Պոլիտեխնիկը ամփոփեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար նախատեսված «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքը

Պոլիտեխնիկը ամփոփեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար նախատեսված «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքը

Նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքի ամփոփումը և հավաստագրերի հանձնումը, որի թիրախային խմբերն են 44-օրյա պատերազմի մասնակիցները, պատերազմից տուժած, Արցախից եկած ուսանողները և ներգաղթյալները:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հավաստագրերը հանձնեց ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ով կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը. «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հավատարիմ մնալով իր անվանը՝ շեշտադրում է «ազգային» մնալու գաղափարը և ստեղծում է հնարավորություններ ոչ միայն ՀԱՊՀ ուսանողների, այլ նաև մյուս բուհերի ուսանողների և հետաքրքրված շահառուների համար: Տարբեր ոլորտների շահառուների ու սերունդների գաղափարների և մտքերի համախմբումը նոր հետաքրքիր բիզնես լուծումների հիմք կդառնան»: Ռեկտորը հույս հայտնեց, որ նմանատիպ շարունակական բնույթ կրող դասընթացները կնպաստեն ստեղծարար մտքի և ձեռնարկատիրական մոտեցումների զարգացմանն ու տարածմանը:

Գոռ Վարդանյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

Ավարտին, ռեկտոր Գ. Վարդանյանը հավաստագրեր հանձնեց դասընթացի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նորարար գաղափարների իրականացում: Մասնակիցները ևս շնորհակալություն հայտնեցին ռեկտորին և կազմակերպիչներին նման բովանդակալից և հետաքրքիր դասընթաց կազմակերպելու համար, որը կնպաստի հետագայում իրենց կայացմանը՝ որպես ձեռնարկատեր:

Հնգօրյա դասընթացի նպատակն էր ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումներին և միջազգային տերմինաբանությանն այդ բնագավառում: Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, հմուտ դասընթացավար Սարգիս Ասատրյանցի շնորհիվ դասընթացի արդյունքում մասնակիցները ստացան ձեռներեցության, ձեռնարկատիրության, բիզնեսի մոդելավորման,  ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ: Դասընթացի ընթացում մասնակիցները ձևավորեցին 9 խումբ և ամբողջ ընթացքում նոր գիտելիքների հենքի վրա մոդելավորեցին իրենց բիզնես գաղափարները:

Նմանատիպ դասընթացներն ունենալու են շարունակական բնույթ և իրականացվելու են փուլերով: Հաջորդիվ նախատեսված է «Ստեղծիր ինքդ» յոթնօրյա անվճար դասընթացը, որը նույնպես հագեցած կլինի գործնական պարապմունքներով և կնախապատրաստի մասնակից խմբերին Creative Spark “Big Idea Challenge” (Ստեղծարար միտք «Մեծ գաղափարի մարտահրավեր») տեսահոլովակների մրցույթին: Սա երիտասարդների համար ևս մեկ քայլ է նորարարական «ստարտափ» մշակելու և աշխարհին այդ մասին պատմելու համատեքստում:

Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջև։