Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպումները շարունակվում են

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպումները շարունակվում են

ՀԱՊՀ ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի նախաձեռնած աշխատանքային հանդիպումները շարունակվում են։

Դեկտեմբերի 2-ին և 3-ին ռեկտորը հանդիպեց Էլեկտրոնային տեխնիկայի, Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի, Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնների անձնակազմերի հետ։

Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով ՀԱՊՀ պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Սիրանուշ Մանուկյանը, Էլեկտրոնային տեխնիկայի ամբիոնի վարիչ Գուրգեն Բարեղամյանը, Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի վարիչ Օլեգ Պետրոսյանը, Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի վարիչ Ռուբեն Վարդանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի վարիչ Սարգիս Սիմոնյանը և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Ռեկտորը ամբիոնների աշխատակազմերին ներկայացրեց  բուհի որդեգրած նոր քաղաքականության առանցքային ուղղությունները։ Խոսեց՝ կրթության, գիտության, ենթակառուցվածքների, էլեկտրոնային ռեսուրսների, շարունակական կրթության և այլ ոլորտներում նախատեսված փոփոխությունների մասին։

Գ․ Վարդանյանը մանրամասնորեն խոսեց նյութատեխնիկական բազայի ամրապնդման,             աշխատավարձային ֆոնդի նպատակային բարձրացման, նոր կրթական ծրագրերի  ներդրման, ֆինանսական աղբյուրների ընդլայնման,  օտարերկրացի ուսանողների թվի ավելացման և այլ հարցերի մասին։

Բուհի միջազգայնացման գործում զգալի հաջողությունների  հասնելու գործում, ռեկտորը կարևորեց բարձր որակավորում ունեցող և վերապատրաստված դասախոսների դերը։ Նա նշեց, որ մեծ թվով օտարազգի ուսանողների ներգրավելու համար, բուհը պատրաստ է դասախոսների վերապատրաստումն իրականացնել աշխարհի առաջատար համալսարաններում և դրա համար չի խնայվի ոչ մի միջոց։

Ռեկտորը խոսեց նաև Պելիտեխնիկի Շարունակական կրթության կենտրոնում  անգլերենի TOEFL միջազգային թեստավորում անցկացնելու իրավունքի ձեռքբերման մասին։

Պրոռեկտոր Ս․ Ասատրյանցը նշեց, որ բազում դրամաշնորհներ կան, որ սկսել են իրականացվել 2022 թվականի համար։ Առանձին ոլորտային զարգացումների գծով ամբիոնները կարևոր դեր ունեն և ցանկացած  նորարար գաղափար կամ կրթական ծրագիր կխրախուսվի և կհամակարգվի ղեկավարության կողմից։ Պրոռեկտորը առաջընթաց գրանցելու համար հորդորեց լինել ակտիվ։

Ի պատասխան Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի դասախոս Աշոտ Ասլանյանի հարցի, ռեկտորը մանրամասն խոսեց նաև Հանքավանի մարզաառողջարարական ճամբարի մասին, կարևորեց աշխատակիցների և ուսանողների առողջ ապրելակերպը։ Ըստ Գ․Վարդանյանի այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ ճամբարը նորովի ներկայացնելու համար։

Գ․ Վարդանյանի ներկայացրած ծրագրերը ողջունվեցին ամբիոնների աշխատակիցների կողմից, քննարկվող թեմաների վերաբերյալ եղան հարցեր և հնչեցին առաջարկություններ։