Պոլիտեխնիկում բացվել է IELTS պաշտոնական քննական կենտրոն

Պոլիտեխնիկում բացվել է IELTS պաշտոնական քննական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոն, որը  երկրորդն է Հայաստանում  Բրիտանական խորհրդի կենտրոնից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Team Telecom Armenia ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝  24 և 16 համակարգիչներով, որոնք տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը։

IMG_7816.jpg (5.49 MB)

Ողջունելով ներկաներին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշել է․
«Բրիտանական խորհրդի հետ երկարատև աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվում է IELTS պաշտոնական քննական կենտրոն։ Այս քննական կենտրոնը Պոլիտեխնիկական համալսարանի համար նոր  հնարավորություն է ստեղծելու մասնագիտական և ուսանողական համայնքի անգլերեն լեզվի գիտելիքների լավացման և խորացման առումով»։

Ռեկտորը իր շնորհակալանքի խոսքն ուղղել է նաև Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին՝ մշտապես բուհի կողքին լինելու համար։

«Բոլոր այն դեպքերում, երբ լինում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն է ստեղծելու համալսարանում նոր արժեք գեներացնել, թե՛ կրթական, թե՛ նոր ֆինանսական հոսքեր ապահովելու իմաստով, Team Telecom Armenia ընկերությունը աջակցում է բուհին»,-նշել է Գոռ Վարդանյանը։ Նա հույս է հայտնել, որ  նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

IELTS թեստավորման համակարգը աշխարհում ամենատարածված անգլերենի թեստն է բարձրագույն կրթության և գլոբալ միգրացիայի համար։ Այն աշխարհում անգլերենի երկու հիմնական թեստերից մեկն է, մյուսը TOEFL-ն է: IELTS-ը գնահատում է անգլերենի բոլոր հմտությունները՝ կարդալ, գրել, լսել և խոսել։

Ըստ Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի տեխնիկական  կրթություն ստանալու և զարգացում  ապահովելու համար անգլերեն լեզու իմանալը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։

IMG_7742.jpg (6.73 MB)

«Այսօր Պոլիտեխնիկը պատրաստ է  բարձր որակավորման քննություններ ընդունել՝ տալով նոր մասնագիտական հաջողությունների հասնելու հնարավություն։ Մեզ համար առաջնահերթություն է կրթական ծրագրերին ու նախաձեռնություններին աջակցելը», -ասել է նա։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ հպարտ է բրիտանական կրթական համակարգով, որն աշխարհում լավագույններից է։ «Անգլերենը  ընդունված լեզու է աշխարհում, նաև գիտության ոլորտում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների։ Կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք հայ ուսանողներին մուտք գործել բրիտանական կրթական համակարգ։ Սա լավ միջոց է աջակցել այն ուսանողներին, որոնք ուզում են զարգացնել լեզվական հմտությունները, օգտվել բրիտանական կրթական համակարգի առավելություններից»,-շեշտել է դեսպանը։

ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կընդունի IELTS թեստ հանձնողների ամբողջ աշխարհից ադեն մարտ ամսին։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։