Հարգանքի տուրք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված պոլիտեխնիկցի հերոսների հիշատակին

Հարգանքի տուրք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված պոլիտեխնիկցի հերոսների հիշատակին

2021թ․ սեպտեմբերի 27-ին Պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված պոլիտեխնիկցի քաջորդիների հիշատակին։ Միջոցառումը կազմակերպել էր ՀԱՊՀ Ուսանողական խորհուրդը։ Ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ Մարինկա Բաղդասարյանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների սպասարկման գծով պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, զոհվածների ծնողները, հարազատները, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչները, բուհի աշխատակիցները։

Մինչ միջոցառման մեկնարկը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։

Միջոցառումը սկսվեց Ուսանողական խորհրդի «Երախտագիտության մեդալ»-ների հանձնման արարողությամբ։ ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը «Երախտագիտության մեդալ»-ներ հանձնեց 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած պոլիտեխնիկիցների հարզատներին։

Ռեկտորը, անհատապես հիշելով հերոս տղաների անցած ուղին, փառքն ու վաստակը հայրենիքի նկատմամբ, իր վշտակցությունը հայտնեց Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած պոլիտեխնիկցիների ծնողներին ու հարազատներին.  «Այսօր լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցը։ Այս պատերազմի կորուստը աննկարագրելի է, որովհետև կորուստը արտահայտվում է մեր հզոր սերնդի կյանքի գնով։ Այդ երիտասարդները պետք է լինեին մեր երկրի ապագան, ովքեր պետք է կառուցեին մեր երկիրը ու նրա անվտանգային համակարգը։ Ցավոք, այդ ապագան խոցվեց դաժան պատերազմով, այդ ապագան ունեցավ անդառնալի կորուստ մեր երիտասարդների դեմքով։ Պոլիտեխնիկն այդ կորստի մեջ ունեցավ իր բաժինը։ Այսօրվա միջոցառման միջոցով Պոլիտեխնիկական համալսարանը փորձում է ընդգծել, գնահատել, իր երախտագիտության խոսքը հայտնել մեր ընկած հերոսների ծնողներին ու հարազատներին և այս վերաբերմունքը լինելու է շարունակական։ Մենք քննարկում ենք համալսարանում ստեղծելու Արցախյան 44-օրյա պատերազմում ընկած հերոսներին նվիրված հուշանկյուն»։

Ռեկտորի խոսքով՝ հերոսների հիշատակը միշտ վառ է մնալու բոլորի սրտերում։ Նրանք պայքարել և իրենց կյանքը չեն խնայել հանուն վաղվա գեղեցիկ ապագայի և բարօրության, այդ պատճառով պետք է սերունդները ջանք ու եռանդ չխնայեն հերոսների սխրանքներն  ու փառքի ճանապարհը գնահատելու և պահելու համար։ Պոլիտեխնիկի ուսանողները պետք է ջանան արժանի հետնորդներ լինել քաջարի զինվորներին և հետագայում արդարացնել նրանց հույսերն ու ապացուցել, որ հերոսի կյանքի գինը ամենամեծն էր պետության ու պետականության զարգացման գործում։

Ներկաներին իր վշտակցությունը հայտնեց նաև ՈւԽ նախագահ Գ․ Հարությունյանը։ «Մեկ տարի առաջ  այս օրը մենք դժգոհում ու բողոքում էինք կենցաղային ու առօրյա խնդիրներից, չգնահատելով այն իրական խնդիրները, որոնք պետք է գային սեպտեմբերի 27-ից հետո։ Ես կարծում եմ, որ  ոչ մի հայ երբեք չի մոռանա այս 44 օրերը»,-նշեց նա։ Գ․ Հարությունյանի խոսքով մեր հերոսները կենաց-մահու կռիվ տվեցին՝ անմնացորդ ծառայելով հայրենիքին և զոհաբերելով ամենաթանկը՝ իրենց կյանքը: Եվ իսկապես, իրենց սխրանքներով նրանք աշխարհին ապացուցեցին հայի արժանապատիվ տեսակը, այս հողի վրա ապրելու և արարելու արդարացի իրավունքը:

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված 67 պոլիտեխնիկցի ուսանող, հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ցուցաբերած բացառիկ նվիրվածություն և քաջության համար, հետմահում պարգևատրվել է Ուսանողական խորհրդի «Երախտագիտության մեդալ»-ով։