«Դուք պետք է լինեք հաջողակ, հաջողված, ստեղծարար, ստեղծագործ»․ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

«Դուք պետք է լինեք հաջողակ, հաջողված, ստեղծարար, ստեղծագործ»․ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի թվով 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

«Հայաստանի Հանրապետության մեծարգո Վարչապետ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգարժան նախարար, Հոգաբարձուների խորհրդի հարգելի նախագահ, հարգելի անդամներ, հարգարժան նախարարներ, պետական այրեր, Պոլիտեխնիկի բարերարներ, անվանի շրջանավարտներ, մասնավոր համայնքի սիրելի ներկայացուցիչներ, սիրելի շրջանավարտներ։ Այսօր տոն է Պոլիտեխնիկում, քանզի մեր պատմության գրեթե 90 – ամյակի ընթացքում մենք ճանապարհում ենք մեծ, մասնագիտական կյանք բուհի 89-րդ շրջանավարտներին։ Շրջանավարտների, ովքեր այս տարիների ընթացքում ձեռք բերեցին գիտելիքներ, տարբեր կարողություններ, լավ ընկերներ, կրթական միջավայրում ձևավորվեցին, որպեսզի ինժեներին բնորոշ մասնագիտական գործունեությունը ծավալեն կյանքի հաջորդ փուլերում։ Սիրելի´ շրջանավարտներ, իմ խոսքը ուղղված է ձեզ։ Ցանկանում եմ, որ դուք լինեք հաջողակ, հաջողված, ստեղծարար, ստեղծագործ, քանզի ձեր գիտելիքի, ձեր գործունեության, ձեր մտքի թռիչքից է կախված նոր տեխնոլոգիաների գոյությունը, նոր ծրագրերի իրականացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը մեր երկրում։ Ուզում եմ ընդգծել, որ այսօր կրկնակի տոն է ձեզ համար․ դուք համալրում եք Պոլիտեխնիկի շրջանավարտների մեծ ընտանքը՝ 130 000 և ավելի անդամ ունեցող ընտանիքը։ Այսօր բեմում մեր կողքին են նաև մեր անվանի շրջանավարտները, բուհի բարերարները, ում մասնակցության, անձնական նվիրումի շնորհիվ է այսօր այս ձևաչափով տեղի ունենում այս գեղեցիկ միջոցառումը։ Կրթությունը իր ձևով և իր տեսակով մշակույթ է։ Այս միջոցառումը Պոլիտեխնիկի պատմության մեջ մի նոր մշակույթ է, ես լիահույս եմ, որ այս մշակույթը ձեզ աջակցելու է, որ դուք լինեք Պոլիտեխնիկի հետ էլ ավելի ամուր կապով, էլ ավելի ներգրավված մեր ծրագրերում, ավելի առաջադեմ ու հաջողված։ Կրկին անգամ շնորհավում եմ ձեզ։ Ուզում եմ ընդգծված շնորհակալություն հայտնել բուհի Շրջանավարտների ասոցիացիային՝ գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանին, քանզի իր գործուն մասնակցությամբ և իր աջակցությամբ մենք կարողացանք իրականություն դարձնել այս գեղեցիկ միջոցառումը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր բուհի բարերարներին, ովքեր այսօր ներկա են այս միջոցառմանը, հավատում են բուհի ապագա ծրագրերին, հավատում են, որ այդ ծրագրերը կարող են փոխել, ավելի մրցունակ դարձնել ինժեներական կրթությունը Պոլիտեխնիկում։ Նրանց աջակցության շնորհիվ մենք կկարողանանք փոխվել, ավելի լավը դառնալու և մեր գործը ավելի լավ անելու նպատակով։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին, պետական այրերին այս կարևոր միջոցառմանը մեր կողքին լինելու և մեզ ոգևորելու համար։ Սիրելի շրջանավարտներ կրկին շնորհավորում եմ ձեզ, հաջողություն եմ մաղթում կյանքի հաջորդ փուլերում և լիահույս եմ, որ համատեղ տարբեր ծրագրերով առաջ կբերենք նոր մշակույթ և նոր գաղափարներ»։