Պոլիտեխնիկում շարունակվեց Քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Պոլիտեխնիկում շարունակվեց Քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շարունակվեց Քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռաֆֆի Քարամյանը,  Ուսումնամեթոդական վարչության պետ Գրիգոր Բաղրամյանը, դասախոսներ, ծնողներ, հյուրեր և ուսանողներ։

Մինչ միջոցառումը սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ Վերհիշեցին պատերազմի իրողությունները, մարտական գործողությունների ընթացքն ու հերոս քաջորդիների գործած սխրանքները:

Շրջանավարտներին ողջունեց, շնորհավորեց և հաջողություններ մաղթեց պրոռեկտոր Է․ Էլբակյանը․ «Ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ։ Ձեր ուսումնառության տարիների մի հատվածում ինքս եմ տնօրինել ՀԱՊՀ Քոլեջը և այդ ժամանակահատվածում, ինչպես նաև դրանից հետո, Քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որակյալ կրթություն փոխանցի ձեզ, ինչի համար դուք դիմել եք հենց Պոլիտեխնիկական համալսարանի Քոլեջ։ Այս առումով վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ձեզ տրվել են բավարար գիտելիքներ։ Ցանկանում եմ, որտեղ էլ շարունակեք ձեր մասնագիտական, կրթական ուսումնառությունը, լինեք հաջողակ»,- ասաց Է․ Էլբակյանը։

Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ռ․ Քարամյանը նույնպես շնորհավորեց շրջանավարտներին․ «Շնորհավորում եմ Պոլիտեխնիկի Քոլեջը ավարտելու կապակցությամբ։ Սա ձեր կարևոր ձեռքբերումներից է կյանքի այս փուլում։ Սրանով հիմք է դրվում հետագա մասնագիտական ունակությունները զարգացնելու համար, մնացածը պայմանավորված է լինելու ձեր աշխատասիրությամբ», – նշեց Ռ․Քարամյանը։ Քոլեջի տնօրենի պաշտոնակատարը առանձնահատուկ շնորհավորեց և խաղաղ երկինք մաղթեց արդեն Ազգային բանակ զորակոչված և մոտ օրերս զորակոչվող շրջանավարտներին։

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Քոլեջը միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտել է 154 ուսանող։