Տեղի կունենա Պոլիտեխնիկական համալսարանի «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը

Տեղի կունենա Պոլիտեխնիկական համալսարանի «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը

30 սեպտեմբեր, 2021, Ժամը 9։45-ին
ՀԱՊՀ 5-րդ մասնաշենքի 3-րդ հարկում,
Տերյան 105, ք․Երևան, ՀՀ

Հայաստանի ԳԱԱ-ի հետ համատեղ անցկացվող հերթական CSIT-2021 միջազգային գիտական կոնֆերանսի ծրագրով նախատեսված աշխատաժողովի շրջանակներում կկայանա քոմփյութերային գիտություններին և տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված ՀԱՊՀ Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի (ՏՀՏևԷ) ինստիտուտի «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի պաշտոնական բացումը:

Կենտրոնը ստեղծվել է Եվրամիության Erasmus+ KA2 ծրագրի` ՀԱՊՀ-ում իրականացվող «Գիտության ոլորտում դոկտորական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը» (MODEST) և «Ակադեմիա-արդյունաբերություն հետազոտական դաշինքների խթանումը նորարարական համագործակցային բաց հարթակի միջոցով» (ALL4R&D) նախագծերի շրջանակներում՝ ի կատարումն ՀԱՊՀ Գիտական խորհրդի և Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշումների: Այն գալիս է համալրելու ՀԱՊՀ-ում վերջին տարիներին ստեղծված, միջազգային արդի չափանիշներին բավարարող, այնպիսի ուսումնահետազոտական ենթակառույցների շարքը, ինչպիսիք են՝ «Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաներ (ANEL)»-ը, «Միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոն»-ը, «Շնեյդեր էլեկտրիկ-Տաշիր-ՀԷՑ-ՀԱՊՀ գերազանցության կենտրոն»-ը, «Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն»-ը և այլն:

ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաների կենտրոն»-ը, հանդիսանալով կրթական բարեփոխումների և կրթության որակի բարելավման նպաստմանն ուղղված եվրոպական ծրագիր, ՀԱՊՀ-ի գրեթե երկուս ու կես տասնամյակ շարունակվող ակտիվ և արդյունավետ մասնակցության հերթական լավագույն արգասիքն է, որը կարևորում է համալսարանի ընդհանուր միջազգայնացման շրջանակներում համագործակցային երկարաժամկետ ու փոխշահավետ կապերի ձևավորումը թե՛ եվրոպական, թե՛ նախկին խորհրդային և թե՛ հայաստանյան առաջատար համալսարանների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Վերջիններիս շարքում մշտապես իր առանձնահատուկ դերակատարումը և ուրույն տեղն է ունեցել և առ այսօր ունի համալսարանի սերտ համագործակցությունը վերոնշյալ ծրագրերը համակարգող հայաստանյան կառույցների հետ, ներկայիս՝ «Erasmus+ ազգային գրասենյակը Հայաստանում»:

Նորաբաց կենտրոնը բաղկացած է ՏՀՏ կիրառական արդի խնդիրներին ծառայող հետևյալ 7 մասնագիտացված լաբորատորիաներից՝

  1. Մոդելավորման և թվային բովանդակության,
  2. Մոդուլային ուսուցման,
  3. Թիմային ուսուցման,
  4. Միջդիսցիպլինար ուսուցման,
  5. Բաց կոդով ծրագրային ապահովման,
  6. Մեքենայական ուսուցման,
  7. Կիբեռանվտանգության։

Լաբորատորիաները հագեցված լինելով 90-ից ավելի ժամանակակից քոմփյութերներով, անհրաժեշտ հարակից թվային բոլոր սարքերով և արագագործ ինտերնետ կապով՝ փայլուն աշխատանքային պայմաններ են ապահովում համապատասխան մասնագիտությունների բոլոր մակարդակների ուսանողների և ՀԱՊՀ դասախոսական կազմի համար ժամանակակից նորագույն մեթոդներով ոչ միայն ուսուցում և նպատակային վերապատրաստումներ կազմակերպելու, այլև արդյունաբերական մի շարք գործընկերների հետ համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար՝ ուսանողների և ՀԱՊՀ համապատասխան աշխատակիցների լայն ներգրավմամբ: