ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան․ «Մայիսի 28-ը վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն է»

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան․ «Մայիսի 28-ը վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն է»

Սիրելի հայրենակիցներ,

մայիսի 28-ին համայն հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Պետք է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել են մեր մեծերը՝ հայ ռամիկն ու շինականը, ռազմիկն ու ուսուցիչը, դասախոսը, գիտնականն ու հոգևորականը: Եվ կասեցրել են մայիսյան հերոսամարտերով: Կասեցրել են հայկական պետականության ստեղծմամբ՝ պատմական Հայաստանի վերջին հատվածը փրկության ափ դարձնելով հարյուր հազարավորների համար: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանք մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ: Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության դրսևորումների շնորհիվ: Որակներ, որոնք ի հայտ եկան նաև արցախյան ազատամարտի բովում։ Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, և մեր ժողովուրդը հաստատակամ է էլ ավելի ամրապնդելու իր անկախ պետականությունը, հաղթահարելու արդի մարտահրավերները, որպեսզի առավել բարեկեցիկ լինի սերունդների ապագան։
– Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը: Փա՛ռք Հայաստանի առաջին Հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա և ապագա Հայաստանի: