Երևանի Ֆրունզեի 8 հասցեում, բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվոր, Պոլիտեխնիկցի Վիրաբ Բաբայանի հիշատակին նվիրված պուրակ

Երևանի Ֆրունզեի 8 հասցեում, բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվոր, Պոլիտեխնիկցի Վիրաբ Բաբայանի հիշատակին նվիրված պուրակ

Սեպտեմբերի 13-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ Ֆրունզեի 8 հասցեում, տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ժամկետային զինծառայողներ Վարդան Զաքարյանի և Վիրաբ Բաբայանի հիշատակին նվիրված հուշաքարի, ցայտաղբյուրի և պուրակի բացման արարողությունը։

Պուրակը բացվեց այն բակում, որտեղ իրենց մանկությունն ու պատանեկությունն են անցկացրել լեգենդ դարձած Վիրաբն ու Վարդանը, որտեղից էլ նրանք մեկնել են բանակ, մարդաշատ էր։

Ներկա էին նահատակված հերոսների հարազատները, ընկերները, բարեկամները, բազմաթիվ՝ լեգենդ դարձած զոհված զինվորների հերոսածին մայրեր ու հայրեր, անգամ հերոսներին չճանաչած, սակայն պատերազմից հետո նրանց մասին լեգենդներ լսած քաղաքացիներ։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, ուսանողներ և համակուրսեցիներ։

Միջոցառման ժամանակ պաշտպանության նախարարության կողմից հերոսների ծնողներին հանձնվեց Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նրանց տրված մեդալները։

 

* * *

Վիրաբ Արմենի Բաբայան

Ծնվել է 1998 թվականի հուլիսի 8-ին: Սովորել է Երևանի թիվ 154 դպրոցում, ապա կրթությունը շարունակել Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում, որից հետո բարձր գնահատականներով ընդունվել և ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

Համալսարանն ավարտելուց հետո, 2019 թվականի հուլիսի 18-ին զորակոչվել է հայոց բանակ: Լուսակերտի ուսումնական կենտրոնում ստանալով հրետանավորի որակավորում և «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում՝ տեղափոխվել է Արցախի Մարտունի 2 պաշտպանական շրջան:

Վիրաբը պատերազմի առաջին օրվանից սկսած մինչև հոկտեմբերի 23-ը իր ընկերների հետ հերոսաբար կռվել և զոհվել է հանուն հայրենիքի:

Նա ծառայության ընթացքում գերազանց ծառայության համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու շքանշաններով: Ստացել է «սերժանտ» զինվորական կոչում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պատերազմում ցուցաբերած արիության համար Վիրաբը հետմահու պարգևատրվել է «Մարտական գործողություն» մեդալով: