ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված 2-րդ համառուսական կոնֆերանսին

ՀԱՊՀ ներկայացուցիչները մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված 2-րդ համառուսական կոնֆերանսին

2021թ. մայիսի 12-14-ը Տամբովի պետական տեխնիկական համալսարանում կայացավ «Պատժամիջոցների և համաշխարհային մարտահրավերների սպառնալիքների համատեքստում տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ուսումնասիրություն» խորագիրը կրող ամենամյա համառուսական գիտագործնական կոնֆերանսը։

Այս տարի այն խորհրդանշական էր. նվիրված էր 1941-1945թթ․ Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի 76-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում էին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները՝ միջոցառման համակարգող, տնտ․ գ․ թ․, դոցենտ, Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում սեկտորի վարիչ Սառա Մկրտչյանի գլխավորությամբ։

Գիտաժողովի հանդիսավոր բացմանը իր ողջույնի խոսքն էր հղել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։

Մայիսի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից «Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշների միտումները գոյություն ունեցող սպառնալիքների պայմաններում» թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ տնտ․ գ․ թ․, դոցենտ, Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում սեկտորի վարիչ Սառա Մկրտչյանը։

Մայիսի 13-ին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Ալբերտ Ֆրանգուլյանը։

Պոլիտեխնիկական համալսարանից գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին Լեռնահանքային արդյունաբերության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դասախոս և ասպիրանտ Հասմիկ  Հովհաննիսյանը, տնտեսական գիտությունների թեկնածու, էներգետիկ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Ելենա Պետրոսյանը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ասիստենտ Լիանա  Ալավերդյանը, էներգետիկ տնտեսագիտության ամբիոնի դասախոս Նարինե Խալաթյանը։ Երկրի կայուն զարգացման ուղղությունների վերաբերյալ հետաքրքիր զեկույցով հանդես եկան էներգետիկ տնտեսագիտության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Նանե Ալեքսանյանը և Սուսաննա Մկրտիչյանը։

Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների աշխատանքների որակը և ողջունեցին ուսանողների մասնակցությունը միջազգային գիտաժողովին: