Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը

Սույն թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդրանիկ նիստը։

Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Մինչ նիստը սկսելը Յու․ Սարգսյանի առաջարկությամբ Խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին սեպտեմբերի 27-ից սկսված Արցախի դեմ սանձազերծված պատերազմի զոհերի հիշատակին։ Շնորհավորելով Հոգաբարձուների Խորհրդի նորընտիր անդամներին՝ Յու.Սարգսյանը, խորհրդի անդամներին հիշեցրեց և ներկայցրեց, որ դեռևս 90-ականների Պոլիտեխնիկն առաջիններից էր, որ ձևավորեց Հոգաբարձուների խորհուրդ: «Լինելով Պոլիտեխնիկական համալսարանի խորհրդի հնագույն անդամ, պետք է ասեմ, որ մեր Հոգաբարձուների խորհուրդը անցել է երկար և արգասաբեր ուղի՝ տարբեր ժամանակաշրջաններում ուղղորդելով մեր համալսարանի ռազմավարությունը և բազմաթիվ կառուցվածքային ռեֆորմներ»,-նշեց Յու․ Սարգսյանը։ Նա հիշեցրեց նաև, որ Պոլիտեխնիկի խորհուրդը տարբեր ժամանակներում գլխավորել են Պոլիտեխնիկի անվանի շրջանավարտներ, այդ թվում մեր հանրապետության լեգենդար ղեկավարներ Կարեն Դեմիրճյանը և Ֆադեյ Սարգսյանը։ Ըստ Յու․ Սարգսյանի այսպիսի  տպավորիչ նախապատմությունը պարտադրում է ունենալ արժանի շարունակություն։ Ըստ Յու․ Սարգսյանի այսպիսի տպավորիչ նախապատմությունը պարտադրում է ունենալ արժանի շարունակություն։ Երևան են եկել գոյապահպանական բնույթի նոր մարտահրավերներ և արտաքին սպառնալիքներ, որոնց մենք պետք է դիմագրավենք։ Սա նշանակում է, որ բացի նյութական և ֆինանսական միջոցների համախմբումից, անհրաժեշտ է մոբիլիզացնել մեր երկրի ողջ մտավոր գիտատեխնիկական և մասնագիտական ներուժը։

Հոգաբարձուների Խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ՀԽ անդամ Ա․ Խաչատրյանը Հոգաբարձուների Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրեց Պոլիտեխնիկի շրջանավարտ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանի թեկնածությունը:

Հ․ Մուսայելյանը նշեց, որ երկիրը կանգնած է նոր իրողությունների առջև և Պոլիտեխնիկը այդ իրողությունների առաջամարտիկներից մեկը պետք է դառնա։ «Մենք, ըստ էության,  այլընտրանք չունենք, քան տեխնոլոգիական երկիր դառնալը, որի համար առաջին հերթին պետք է կարողանալ որակյալ կրթություն ապահովել»,- ասաց նա։ Ըստ Հ․ Մուսայելյանի Պոլիտեխնիկը պետք է վերագնահատի և վերանայի իր գիտական զարգացման ռազմավարությունը այս նոր իրողությունների համատեքստում։ Ակնհայտ է, որ Պոլիտեխնիկական համալսարանը պետք է իր գիտական առաջարկը համապատասխանեցնի երկրի պաշտպանական հրատապ խնդիրներին։ Հ․ Մուսայելյանը նշեց, որ որպես ՀԱՊՀ Խորհրդի նախագահ ջանք չի խնայի երկրում տեխնոլոգիական կրթությունը դոմինանտ դարձնելու համար։ Ըստ նրա բուհում Խորհրդի ուղղորդող դերը պետք է բարձրանա։

Այնուհետև օրակարգային երկրորդ հարցի շրջանակում Խորհրդի քարտուղարի պաշտոնում ՀԽ նորընտիր նախագահ Հ․Մուսայելյանը առաջադրեց ՀԱՊՀ բակալավրի 3-րդ կուրսի ուսանողուհի Աիդա Կիրակոսյանի թեկնածությունը ով ՀԽ անդամների կողմից միաձայն ընտրվեց խորհրդի քարտուղար։

Քննարկելով օրակարգի չորրորդ հարցը ՀԽ նախագահ Հ․Մուսայելյանի առաջարկությամբ, Հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարեց ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանին, մինչև Խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետով ռեկտորի ընտրությունները։