Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց Սևծովյան համալսարանների ցանցի կոնգրեսին

Պոլիտեխնիկական համալսարանը մասնակցեց Սևծովյան համալսարանների ցանցի կոնգրեսին

Հոկտեմբերի 13-15-ը Սևծովյան համալսարանների ցանցի «BSUN 2021» 14-րդ ամենամյա կոնգրեսը տեղի ունեցավ հիբրիդային եղանակով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Համաժողովին մասնակցեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի։ Սևծովյան համալսարանների ցանցի անդամ են 12 երկրների 100-ից ավելի համալսարաններ, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։

«BSUN 2021» 14-րդ համագումարը կրում էր «Համալսարանների դերը բարդ խնդիրների լուծման հարցում» խորագիրը։ Կոնգրեսի շրջանակներում գործընկեր համալսարաններին համախմբել էր բարդ մարտահրավերների լուծման մեջ համալսարանների դերը որոշելու հարցը: «21-րդ դարում կան բազմաթիվ բարդ մարտահրավերներ, որոնցից շատերն ամրագրված են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում և հենց դրա վրա էր դրված այս տարվա համագումարի շեշտը։ Այս բոլոր մարտահրավերներին դիմակայելու գործում բուհերն ունեն իրենց դերը»,- «Պոլիտեխնիկ» խմբագրության թղթակցի հետ զրույցում նշեց Ս․ Ասատրյանցը։

Այս տարվա համագումարը, որպես ուսումնասիրության առարկա ընտրել էր ջուրը։ Համաժողովի ընթացքում լսվեցին զեկույցներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են համալսարանների առաջնորդությունը հասարակությունում,  հանրային-մասնավոր համալսարանների գործընկերությունը, լուծումների վրա հիմնված համալսարանների դաշինքի ձևավորումը և այլն։

Համագումարին զեկույցներով հանդես եկան այնպիսի նշանավոր բանախոսներ, ինչպիսիք են Եվրոպական ակադեմիաների ֆեդերացիայի նախագահ, պրոֆեսոր Անտոնիո Լոպրենեն, Ստոկհոլմի համալսարանի ճկունության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Լայն Գորդոնը,  Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն և այլոք։

Ինչպես զրույցի ընթացքում նշեց Ս․ Ասատրյանցը համաժողովի նպատակն էր քննարկում իրականացնել Սևծովյան համալսարանների ցանցի անդամների միջև: Սևծովյան համալսարանների ցանցի և EU4Sevan նախագծի համատեղ ջանքերով համագումարի շրջանակներում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ նաև «Սևան» հաքաթոնը, որին մասնակցում էին Պոլիտեխնիկական համալսարանի ThreeSmart և «Պոլիտեխնիկ» թիմերը։ Մրցույթի առաջադրանքն էր ներկայացնել համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն բարելավելու Սևանի էկոլոգիական իրավիճակը, կլինեն հեռանկարային ու ապագայում կիրառելի: «Հաքաթոնը ենթադրում էր խնդրի լուծում տարբեր ուսանողական թիմերի կողմից, այն պահանջում էր պատրաստակամություն և ունակություն բազմամասնագիտական ​​թիմերում աշխատելու համար: Հպարտ եմ, որ ThreeSmart թիմի կողմից առաջարկված ջրի մոնիթորինգային ծրագիրը բարձր գնահատականի արժանացավ ժյուրիի կողմից, հաղթանակ բերեց թիմին և Պոլիտեխնիկական համալսարանին»,-նշեց Ս․ Ասատրյանցը։

Համագումարի ավարտին տեղի ունեցավ նոր նախագահի ընտրություն․ նախագահությունը ստանձնեց Ամերիկյան համալսարանի ռեկտոր Կարին Մարկիդեսը։