«Հայրենական մեծ պատերազմ». հայկական սխրանքների հերոսական մանրապատում

«Հայրենական մեծ պատերազմ». հայկական սխրանքների հերոսական մանրապատում

Գերմանա-խորհրդային պատերազմն ավարտվեց ֆաշիզմի դեմ լիակատար հաղթանակով։ Խորհրդային Միությունը պաշտպանեց իր ազատությունն ու անկախությունը, ամրապնդեց իր սահմանների անվտանգությունը։ Ֆաշիստական լծից ազատագրվեցին և ազգային անկախություն ձեռք բերեցին Եվրոպայի շատ ժողովուրդներ, այդ թվում գերմանացիները։ Ֆաշիզմի դեմ հաղթանակը հեղափոխական բուռն վերելք առաջ բերեց աշխարհի բոլոր մասերում, իմպերիալիզմի և սոցիալիզմի ուժերի հարաբերակցությունը փոխվեց հօգուտ վերջինի, Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, ստեղծվեց սոցիալիզմի համաշխարհային սիստեմը։ Նոր աստիճանի բարձրացավ ազգային ազատագրական պայքարը, որը հանգեցրեց իմպերիալիզմի գաղութային սիստեմի փլուզմանը։ Կապիտալիստական երկրներում ուժեղացավ բանվորական և կոմունիստական շարժումը։

Գերմանա-խորհրդային պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր․ պատերազմում զոհվեց ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմեց 2569 մլրդ ռուբլի։

Խորհրդային Միության ժողովուրդներն ու նրա զինված ուժերը վճռական դեր խաղացին երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական ավարտի գործում, համարյա 4 տարի շարունակ սովետագերմանական ճակատում խորհրդային զորքերի դեմ միաժամանակ գործում էր հակառակորդի 190-ից մինչև 270 դիվիզիա։ Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունն ուներ՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում էր ներառում նաև «Հայաստանի կոմիսարիատը»։

Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Նացիստական Գերմանիան իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։ Ռուս-թուրքական հարաբերությունները, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, արդեն իսկ հակամարտությունների երկար պատմություն ունեին։ Չնայած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման տարիներին ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը, պատերազմի նախօրեին դրանք կրկին վատթարացան։ Պատերազմի նախօրյակին Թուրքիան բարեկամության պայմանագիր ստորագրեց Երրորդ ռայխի հետ և սկսեց քրոմի հումք մատակարարել վերջինիս։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։

Գերմանիա-խորհրդային պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։

1941-43 թվականներին ռազմաճակատ մեկնեց 20 հազար կուսակցական, ինչպես նաև 70 հազար կոմերիտական (20 հազարից ավելին՝ կամավոր)։ Կենսագործելով ԽՍՀՄ ԺԿԽ և ՀամԿ(բ)Կ ԿԿ 1941 թվականի հունիսի 29-ի ցուցումը, հանրապետության կուսակցական կազմակերպությունը (ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, Անդրկովկասյան ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ Գրիգոր Հարությունյան) գլխավորեց Հայաստանի ժողովրդական տնտեսությունը ռազմական ուղու վրա փոխադրելու բոլոր աշխատանքները։ Հերոսաբար մարտնչելով տարբեր ռազմաճակատներում, հայ ժողովրդի զավակները իրենց արժանի ներդրումը կատարեցին թշնամու ջախջախման գործում։ 1941 թվականի վերջին Խորհրդային կառավարությունն ընդունեց որոշում երկրի ռազմական ուժերի կազմում ազգային միավորումներ ստեղծելու մասին։ Հանրապետության կուսակցական և խորհրդային մարմինները մեծ աշխատանք ծավալեցին հայկական ազգային զորամիավորումներ ձևավորելու, նրանց անձնակազմը համալրելու, զինվորական հանդերձանքով, զենքով ապահովելու համար։ Հանրապետությունը ակտիվորեն մասնակցեց նաև Հայաստանի տարածքում գտնվող այլ զինվորական միավորումների կոմպլեկտավորմանը։

Փառավոր մարտական ուղի անցան 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ գվարդիական), 408-րդ, 409-րդ, 390-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները մասնակցեցին Կովկասի, Ղրիմի պաշտպանության, խորհրդային երկրի և Արևելյան Եվրոպայի բազում ժողովուրդների ազատագրման մարտերին։ 89-րդ Հայկական դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Բեռլինում, 409-րդը՝ Չեխոսլովակիայում։ Գերմանա-խորհրդային պատերազմի բոլոր հիմնական ճակատամարտերում՝ Մոսկվայի և Լենինգրադի, Օդեսայի և Սևաստոպոլի, Կովկասի պաշտպանության, Վոլգայի և Կուրսկի աղեղի, պատերազմի ավարտական և Հեռավոր Արևելքում ճապոնական իմպերիալիստների դեմ մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի զավակները։ Նրանցից 103-ն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման (օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոս), 23 հայ զինվոր դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ, ավելի քան 70 հազարը պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Խորհրդային Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 հայ գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Նրանց շարքում էին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը (հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս, ռազմաճակատի հրամանատար), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Ա․ Խանֆերյանց), Համազասպ Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Միքայել ՊարսեղովըՍերգեյ ԳալաջևըՍարգիս Մարտիրոսյանը, Իվան Վեքիլովը, Հայկ ՄարտիրոսյանըՆվեր ՍաֆարյանըՍերգեյ ԿարապետյանըՀայկ ԹումանյանըԲագրատ Առուշանյանը և ուրիշներ։ Թիկունքի և ռազմաճակատի կապի ամրապնդման և զինվորների գաղափարական-հայրենասիրական դաստիարակության տեսակետից մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի նամակը (1943 թվականին)՝ ուղղված ռազմաճակատում մարտնչող իր զավակներին։ Այն ստորագրել էին հանրապետության ավելի քան 335 հազար աշխատավորներ։

Հայ ժողովրդի զավակները ակտիվորեն մասնակցեցին նաև ֆաշիստական զավթիչների ժամանակավորապես օկուպացված տարածքներում (մասնավորապես ԲելառուսիայումՈւկրաինայումՀյուսիսային ԿովկասումՂրիմում, Լենինգրադի մարզում) ծավալված պարտիզանական շարժմանը (Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատ, «Հաղթանակ» ջոկատ, Քառասունմեկերորդ պարտիզանական ջոկատ)։ Բազմաթիվ հայ մարտիկներ գործեցին հակաֆաշիստական ընդհատակյա տարբեր կազմակերպություններում (Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» և այլն)։

Ֆաշիստական գերությունից փախած հայ ռազմագերիները մասնակցեցին ՖրանսիայիԻտալիայիՀունաստանիՉեխոսլովակիայիՀարավսլավիայիԲուլղարիայիԼեհաստանի և այլ երկրների Դիմադրության շարժմանը։ Արտասահմանում ապրող հայ առաջադեմ ուժերը ջերմորեն արձագանքեցին Խորհրդային Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների 1941 թվականի օգոստոսի դիմումին, որը կոչ էր անում արտասահմանի հայերին իրենց ուժերը միավորել ֆաշիզմի դեմ մղվող պայքարի համար։ Հայկական գաղութներում ձևավորվեցին բազմաթիվ առաջադիմական կազմակերպություններ, որոնք լայն աշխատանք ծավալեցին խորհրդային զինված ուժերին օգնություն ցույց տալու և Խորհրդային Հայաստանի հետ ամուր կապեր հաստատելու ուղղությամբ։ 1943-44 թվականներին միջոցներ հանգանակեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կառուցման համար։ Սփյուռքահայերի զգալի մասը ակտիվորեն մասնակցեց Դիմադրության շարժմանը (Միսաք Մանուշյանի ջոկատը Ֆրանսիայում, «Ազատություն» հայկական պարտիզանական ջոկատը Հունաստանում և այլն)։