Պոլիտեխնիկի ստեղծագործ երիտասարդների հիմնած «ThreeSmart» ընկերության և նրա հաղթական ճանապարհի մասին

Պոլիտեխնիկի ստեղծագործ երիտասարդների հիմնած «ThreeSmart» ընկերության և նրա հաղթական ճանապարհի մասին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանողներ, «ThreeSmart» (ԹրիՍմարթ) ընկերության անդամներ Դավիթ Դանիելյանը (ՏՏ 922), Մկրտիչ Հարությունյանը (ՏՏ 922), Ռաֆայել Շահնազարյանը (ՏՏ 055-1), Ռազմիկ Մանվելյանը (ՏՏ 055-1) և Հայկ Հարությունյանը (ՏՏ 019-1),  պոլիտեխնիկցի ստեղծագործ երիտասարդների հիանալի թիմ են, ովքեր հետաքրքրվում և զբաղվում են ինժեներությամբ ու գյուտարարությամբ։

Դեռևս 2017 թվականին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտներ Մկրտիչ Հարությունյանը, Դավիթ Դանիելյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Զավեն Խանամիրյանը համատեղ հեղինակեցին «Խելացի քարշակ» (CartBot) նախագիծը: Պոլիտեխնիկցի պատանիների ստեղծած «խելացի» սարքը օգտատերերին հնարավորություն է տալիս խուսափելու օդանավակայանում բեռի տեղափոխման խնդիրներից և հանգիստ վայելելու օդանավակայանում անցկացրած ժամանակը։ Գաղափարից գործի անցնելու ճանապարհին թիմը ծանոթացավ ՀԱՃԼ լաբորատորիաների հետ, որն էլ զարկ տվեց գաղափարի իրագործմանը։ Այսպիսով՝ թիմը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) ստեղծեց «Խելացի քարշակի» առաջին նախատիպը, որը հետևում էր օգտատիրոջը՝ տեղափոխելով ծանր իրեր։ Բացի այդ սարքը նաև օժտված էր բջջային հեռախոսների լիցքավորման կայանով, բաժակի տաքացման/սառեցման տակդիրով և իրերի հակաառևանգման համակարգով։ Ներկայումս թիմը աշխատում է CartBot նախագծի արտադրական նախատիպի մշակմամբ։

Երիտասարդ ինժեներները իրենց ստեղծած CleanBot նախագծով 2018 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցեցին Պատանի ինժեներների միջազգային մրցույթին (ICCET 2018) և ճանաչվեցին լավագույն թիմ։ Մրցույթի ժամանակ թիմը պետք է նախագծեր ռոբոտ, որը կկարողանար բարդ իրավիճակներում գործունեություն ծավալել։ Ռոբոտը նախատեսված էր փրկարարական աշխատանքները մարդու նվազագույն միջամտությամբ իրականացնելու համար։ Այն կարող էր տեղափոխել մինչև 20 կգ բեռ, 6 լ հեղուկ, որը կիրառելի էր կրակը մարելու համար։ Հրդեհաշիջման աշխատանքը և բեռների բարձումն իրականացվում էր մանիպուլյատորի միջոցով, որը մինչև 0,5 կգ բեռ կարող էր բարձրացնել։ Ռոբոտի ունիկալ կառուցվածքը և անիվների բազմավեկտոր համակարգը թույլ էին տալիս առանց մեծ ջանքեր շարժվել բոլոր ուղղություններով և արագորեն լուծել իր առաջ դրված խնդիրները։

Նույն մրցույթը հաջորդ տարի՝ 2019 թվականին, անցկացվեց Մոսկվայում, որտեղ թիմը մասնակցեց ընդլայնված կազմով։ 2019թ․-ի պատանի ինժեներների միջազգային մրցույթում նրանց խնդիրն էր ստանալ համակարգ, որը փակ տարածքներում կկարողանա որոշել օգտատիրոջ կոորդինատը։ «ԹրիՍմարթ»-ը 2019-ին կրկին ճանաչվեց լավագույն թիմ։ «Մրցույթից հետո հասկացանք, որ այդ նախագիծը կարող է դառնալ մեծ պահանջարկ ունեցող հետաքրքիր լուծում։ 2020 թվականից որոշեցինք նախագիծը զարգացնել որպես ստարտափ։ Դիմեցինք տարբեր մրցույթների, որոնցից վերջինը Ձեռնակությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) IMG համաֆինանսավորման դրամաշնորհն էր։ Մեր թիմը մասնակցեց չորրորդ փուլին և հայտնվեց հաղթողների ցանկում»,-նշում է Զ․ Խանամիրյանը։ 2021 թվականի ամռանը պոլիտեխնիցի երիտասարդները հաղթեցին մրցույթում, ստացան ֆինանսավորում և հիմնեցին իրենց ընկերությունը՝ «ԹրիՍմարթ» անունով։ Այն զբաղվում է ընկերությունների համար օգտատերերի տեղորոշման համակարգերի ու աշխատակիցների կառավարման համակարգերի մշակմամբ։

2020 թվականի մայիսին տղաները մասնակցել են Մոսկվայի ավիացիոն համալսարանի (МАИ) ՏՏ կենտրոնի կազմակերպած ռուսական ավիաարդյունաբերության ամենամեծ առցանց հաքաթոնին։ Միջոցառման գործընկերներն էին ավելի քան 20 ընկերություններ ավիացիայի, ՏՏ և այլ ոլորտներից, որոնցից հատկանշական են Շերեմետյևո միջազգային օդանավակայանը, և ՌԴ-ում խոշորագույն MTS-RUS կապի օպերատորը: Հաքաթոնին մասնակցելու համար հայտագրվել էր 216 մասնակից: 33 թիմ և 140 մասնակից դուրս եկան հաքաթոնի եզրափակիչ փուլ։ Լուծելով Շերեմետյևո միջազգային օդանավակայանի առաջադրած բարդ խնդիրը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ThreeSmart թիմը ճանաչվեց մրցույթի բացարձակ հաղթող։

2021 թվականի հոկտեմբերի 2-3-ը թիմը մասնակցեց NASA SpaceApps Challenge-ին։  Մրցույթն անցկացվեց առցանց ձևաչափով, իսկ արդյունքներն ամփոփվեցին հոկտեմբերի 7-ին CoWo-ում՝ նախագծերի ներկայացումից անմիջապես հետո։ 36 ժամում «ԹրիՍմարթ»  թիմը ստեղծեց covid-19  վիրուսի վարակման հավանականությունը հաշվարկող հավելված (covid-19: Risk calculator), և Galactic Problem Solver անվանակարգում ճանաչվեց հաղթող։

2021 թվականի հոկտեմբերի 14-15-ը տեղի ունեցավ Սևան հաքաթոնը, որն անցկացվում էր Սևծովյան համալսարանների ցանցի միջոցառումների շրջանակներում։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի, Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության համաֆինանսավորած EU4Sevan նախագծի համատեղ ջանքերով։ Մրցույթի առաջադրանքն էր ներկայացնել համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն բարելավելու Սևանի էկոլոգիական իրավիճակը, կլինեն հեռանկարային ու ապագայում կիրառելի: Այստեղ նույնպես Պոլիտեխնիկական համալսարանի ThreeSmart թիմի կողմից առաջարկած ջրի մոնիթորինգային ծրագիրը բարձր գնահատականի արժանացավ ժյուրիի կողմից և հաղթանակ բերեց թիմին։

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին ամփոփվեցին «Ինժեներական նորարարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» հաքաթոնի «Demo Day»-ի արդյունքները։ Հաղթող թիմերից առաջին տեղում ThreeSmart թիմն էր։ Հաքաթոնն իրականացվում էր «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո:

Վերջին մրցույթը, որին մասնակցեց թիմը  «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթն էր» (ATDEC 2021)։  Մրցույթում «ThreeSmart» թիմը աջակցող ծրագրեր անվանակարգում ճանաչվեց հաղթող՝ գրավելով 1-ին պատվավոր տեղը։ Մրցույթը եզակի մարտահրավեր էր ամբողջ հանրապետության երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերի համար` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։

«ThreeSmart» թիմը մրցույթին մասնակցեց աջակցող ծրագրեր անվանակարգում՝  ներկայացնելով համակարգչի ձայնը ժեստերի լեզվով փոխարկելու ծրագիր։ «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում իմանալով մրցույթի մասին, վստահ և պատրաստակամորեն որոշեցինք մասնակցել, քանի որ տարբեր մրցույթների մասնակցության փորձ ունեինք։  Սակայն թեման բարդ էր․ առաջին անգամ էինք փորձելու նման թեմայով մրցույթի մասնակցել։ Երբ գիտես, որ անում ես մի բան, որը պետք է հաշմանդամություն ունեցող մարդը գնահատի, ավելի լուրջ և պատասխանատու կերպով ես մոտենում։ Դա շատ հուզիչ էր և տեղ-տեղ անգամ խանգարում էր», – նշում են թիմի անդամներ Դ․ Դանիելյանը  և Մ․  Հարությունյանը։

Նախնական տարբերակում ծրագիրն իրենից ներկայացնում էր մի հավելված, որը ձեռքի միջոցով ցույց էր տալիս ամերիկյան ժեստերի լեզվի տառային նշանները։ Այսինքն եթե դուք ինչ որ տեսանյութ եք դիտում, ծրագիրը ձայնը վերածում է տեքստի, այնուհետև տեքստը տառ առ տառ ցույց է տալիս՝ համապատասխան նշանով։ «Ժյուրիի կողմից մեր ծրագիրը բարձր գնահատվեց։ Սակայն մրցույթի ընթացքում, որպես խնդիր մեզ առաջադրվեց բառախոսություն ավելացնելը, որի ժամանակ հարկ եղավ մարմնի վերին հատվածը ևս ավելացնել 3D մոդելի տեսքով։ Ժեստերի ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը մեզ ներկայացրեց թե տեղական, թե միջազգային փորձը  և իր կողմից հատուկ շեշտվեց, որ պետք է առաջնայինը դիտարկել հայկական ժեստերի լեզվի զարգացումը»,- նշում է Մ․ Հարությունյանը։

Թիմի անդամները  անգլերենին էին պատրաստ, բայց Զ․ Մելիքյանի հետ աշխատելու արդյունքում հայկական ժեստերի լեզուն նույնպես սովորեցին, ներառեցին և այդպիսով ցույց տվեցին ծրագրի ունիվերսալությունը։

Եզրափակիչ 3 օրերի ընթացքում թիմը կարողացավ համակարգը զարգացնել այնպես, որ ժեստերի ուսուցիչները և  սերտիֆիկացված մասնագետները նույնպես հասանելիություն ունենան և կարողանան շարժումներ ավելացնել։ «Եզրափակիչ փուլում մենք ժյուրիի ներկայությամբ բառ ավելացրեցինք ծրագրային պաշարի մեջ և այդ բառը պարունակող տեքստ ցույց տվեցինք։ Ծրագիրը հեշտությամբ բառը ճանաչեց և աշխատեց։ Արդյունքում, փաստացի,  մենք առաջարկեինք երկու ծրագիր՝ թարգմանություն կատարող և հավելվածի բառապաշարը ավելացնող», – պատմում են թիմի անդամները։

Վստահ ենք, որ թվարկված մրցույթներում ու հաքաթոններում «ThreeSmart» թիմի տարած հաղթանակները դեռ սկիզբն են, հաղթանակի ճանապարհը շարունակվում է, քանի որ նրանք պոլիտեխնիկցիներ են, ովքեր ունեն իրական ինժեներական ու գիտահետազոտական ձիրք, հիմնարար ­գիտելիքներ և ստեղծագործ մոտեցում բոլոր հարցերում։