Բացառիկ համագործակցություն․ Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն

Բացառիկ համագործակցություն․ Պոլիտեխնիկում բացվեց IELTS պաշտոնական քննական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոնը:

Պոլիտեխնիկի և Բրիտանական խորհրդի միջև այս գործընկերությունը բացառիկ է, քանի որ ՀՀ-ում  Բրիտանական խորհրդից բացի ՀԱՊՀ-ի կենտրոնը IELTS միջազգային քննության միակ պաշտոնական կենտրոնն է։ IELTS թեստավորման համակարգը աշխարհում ամենատարածված անգլերենի թեստն է բարձրագույն կրթության և գլոբալ միգրացիայի համար։ Այն աշխարհում անգլերենի երկու հիմնական թեստերից մեկն է, մյուսը TOEFL-ն է: IELTS– ը գնահատում է անգլերենի բոլոր հմտությունները՝ կարդալ, գրել, լսել և խոսել։

Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը, Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ներկաներին ողջունեց ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը՝ նշելով․ «Բրիտանական խորհրդի հետ երկարատև աշխատանքի արդյունքում այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվում է IELTS պաշտոնական քննական կենտրոն։ Կենտրոնը ներառում է երկու քննական սենյակներ՝  24 և 16 համակարգիչներով, որը տրամադրել է Team Telecom Armenia ընկերությունը և գրանցման սենյակով։ Այս քննական կենտրոնը Պոլիտեխնիկական համալսարանի համար նոր  հնարավորություն է ստեղծելու մասնագիտական և ուսանողական համայնքի անգլերեն լեզվի գիտելիքների լավարկման և խորացման առումով։ Միևնույն ժամանակ, արձանագրենք, որ սա լավ համագործակցություն է Բրիտանական խորհրդի հետ՝ մեր գործընկերությունը խորացնելու և նոր հնարավոր համագործակցության ուղիներ ստեղծելու համար։ Ընդգծեմ, որ այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական առաջընթացը էապես կապված է անգլերեն լեզվի կարողությունների հետ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր աշխատանքի և ռազմավարության մեջ առանձնահատուկ դեր և նշանակություն է տալիս անգլերեն լեզվի կարողության բարձրացմանը։ Այս կենտրոնը և այս կապը մասնագիտական համայնքի հետ, հնարավորություն է տալու հենց այս ուսումնական տարվանից խորացնել անգլերեն լեզվի ուսուցումը անգլերենի մասնագետների վերապատրաստման ծրագրերի միջոցով, ինչը լիահույս ենք, որ կստացվի Բրիտանական խորհրդի հետ համագործակցության արդյունքում»։

Ռեկտորը իր շնորհակալանքի և երախտիքի խոսքն ուղղեց Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին՝ մշտապես բուհի կողքին լինելու համար։

«Բոլոր այն դեպքերում, երբ լինում է նոր նախաձեռնություն, որը հնարավորություն է ստեղծելու համալսարանում նոր արժեք գեներացնել, թե կրթական իմաստով, թե նոր ֆինանսական հոսքեր ապահովելու իմաստով, Team Telecom Armenia ընկերությունը աջակցում է բուհին»,-նշեց Գոռ Վարդանյանը։ Նա հույս հայտնեց, որ  նմանօրինակ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու։

Կարևորելով կենտրոնի բացումը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Հոգաբարձուների նախագահ Տիգրան Ավինյանը. «Ամեն անգամ, երբ մի նոր առիթով հավաքվում ենք Պոլիտեխնիկում և այդ առիթը լինում է նոր սենյակի, լաբորատորիայի, Պոլիտեխնիկի փոքր, բայց կարևոր վերափոխման մասին, ես իրապես հպարտությամբ եմ լցվում։ Այն փոփոխությունները, որոնք սկսել են տեղի ունենալ դեռևս 2022 թվականից, իրապես տեսանելի են և շոշափելի։ Ես վստահ եմ, որ շատ շուտով սկսելու են էական ազդեցություն ունենալ նաև կրթական որակի վրա։ Այն, որ Պոլիտեխնիկը նմանատիպ կենտրոններ է բացում և նմանատիպ փորձառություն է բերում, մեծ ձեռքբերում է Պոլիտեխնիկի համար», – նշեց Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեցլով դեսպանին, նշեց, որ 2018 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Բրիտանական խորհրդի հետ ։ Շնորհակալություն հայտնեց նաև Team Telecom Armenia ընկերության ներկայացուցիչներին՝ աջակցության համար։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ հպարտ է բրիտանական կրթական համակարգով, որն աշխարհում լավագույններից է։ «Անգլերենը  ընդունված լեզու է աշխարհում, նաև գիտության ոլորտում, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների։ Կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք հայ ուսանողներին մուտք գործել բրիտանական կրթական համակարգ։ Սա լավ միջոց է աջակցել այն ուսանողներին, ովքեր ուզում են զարգացնել լեզվական հմտությունները, օգտվել բրիտանական կրթական համակարգի առավելություններից»,-նշեց դեսպանը։

Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ այսօր տեխնիկական  կրթություն ստանալու և զարգացում  ապահովելու համար անգլերեն լեզու իմանալը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է։ «Երբ ես սովորում էի Պոլիտեխնիկական համալսարանում ոչ լավ համակարգիչներ կային, ոչ էլ պայմաններ։ Այսօր Պոլիտեխնիկը հնարավություն ունի  բարձր որակավորման քննություններ ընդունել և մարդկանց հնարավություն տալ այլ դռներ բացել։ Այս համագործակցությունը ևս մի փոքր դուռ է պոլիտեխնիկցիների և ոչ միայն նրանց համար», -նշեց նա։

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը նկատեց, որ օրը նշանակալից օր է։ «Ընդհամենը 3 ամիս առաջ ես առաջին հանդիպումը ունեցա պարոն Վարդանյանի հետ, որի ընթացքում մենք քննարկեցինք մեր համագործակցության  եզրերը։ Այսօր մենք իրականացնում ենք դրանցից առաջինը։ Ինչպես նշվեց այսօր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը և Պոլիտեխնիկական համալսարանը ստորագրելով համագործակցության փաստաթուղթ միավորելու են իրենց ջանքերը՝ իրականացնելու, կյանքի կոչելու մի ընդհանուր տեսլական, որն է հնարավություն ստեղծել Պոլիտեխնիկի բազմաթիվ տաղանդավոր ուսանողներին, ինչպես  նաև ավելի լայն հանրությանը հանձնել IELTS անգլերեն լեզվի իմացության  թեստը, ինչը իմ կարծիքով ամենահզոր միջոցներից է իրենց ապագա կրթության և զարգացման համար։ Ինչպես գիտեք Բրիտանական խորհրդի առաքելության մեջ անգլերենի որակավորումները շատ կարևոր են․ IELTS թեստը այդ որակավումներից մեկն է։ Մենք նախկին  20 տարիների ընթացքում փորձել ենք մեծ ներդրում ունենալ Հայաստանում որակյալ անգլերեն ունենալու հարցում։ Ես ուրախ եմ, որ այսօր այդ հնարավորությունը ընդլայնվում է։ IELTS-ը աշխարհում ամենատարածված լեզվի իմացության թեստերից մեկ է, որը օգտագործում են բարձրագույն կրթության և կարիերայի զարգացման համար։ Մենք հավատացած ենք, որ IELTS-ը նաև դռներ է բացում աշխարհի առաջատար կրթական հաստատություններում, հնարավորություն է տալիս անհատներին շարունակել իրենց կրթությունը անգլերեն լեզվով»,-ասաց Ադդէ Հովասափյանը։

Արդեն մարտ ամսին ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կընդունի IELTS թեստ հանձնողների ամբողջ աշխարհից։

ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կահավորված է գերժամանակակից տեխնիկայով, ունի միաժամանակ 40 քննության մասնակից ընդունելու կարողություն և զինված է քննության մասնակիցների հարմարավետությունը ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։