Աշոտ Ասլանյան

Գլխավոր / Աշոտ Ասլանյան

Աշոտ Ասլանյան

ԵրՊի Ռեկտոր (1965-1966)

Աշոտ Տիգրանի Ասլանյան (փետրվարի 7, 1919, Իջևան, Հայկական ԽՍՀ – մարտի 17, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1965), ակադեմիկոս (1986), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ գիտության վաստկավոր գործիչ (1961)։

Ծնվել է փետրվարի 7-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան քաղաք)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Աշխատել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում (1944-1955 թվականներ), ապա ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի երկրաբանական վարչությունում որպես գլխավոր ինժեներ (1954-1961 թվականներ) և պետ (1961-1965 թվականներ)։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, 1966 թվականից եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար։ Ասլանյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Պոլիտեխնիկական ինստիտուտում (1950 թվականից)։ Հեղինակ է տնտեսական և գործնական նշանակություն ունեցող աշխատությունների, որոնք հիմնված են առավելապես ճշգրիտ գիտությունների հետազոտման աքսիոմատիկ մեթոդի վրա։ Աշխատություններում լուսաբանված են ՀԽՍՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոների տեղաբաշխման օրինաչափությունները, ինչպես նաև երկրաբանության ե երկրաֆիզիկայի ընդհանուր տեսական հարցերը։ 1968 թվականից եղել է Հայկական երկրաբանական ընկերության նախագահ, 1970 թվականից՝ Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ 7-րդ և 8-րդ գումարումների Գերագույն Սովետի դեպուտատ։ 2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով։ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում կազմակերպվել է Ասլանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ժանամակավոր ցուցադրություն։