Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS-ի քննական կենտրոն

Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS-ի քննական կենտրոն
Բրիտանական խորհրդի հետ երկարատև աշխատանքի արդյունքում այսօր՝ փետրվարի 24-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) բացվել է IELTS-ի (Անգլերենի միջազգային թեստավորման համակարգ) քննական կենտրոն։ Այն բաղկացած է 2 քննական սենյակից՝ 24 և 16 համակարգիչներով և մեկ գրանցման սենյակով։ 

Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ քննական կենտրոնը նոր հնարավորություն  է ստեղծում պոիլտեխնիկի համար անգլերեն լեզվի գիտելիքների լավարկման և խորացման առումով։

«Միևնույն ժամանակ կարող ենք արձանագրել, որ սա լավ համագործակցություն է Բրիտանական խորհրդի հետ մեր գործընկերությունը խորացնելու և հնարավոր նոր համագործակցության ուղիներ ստեղծելու համար։ Պետք է մեկ կարևոր փաստ ընդգծեմ․ այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական առաջընթացը կապված է անգլերենի կարողությունների հետ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր աշխատանքի և ռազմավարության մեջ առանձին դեր ու նշանակություն է տալիս անգլերեն լեզվի կարողությունների զարգացմանը»,-նշեց նա։

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ինքը կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում և 2013 թվականին այնտեղ է հանձնել IELTS-ի ակադեմիկ քննություն։

«Կարծում եմ այն, որ Պոլիտեխնիկը նմանատիպ սենյակներ է բացում, նմանատիպ փորձառություն է անցնում, էապես ձեռքբերում է համալսարանի, ուսանողների համար։ Շնորհակալ ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որի հետ դեռևս 2018 թվականից սկսած շատ ծրագրեր ենք իրականացրել ՀՀ-ում։ Շնորհակալ ենք նաև Team Telecom ընկերությանը՝ աջակցության համար»,-նշեց Ավինյանը։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենին և Բրիտանական խորհրդին՝ կատարած աշխատանքի համար։

«Միացյալ Թագավորությունը իսկապես հպարտ է իր կրթական համակարգով, որը, իրավամբ համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մենք քաջ գիտակցում ենք, որ անգլերենը բազմաթիվ ակադեմիական ոլորտների, այդ թվում՝ գիտության և տեխնիկայի ընդհանուր լեզուն է: Իսկապես ուրախ ենք աջակցել հայ ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան առնչվել Մեծ Բրիտանիայի կրթական համակարգի հետ։ Կարծում ենք, որ IELTS թեստային համակարգը  իսկապես լավ միջոց է՝ օգնելու ուսանողներին ստանալ իրենց անհրաժեշտ որակավորումները, օգտվել բրիտանական կրթությունից, ինչպես նաև այն առավելությունները, որոնք կրթությունը կբերի աշխատանք գտնելու և անձնական զարգացման առումով»,-ասաց Գալագերը։

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը իր խոսքում նշեց, որ անցած 20 տարիների ընթացքում խորհուրդը արել է ամեն ինչ Հայաստանում անգլերեն լեզվի դասավանդման հարցում։

«IELTS-ը աշխարհում ամենաօգտագործվող անգլերեն լեզվի իմացության թեստերից մեկն է։ Այն վստահվում է և ընդունված է աշխարհի 11 հազար կառույցներում։ Մենք հավատացած ենք, որ IELTS-ը նաև դռներ է բացում դեպի աշխարհում առաջատար կրթական հաստատություններ»,-ասաց Հովասափյանը։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խոսքով՝ անգելերեն իմանալը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է կրթություն ստանալու և զարգացում ունենալու համար։

«Վստահ եմ՝ այս համագործակցությունը փոքր դուռ է պոլիտեխնիկցիների համար, որպեսզի նրանք հնարավորություն ստանան գիտելիքի հասանելիություն ունենալ։Մենք բոլորս հայերեն ենք խոսում, բայց ևս 2-3 լեզու իմանալ պետք է՝ առաջ գնալու համար։ Համացանցում գիտական նշանակալի աշխատանքները անգլերենով են։ Սա լավ հնարավորություն է այստեղի 8000 ուսանողների համար»,-նշեց Հայկ Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութերում։