ՀԱՊՀ ռեկտոր․ «Գաղափարն ունի ուժ, եթե կյանքում այն իրականություն է դառնում»։ Հայտնի է «The Power of Idea 2» ծրագրի լավագույն գաղափարը

ՀԱՊՀ ռեկտոր․ «Գաղափարն ունի ուժ, եթե կյանքում այն իրականություն է դառնում»։ Հայտնի է «The Power of Idea 2» ծրագրի լավագույն գաղափարը

«The Power of Idea 2» ծրագիրը նպատակ ունի ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտա համախմբել գաղափարակից ուսանողներին, ովքեր կբարձրաձայնեն իրենց առնչվող խնդիրները և միասին կգտնեն դրանց լուծումները:

Օրակարգի շրջանակներում խոսնակների թեմաներն էին. «Մենք»-ի գիտակցում, կամ «Պետությունը ես եմ»: Ելույթում անդրադարձ կատարվեց ուսանողական կյանքի սխալներին և բարձրաձայնվեց, թե ինչպես կարելի է արդյունավետ կառավարել ժամանակը:

Եռօրյա ծրագրի ավարտին, լավագույն գաղափարի համար մրցանակը տրվեց «Մի քանի հոգի» թիմին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը անձամբ հանձնեց մրցանակը հաղթող ուսանողներին:  Շնորհավորելով ուսանողական խորհրդին և ուսանողներին, ռեկտորն ընդգծեց, որ գաղափարների գեներացումը խիստ հրամայական է ապագայի համալսարանի կառուցման ճանապարհին: Գոռ Վարդանյանը նշեց՝ գաղափարն ունի ուժ, եթե կյանքում այն իրականություն է դառնում:

«Ես իմ պատրաստակամություն եմ հայտնում ուսանողական խորհրդի հետ միասին առաջիկայում հանդիպել, ունենալ մտքերի փոխանակում, որպեսզի այս միջոցառումը չկրի զուտ ֆորմալ բնույթ: Յուրաքանչյուրիցս է կախված՝ արդյո՞ք գաղափարները կդառնան իրականություն, թե ոչ»,– Գոռ Վարդանյանի դիտարկումն էր:

Անմիջական զրույցի ընթացքում ռեկտորը վստահեցրեց համալսարանի պատրաստակամության մասին գաղափարներն իրականացնելու ճանապարհին:

«Ձեր դերը մեր ծրագրերի բարեփոխումների ընթացքում շատ առանձնահատուկ է և ցանկությունս է, որ այս միջոցառումը չլինի ընթացիկ և հերթապահ միջոցառում, այլ լինի բովանդակություն ստեղծող ծրագիր: Ուրախ եմ, որ պոլիտեխնիկական համալսարանը ձեզ պես հրաշալի ժամանակակից մտածելակերպով ուսանողներ ունի: Համալսարանի ղեկավարությունը միշտ ձեր կողքին է՝ լինի ուսումնական, թե անձնական խնդիր: Մենք պատրաստ ենք ցանկացած դժվարությանը ուղիղ առերեսվել»-ասաց ռեկտորը:

Ուսանողական խորհրդի նախագահի հետ քննարկումից հետո Գոռ Վարդանյանը հայտարարեց, որ հաղթող թիմին միայն հավաստագիր տալը բավարար չէ: Ռեկտորը հայտարարեց, որ համալսարանի ղեկավարությունը ռեկտորատի նիստում կքննարկի թիմի անդամներին անվական կրթաթոշակով պարգևատրելու հարցը:

«The Power of Idea » հասարակական նախագծերի կառավարման վերապատրաստման ծրագիրը  ՀԱՊՀ ՈՒսանողական խորհուրդը կազմակերպում է երկրորդ անգամ։ Երկու հարյուրից ավելի ուսանող արդեն մասնակցել է միջոցառմանը։