Համագործակցության պայմանագրի կնքում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև

Համագործակցության պայմանագրի կնքում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև

05 նոյեմբեր, 2021, Ժամը 11։00-ին
ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի
ուսումնահետազոտական կենտրոն,
Տերյան 105, ք․Երևան, ՀՀ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև 2021թ նոյեմբերի 5-ին տեղի կունենա համագործակցության պայմանագրի կնքման հանդիսավոր արարողություն։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արդեն տարիներ է ինչ գործում է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը, որը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:

Ըստ համագործակցության պայմանագրի զարգացվելու և վերազինվելու է ՀԱՊՀ-ում գործող օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիան, ինչպես նաև իրականացվելու է համատեղ ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Էական նշանակություն կունենան նաև տեղական և միջազգային գործընկերների, այդ թվում միջազգային հեղինակավոր համալսարանների հետ համագործակցությունը։

Համագործակցության պայմանագրով նախատեսվում է նաև լաբորատորիայում ներգրավվել բարձրակարգ տաղանդներ Հայաստանից և ամբողջ աշխարհից՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր, միջազգային գործընկերություններ, ռազմավարական ներգրավվածություններ և խորհրդատվական հարթակներ ստեղծելու համար:

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրման ու զարգացման, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ու երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային չափանիշներին հարիր սարքավորումներով ու գործիքամիջոցներով ինժեներական կառույց է։

 

«Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է աշխարհասփյուռ հայերի կողմից, նպատակ ունենալով վերակենդանացնել Հայաստանի գիտական նորարարական կարողությունները: Հիմնադրամի մինչ այժմ հավաքագրած միջոցները կօգտագործվեն լաբորատորիայի արդիականացման և նախատեսվող ծրագրերում շուրջ 20 գիտնականների ներգրավման համար: