Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստին

Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստին

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներկայացուցիչներ։

Նիստին մասնակցել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։

Նիստը վարել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման օրակարգում ներառված էր շուրջ 20 հարց։ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 2020 թ. հոկտեմբերի 21-ի նիստի որոշումների կատարման մասին զեկուցել է խորհրդի քարտուղարության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։ Նա իր զեկուցման մեջ անդրադարձավ խորհրդի որոշումների կատարման, կրթության բնագավառում պետությունների համագործակցության մասին հարցերի։

Նիստի ընթացքում քննարկվել են հումանիտար և սոցիալ-տնտեսական, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտներում կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղություններով ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունների գործունեության և զարգացման հեռանկարները։ Խորհուրդը դրական է գնահատել բազային կազմակերպությունների գործունեությունը և առաջարկել է աջակցել վերոնշյալ ոլորտներում ուսանողական օլիմպիադաների ու մրցույթների, կրթական ծրագրերի խթանման նպատակով միջոցառումների անցկացմանը, ԱՊՀ տարածքում ուսանողների և գիտամանկավարժական աշխատողների փոխանակմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների համալսարանների միջև համագործակցության ընդլայնմանը։ Քննարկվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպության ստեղծման հարցը` բարձր որակավորում ունեցող լրագրողների պատրաստման և վերապատրաստման նպատակով։

Հաջորդ հարցերը վերաբերել են ԱՊՀ տարածքում բարձրագույն կրթության որակի ապահովման առումով միասնական չափանիշների մշակման առաջարկին, ինչպես նաև մանկավարժական վարպետության միջազգային փառատոնի անցկացմանը։

Նիստը իր աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 8-ին։