Մեկնարկեց Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովը

Մեկնարկեց Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովը

Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի բացման առաջին լիագումար նիստը։

Գիտաժողովի բացմանը ներկա էր ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Նիստը բացեց և գիտաժողովի աշխատանքներին բարեհաջող ընթացք և գիտական առողջ բանավեճեր մաղթեց ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը։ Ռեկտորն իր խոսքում նշեց որ տարեկան գիտաժողովը բուհի գիտական գործունեության պատկերն է։ Կարևորելով գիտաժողովի դերը հատկապես երիտասարդ գիտաշխատողների, գիտությամբ զբաղվելու հավակնություն ունեցող ուսանողների և ասպիրանտների համար` Ո. Մարուխյանը նշեց, որ ամեն ինչ արվում է Պոլիտեխնիկի` ամուր հիմքեր գցած գիտական դպրոցի ավանդույթները տեխնիկական կրթության դրոշակակիրը դարձնելու համար։

Մինչև զեկուցումներին անցնելը՝ ՀԱՊՀ ռեկտոր Ո․Մարուխյանը Ռեկտորատի անունից մեծապես արժևորելով ՀԱՊՀ-Սինոփսիս համագործակցությունը՝ որպես համալսարան-արտադրություն համագործակցության լավագույն օրինակ, հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պարգևատրեց ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով՝ այն հանձնելով «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանին։ Հ․Մուսայելյանն էլ, իր հերթին համալսարանին նվիրեց հուշանշան, որում ներկայացված էր նաև Պոլիտեխնիկը։

Առաջին լիագումար նիստում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան – «Սինոփսիս» համագործակցության 15 տարի» թեմայով բովանդակալից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը։

Գիտաժողովի զեկուցումների հիման վրա կհրատարակվի «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուն՝ ներառելով գիտաժողովի բաժանմունքների երաշխավորած, գրախոսված և ժողովածուի խմբագրական խորհրդի կողմից ընդունված նյութերը: