Մեծանուն գիտնական Մարատ Ավետիսի Մուրադյանի հիշատակին

Մեծանուն գիտնական Մարատ Ավետիսի Մուրադյանի հիշատակին

2021 թվականի դեկտեմբերի 28-ին կյանքից հեռացել է Բժշկական կիբեռնետիկայի բաժնի ղեկավար, Միկրոէլեկտրոնիկայի ամբիոնից դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Մարատ Ավետիսի Մուրադյանը՝ մեծանուն գիտնական, սիրված դասախոս, ազնիվ և արդար մարդ՝ այդպիսին կմնա նա մեր սրտերում…

Դժվար է թերագնահատել Մ. Մուրադյանի ավանդը ՀՀ և ԽՍՀՄ գիտության և արդյունաբերության գործում: Զուր չէ, որ նրան անվանում էին գաղափարների գեներատոր:

Հետազոտող և գյուտարար Մարատ Մուրադյանը սկսեց դասախոսել արդեն բավականին հասուն տարիքում՝ հասցնելով կուտակել ինչպես ճարտարագետի, այնպես էլ ղեկավարի հարուստ փորձ: Անմնացորդ նվիրված լինելով իր մասնագիտությանը՝ նա ոչ միայն ստեղծում էր գաղափարներ, այլև կիսվում դրանցով իր ուսանողների և գործընկերների հետ: Դասախոսի իր առաքելությունը նա տեսնում էր երիտասարդ սերունդներին մտածել սովորեցնելու, դեպի գիտական միտք ուղղորդելու մեջ: Անկեղծորեն հպարտանում էր իր հարազատ Պոլիտեխնիկով, քանի  որ այստեղ սովորեցնում են մտածել, ձևակերպել հստակ խնդիրներ և հասնել դրանց լուծմանը:

ԵրՊի-ն ավարտելուց և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում մի քանի տարի աշխատելուց հետո Մ․ Մուրադյանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ տասը տարի շարունակ աշխատել է  պաշտպանական համակարգի գաղտնի հաստատություններում, 113 և 2435 «փոստային արկղերում», ինչպես նաև Ռադիոէլեկտրոնիկայի համամիութենական ինստիտուտում: Իր բացառիկ հետազոտությունների և ԽՍՀՄ պաշտպանունակության գործում նշանակալի ավանդի համար արժանացել է Խորհրդային Միության պաշտպանության նախարարի շնորհակալագրին: Բացի այդ՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ա. Ն. Կոսիգինի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն՝ ներկայացվել է Լենինյան մրցանակի՝ գիտության և տեխնիկայի ոլորտում նոր հորիզոններ բացող իր հետազոտությունների համար:

60-ական թվականների վերջում Մարատ Մուրադյանը նշանակվում է միութենական նշանակության Միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ճարտարագետի պաշտոնում: Երիտասարդ գիտնականը վերադառնում է Երևան՝ զարգացնելու միկրոէլեկտրոնիկան Հայաստանում: Մուրադյանի մասնագիտական որակները բարձր են  գնահատվել նաև ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարար Բ. Գ. Կոլեսնիկովը:

Երկար տարիների ընթացքում պարոն Մուրադյանը եղել է Հանրապետական քննական հանձնաժողովի նախագահ: 90-ականների սկզբից ամբողջությամբ կենտրոնացել է Պոլիտեխնիկական համալսարանում դասախոսական աշխատանքի վրա և կարճ ժամանակ անց միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում հիմնել է «Բժշկական կիբեռնետիկա» մասնագիտությունը:

Ունենալով բժշկական համակարգերի մշակման մեծ փորձ՝ Պոլիտեխնիկում իրականացվող «ԻՆՏԱՍ» ծրագրի շրջանակներում ստեղծել է գրպանային կարդիոգրաֆ՝ բացառիկ տեխնիկական նկարագրեր ունեցող բժշկական սարք, որն ունակ էր հիշել մոտ 500 հազար մարդու սրտի աշխատանքի տվյալները:

Լինել ուշադիր մարդկանց նկատմամբ, ներթափանցել նրանց հոգու խորքը, փորձել հասկանալ ինչ է կատարվում  նրանց սրտերում. այս ամենը Մարատ Մուրադյանի բնավորության անբաժան մասն էր…

2019 թվականին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ միասին ականավոր գիտնականը ստեղծեց ևս մի բացառիկ բժշկական սարքավորում՝ դիֆրագմոգրաֆը: Մ. Ա. Մուրադյանը ստեղծել է բժշկական սարքավորումների գիտաարտադրական «ՄԱՄ» լաբորատորիան,որտեղ կատարելագործվել են կարդիոգրաֆի և դիաֆրագմոգրաֆի նմուշները և պլանավորվում էր դրանց արտադրանքը:

2000-ականների սկզբում՝ Օհայոյի (ԱՄՆ) համալսարանում սիմվոլների և պատկերների ճանաչման նորագույն տեխնոլոգիաները ուսումնասիրելուց հետո, Մարատ Մուրադյանը Մ. Օհանյանի՝ ավտոմատացված իդենտիֆիկացման ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Ինտերմեկ» ընկերության նախկին նախագահի  աջակցությամբ հիմնել է Շտրիխ-կոդավորման և ավտոմատացված իդենտիֆիկացման լաբորատորիան: Լաբորատորիայում կազմակերպել է կուրսեր, իսկ մեկ տարի անց հիմնել է նաև «Շտրիխ-կոդավորում և ավտոմատացված իդենտիֆիկացում» մասնագիտությունը: Կատարված աշխատանքների համար Մ․ Մուրադյանը արժանացել է AIDC 100 (Automatic Identification and Data Capture) համաշխարհային կազմակերպության շնորհակալագրի: Ուսուցանելով շտրիխ-կոդավորման հիմունքները՝ նա կոչ էր անում երիտասարդ սերնդին սովորել սևի և սպիտակի հաջորդականության մեջ տեղեկատվություն տեսնել…

Մարատ Մուրադյանը արտերկրում աշխատելու բազմաթիվ հրավերներ էր ստանում, սակայն հավատացած էր, որ միակ ճիշտ տարբերակնը Հայաստանում ապրել և արարելն է…

Խիզախ, արդար, սկզբունքային մարդ լինելով՝ նա միշտ պայքարում էր հանուն իր գաղափարների և երբեք չէր շեղվում իր դավանած սկզբունքներից:

Ուսանողներին Մարատ Մուրադյանը հայրաբար էր վերաբերվում, աջակցում էր նրանց ճարտարագիտական գաղափարների իրագործման գործում՝ մշտապես օգնության հասնելով բոլորին, ովքեր ունեին դրա կարիքը:

Պարոն Մուրադյանն անում էր ամեն ինչ՝ երիտասարդների մեջ դեպի ճանաչելը, ստեղծելը, արարելը սեր արթնացնելու համար, առատորեն կիսվում էր գիտելիքներով՝ ստեղծելով, ինչպես ասում էր Հ. Օրբելին, «իր էության ալֆան և օմեգան»: