր՝ արդի սարքերի համար» հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Դիմիտրիս Անգելակիսի գիտական խմբի հետ։ Հետագա գիտական համագործակցությունը կշարունակվի և խնդիրների հստակեցումը կիրականացվի «Զուում» առցանց հարթակի և էլեկտրոնային նամակագրության միջոցով։

Կրետեի տեխնիկական համալսարանի «Քիմիայի և շրջակա միջավայրի ճարտարագիտություն» դեպարտամենտի պրոֆեսոր Պետրոս Գիկասի հետ ևս քննարկվել են երկու համալսարանների միջև ուսումնական և գիտական սերտ համագործակցության հարցը։ «Էրասմուս+» նախագծի շրջանակում պրոֆեսոր Պետրոս Գիկասն իր գործընկերոջ հետ մյուս տարի կայցելի ՀԱՊՀ՝ հետամուտ լինելով երկու համալսարանների միջև համագործակցության խորացմանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Հարթակներով տրորման» տեխնոլոգիայով ստացված բավականին էժան և որակյալ գրաֆենի շերտերը և փոշին փորձարկել իր ղեկավարած լաբորատորիայում և պոմպակայաններում իրականացվող ջրի զտման համար։ Ներկայումս նրանք ջրի զտման համար կիրառում են ոչ արդիական տեխնոլոգիաներ, որոնք կարիք ունեն արդիականացման։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ գտնել խնդրի արդյունավետ լուծման ուղիներ և քննարկել դրանց իրականացման հնարավորությունները։ Սպասված արդյունքները կարող են դառնալ նոր խոստումնալից համագործակցության սկիզբ։

«Էրասմուս+» ծրագրերի համակարգող Մարկոս Նտուկակիսը գիտական համագործակցության շարունակականության նպատակով առաջարկեց ընդլայնել ՀԱՊՀ–ի համագործակցությունը Կրետեի տեխնիկական համալսարանի հետ համագործակցող ավելի քան 20 հաստատություններից որևէ մեկի հետ, ինչպես օրինակ՝ Վաթերլոյի համալսարանի (Կանադա), Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի, Չիլիի համալսարանի, Տեխնոլոգիայի ազգային ինստիտուտի (Ջամշեդփուր, Հնդկաստան), Օքլենդի համալսարանի (Նոր Զելանդիա), Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ), Տեխնիոնի տեխնոլոգիական ինստիտուտի (Հայֆա, Իսրայել), Տոյամա պրեֆեկտուրալ համալսարանի (Ճապոնիա), Հանրապետական համալսարանի (Ուրուգվայ), Ռայթի պետական համալսարանի (ԱՄՆ)՝ նպատակ ունենալով «Հարթակներով տրորման» տեխնոլոգիայի նոր կիրառութուններ գտնելու ակնկալիքով։ Այդ նպատակով պրոֆեսորներ Շմավոնյանը և Գիկասը կդիմեն հետաքրքրություն ներկայացնող հաստատությունների՝ համաձայնեցնելով նաև ՀԱՊՀ համալսարանի ղեկավարության հետ։

Պրոֆեսոր Գիկասի հետ մեկ այլ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առավել ընդլայնել համագործակցության ոլորտը՝ նպաստելով հույն և հայ գիտնականների միջև ակադեմիական համագործակցության և փոխանակման ձևավորմանը և խորացմանը։

Առաջին միջազգային «Կայուն քիմիական և բնապահպանական ճարտարագիտություն» գիտաժողովի կազմակերպիչ պրոֆեսոր Գիկասը Շմավոնյանին և ՀԱՊՀ հետաքրքրված աշխատակիցներին հրավիրեց մասնակցելու 2022 թվականի օգոստոսի 31–ից սեպտեմբերի 4–ը Հունաստանի Կրետե կղզու Ռեթիմնո քաղաքում կայանալիք գիտաժողովին։

Գործուղման ընթացքում ստեղծվեցին գիտական հետազոտությունների իրականացման նախադրյալներ և ձեռք բերվեցին նախնական պայանավորվածություններ՝ դիմել միջազգային դրամաշնորհի, իրականացնել ասպիրանտի կամ հետազոտական աշխատանքի համատեղ ղեկավարում և համատեղ կիրառել ստացված գիտական արդյունքները։ Արդյունքներն ամփոփելուց հետո հույն գործընկերների հետ ակնկալվում է հրատարակել համատեղ գիտական հոդվածներ և գիտաժողովների նյութեր։ Գործուղումը նպաստեց ոչ միայն նոր համագործացկության ստեղծմանը, այլև խթանեց «Հարթակներով տրորման» տեխնոլոգիայով ստացված երկչափ նյութերի կիրառման ոլորտների ընդլայնմանը։