Ավարտվեց «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսը

Ավարտվեց «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսը

Հուլիսի 2-ին ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած «Beengineer-2021» երկօրյա միջբուհական, ուսանողական գիտական կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Ուսանողական խորհրդի կողմից հավաստագրեր հանձնվեցին գիտաժողովի մասնակիցներին:

Շնորհակալություն հայտնելով գործընկեր բուհերի ուսանողներին և գիտաժողովի մասնակիցներին` Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, իր գոհունակությունը հայտնեց ընթացքից։ «Նախ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել կազմկոմիտեի անդամներին և բոլոր բուհերի ուսանողներին իրենց մասնակցությունն ու հետաքրքրությունը ցուցաբերելու համար։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին տեխնոլոգիական բուհի հետ շարունակական համագործակցության պատրաստակամության համար։ Գովելի է այն փաստը, որ ինստիտուտի ուսանողները չորս տարի անցնելով ծառայություն, ստանձնում են մեր հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը, միաժամանակ ակտիվ ներգրաված լինելով գիտական ոլորտում։»,-նշեց Գ․Հարությունյանը։ Ուսանողական խորհրդի նախագահի խոսքով գիտական կոնֆերանսը մի հարթակ է, որտեղ տարբեր կուրսի ուսանողները հնարավորություն են ունենում խոսել գիտական ոլորտում իրենց հետաքրքրությունների և մոտեցումների մասին։

Կարևորելով գիտաժողովի նշանակությունը` Գիտաժողովի  կազմկոմիտեի անդամ, Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտության ամբիոնի դասախոս Վարդան Պետրոսյանը, ընդգծեց միջբուհական գործակցության անհրաժեշտությունը նաև ուսանողական գիտաժողովների ձևաչափով, ինչին, նրա խոսքով, միտված էր նաև այս կոնֆերասնը։ «Իմ գնահատականը գիտաժողովի անցկացման վերաբերյալ միանշանակ դրական է, կարծում եմ, որ պարբերականությունը պետք է ավելի հաճախակի դարձնել, որովհետև դա հնարավորություն է տալիս ոչ միայն Պոլիտեխնիկի ուսանողներին, այլև մյուս մասնակից բուհերի ուսանողներին ծանոթանալ միմյանց հետ, տեղեկանալ նոր գաղափարների մասին։ Դա նաև ոչ ֆորմալ պայմաններում ինքնադրսևորման և ինքնակայացման խնդիր է լուծում։ Ինչ վերաբերվում է հանձնաժողովին, ապա վստահաբար կարող եմ ասել, որ մեր կողմից կատարվում է հնարվոր ամենը, ուսանողներին ճիշտ խորհուրդներ տալու համար։ Բացի այդ մեզ համար էլ է շատ հետաքրքիր, քանի որ ծանոթանում ենք բազմաթիվ նոր գաղափարների հետ։», – նշեց Վ․ Պետրոսյանը։

«BeEngineer» ուսանողական գիտաժողովը իր բնույթով համալսարանի ուսանողական-գիտական համայնքի ձեռքբերումների և տեխնոլոգիական նվաճումների մասին յուրահատուկ հաշվետվություն է, որտեղ հանձնաժողովի կողմից հավանություն արժանացած հոդվածները տպագրվում են ուսանողական գիտական ամսագրում։