Պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ուղիների պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր

Պոլիտեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ուղիների պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր

Ս․թ․ հունիսի 9-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը և Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր I կայսեր հաղորդակցության ուղիների պետական համալսարանի ռեկտոր Ա․ Պանիչևը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Այն հնարավորություն կտա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մշակել և իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, այդ թվում մասնագետների, փորձագետների և ուսանողների փոխանակում՝ համաձայն երկու երկրների կողմից ընդունված պահանջների։ Հնարավոր կլինի իրականացնել նաև երկու կողմերի ասպիրանտների և դոկտորանտների գիտական ​​պրակտիկայի կազմակերպում, մասնակցել գիտական դրամաշնորհային ծրագրերին և այլն։

Հանդիպմանը ներկա էին ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետի պարտականությունները կատարող Անի Մամիկոնյանը, Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր I  կայսեր հաղորդակցության ուղիների պետական համալսարանի Միջազգային ծրագրերի իրականացման նախագծային գրասենյակի ղեկավար Ի․ Կիսելյովը, Մշակույթի և կրթության միջազգային հասարակական հիմնադրամի նախագահ Գ․ Պոպովը և այլք։

Հանդիպման ժամանակ Ի․ Կիսելյովը ներկայացրեց իրենց բուհի գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով արտաքին կապերի ոլորտում միջազգային զարգացման ծրագրերի աջակցությամբ իրականացված ծրագրերին: Նա նաև կարծիք հայտնեց, որ երկու բուհերի միջև համաձայանգիրը նոր հեռանկարներ կբացի ուսուցման և լավագույն միջազգային փորձի ուսումնասիրման ու կիրառման համար:

Պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանը, զուգահեռներ անցկացնելով երկու ուսումնական հաստատությունների միջև, նշեց, որ դրանք ունեն բազմաթիվ ընդհանրություններ և համաձայնագրի ստորագրումն ու իրականացումը կնպաստեն դրանց լուծմանը:

Հանդիպման ավարտին հյուրերը այցելեցին ՀԱՊՀ Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոն, որտեղ կենտրոնի ղեկավար Օլեգ Գասպարյանը պատմեց կենտրոնի գործունեության մասին, շեշտելով, որ կենտրոնը կոչված է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաև աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը: