Պոլիտեխնիկում բացվեց «Խելացի լուծումների կենտրոն»-ը

Պոլիտեխնիկում բացվեց «Խելացի լուծումների կենտրոն»-ը

Նպատակ ունենալով նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը բուհում` դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում տեղի ունեցավ «Խելացի լուծումների կենտրոն»-ի բացման արարողությունը:

Կենտրոնի բացմանը  ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ. Արշակյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության և ՀԱՊՀ «Խելացի լուծումների կենտրոն»-ի տնօրեն Էդ․Մուսայելյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը, ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գ. Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռ. Յիրիկյանը, «Յունիքոմփ» ՍՊԸ հիմնադիր նախագահ Ա. Բալդրյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բ. Ենգիբարյանը և ՏՏ ոլորտի կազմակերպությունների ղեկավարներ և այլք:

Մի քանի ամիս է, ինչ Պոլիտեխնիկական համալսարանը բանակցային գործառույթների մեջ էր այս ծրագրի իրականացման առումով, որը ենթադրում է մասնավոր սեկտորի անմիջական աջակցությունը կրթագիտական ծրագրերի իրականացման և դրանց որակի բարելավման ուղղությամբ: Միջհամալսարանական կենտրոնի ստեղծման նախաձեռնող կողմն է ՏՀՏ գործատուների միությունը: Գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է, իսկ ներգրավված կողմերն են ՏՀՏԳՄ, ՀԱՊՀ, ՎիվաՍել-ՄՏՍ, Յունիքոմփ, «Սինոփսիս Արմենիա» և ոլորտի առաջատար այլ կազմակերպություններ: Կենտրոնը, ստեղծվելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հանդիսանալու է միջհամալսարանական: Այն  հնարավորություն կտա ՀԱՊՀ-ի ուսանողներին նախագծել և սպասարկել բարդ համակարգերի վրա հիմնված Cybersecurity, Microelectronics, IoT technology, 5G, Smart City, Smart Home, self-controlled devices, Big Data, Infrastructure security, Machine learning, AI և այլն: Ուսուցումը իրականացվելու է մագիստրոսական կրթական ծրագրով:

Բացի այդ, նախատեսվում է իրականացնել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր, ինչը հնարավորություն կտա ֆինանսական նոր հոսքեր ապահովել համալսարանի համար:

Կենտրոնի հիմնական նպատակներից է մասնավոր հատվածի և համալսարանի միջև համագործակցության խթանումը և ժամանակակից պահանջներին համապատասխանող որակավորում ունեցող մասնագետների ապահովումը:

Ուսումնական ծրագրերը մշակվելու են ոլորտի առաջատար ընկերություններից ներգրաված մասնագետների կողմից, հաշվի են առնվելու առկա համաշխարհային ճանաչում ունեցող կրթական ծրագրերը և ՀԱՊՀ ներուժը։

Նախագիծը իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները՝ Սարքավորումների ձեռքբերում, ցանցային աշխատանքների իրականացում, լաբորատորիայի վերանորոգում, լաբորատորիայի կահավորում, դասընթացների ծրագրերի մշակում, դասախոսների վերապատրաստում, դասախոսների ընտրության մրցույթի կազմակերպում, աշխատանքների ղեկավարում և կոորդինացում, տպագրական և խմբագրական աշխատանքների իրականացում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը ևս շնորհավորեց կենտրոնի բացման առիթով և հույս հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա բիզնես-բարձրագույն կրթության ոլորտ համագործակցության: «Այս ծրագիրը գործատուների և բուհերի համագործակցության լավագույն օրինակներից է: Նման փորձեր ունենք և հաջողությամբ իրականացնում ենք։ Կարծում եմ՝ կենտրոնի բացումը լրացուցիչ խթան կլինի բարձրագույն կրթության ոլորտ-բիզնես համագործակցության համար։ Այստեղ ստեղծվող հնարավորությունները լուծելու են նաև հետազոտական հատվածի զարգացման հարցը, ինչը կառավարության առաջնահերթություններից է». – ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին:

Ներկաներին ողջունեց նաև ՀԱՊՀ պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը՝ նշելով որ այս համագործակցությունը Պոլիտեխնիկի համար շատ կարևոր է, և, որ այն գործատու – համալսարան համագործակցության փայլուն օրինակ է: «Սա մի դեպք է, որ գործատուն որոշակի ներդրում է կատարում և, ըստ էության, մասնակցում է բուհի ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Այսօր աշխարհի շատ երկրներում մեծ տարածում է ստանում խելացի միջավայրը բնութագրող տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ, սպասարկման ոլորտում, ինչպես նաև արդյունաբերության զանազան բնագավառներում: Այս առումով «Խելացի լուծումների կենտրոն»-ը խելացի միջավայրի ստեղծման կոնցեպտն է իր հիմքում դրել, և մենք լիահույս ենք, որ  այս կենտրոնը հնարավորություն կընձեռի զարգացնելու  միջդիսցիպլինար կրթությունը, բացի դրանից կդառնա մի հարթակ այն բոլոր մարդկանց համար, ովքեր մտածում են կիբեռանվտանգության, մեքենայական ուսուցման, միկրոսխեմաների և այլ հարցերի զարգացման մասին», – նշեց Մ. Բաղդասարյանը:

Ներկաներին ուղղված խոսքում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) տնօրեն Էդ. Մուսայելյանը նշեց, որ մի քանի մասնագիտությունների տիրապետելը ժամանակի պահանջն է, և այդ տեսակետից  «Խելացի լուծումների կենտրոն»-ը հիանալի հարթակ կարող է հանդիսանալ նման մարդկանց համար, ովքեր փնտրում են նոր մարտահրավերներ: Էդ. Մուսայելյանը նշեց, որ իրականացվելու է մագիստրոսական ծրագիր, ինչպես նաև նախատեսվում է, որ դասավանդումը կիրականացնեն Պոլիտեխնիկի դասախոսները, որոնց վերապատրաստումը կիրականացնեն համապատասխան փորձ և սերտիֆիկացում ունեցող մասնագետներ։