Պոլիտեխնիկում ևս մեկ անգամ մեծարեցին Քառօրյա պատերազմի մասնակից զոհված ուսանող հերոսներին

Պոլիտեխնիկում ևս մեկ անգամ մեծարեցին Քառօրյա պատերազմի մասնակից զոհված ուսանող հերոսներին

Սեպտեմբերի 20-ին Պոլիտեխնիկական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի հաշվետու նիստը, որին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Օրակարգում ամբիոնի տարեկան հաշվետվության ներկայացումն էր:

Նիստը բացեց ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Բաղդասարյանը, ով ներկայացրեց 2018-2019 ուստարում ամբիոնում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Նա մասնավորապես նշեց, որ ամբիոնը, ելնելով համալսարանի առանձնահատկությունից, որպես հիմնական նպատակ հավակնում է ուսանողների շրջանում հայրենասիրության, պետական մտածողության ամրապնդման մասնակիցը լինել և նրա հիմնական խնդիրներն են՝ երիտասարդ սերնդի մոտ որպես ՀՀ քաղաքացի գիտակցության ընկալումն ու բարձրացումը, ինչպես նաև ապագա ճարտարագետների շրջանում հումանիստական գաղափարների դաստիարակումը։

Ն. Բաղդասարյանը մանրամասնորեն ներկայացրեց համահամալսարանական ամբիոնի կողմից սպասարկվող առարկաները, մասնագիտությունների ցանկը (միջին մասնագիտական, բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով),  կադրային կազմը:  Կատարվեց նաև պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի հաստիքների կառուցվածքի և նախորդ տարիների համեմատությամբ փոփոխությունների վերլուծություն: Նշվեց, որ ամբիոնը երիտասարդացման խնդիր ունի, որը պայմանավորված կրթական համակարգում իրականացվող փոփոխություններով, ժողովրդագրական գործընթացներով և սոցիալական բարդ  իրավիճակով,    դանդաղում է:

Ամբիոնում առկա են դասավանդվող բոլոր առարկաների կրթական ծրագրերը։ Հարկ է նշել, որ կրթական բոլոր ծրագրերը նորացված են:

Առաջադիմության ցուցանիշների վերաբերյալ Ն. Բաղդասարյանը նշեց, որ «չստուգված» և «անբավարար» ստացած ուսանողների գերակշիռ մասը պարզապես չի մասնակցել քննություններին և ստուգարքներին՝ երբեմն հարգելի, իսկ երբեմն էլ անհարգելի պատճառներով: Նրանց մի մասը իներցիայի ուժով ակնկալում է հետագայում ստանալ իր ստուգարքը կամ քննությունը առավել հեշտ եղանակով /ոչ լիարժեք պատասխան տալով/, սակայն պետք է փաստել, որ նման ուսանողների ճանապարհը գրեթե փակված է  և կարծում ենք՝ այս արատավոր երևույթից իսպառ ձերբազատվելու միակ ձևը  հետևողական և համակարգված աշխատանքն է։

Ն. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարում ամբիոնը, օգտվելով ինովացիոն կենտրոնի հնարավորություններից,  սկսել է արժեքավոր գրքերի թվայնացման գործընթացը, իսկ ամբիոնի գրադարանը համալրվել է մասնագիտական գրականությամբ: Ն. Բաղդասարյանը նշեց, որ այս խնդրում մեծ է ռեկտոր Ո․ Մարուխյանի ավանդը, որի համար ամբիոնը  իր խորին    շնորհակալությունն է հայտնում:

Ամբիոնի նիստի ավարտին ելույթներով հանդես եկան Մ. Աղայանը, Ա. Մելիքյանը, Է. Էլբակյանը, Հ. Պետրոսյանը և այլք:

Իր ելույթում ռեկտոր Ո. Մարուխյանը նշեց, որ հաշվետվությունը ներկայացվեց պատշաճ մակարդակով, ճշգրիտ ձևակերպումներով և վերլուծական էր: Ռեկտորը հավելեց, որ  հումանիտար հոսքով բաժինները կարևոր են տեխնիկական ուղղվածություն ունեցող բուհի համար: Նա ամբիոնի կատարած աշխատանքը գնահատեց բարձր:

Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ ևս մեկ կարևորագույն միջոցառում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ևս մեկ անգամ մեծարեցին Քառօրյա պատերազմի մասնակից զոհված ուսանող հերոսներին: Ամբիոնը Պոլիտեխնիկ էր հրավիրել հերոսներ Արամ Աբրահամյանի և Կարեն Ներսիսյանի ծնողներին, որոնց ռեկտոր Ո. Մարուխյանը հանձնեց շնորհակալագրեր արժանավոր զավակներ դաստիարակելու համար և փոխանցեց իրենց որդիների անձնական գործերը: Պոլիտեխնիկականում կարողանում են ուսուցումը զուգակցել հայրենասիրական դաստիարակությամբ՝ տալով հայոց բանակին արժանապատիվ զինվորներ և գեներալներ։ Հետևաբար այսօրինակ միջոցառումները անչափ կարևոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու և վառ ու հերոսական օրինակները ներկայացնելու համար, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, նրանք անպարտելի են: Անպարտելի էին նաև Պոլիտեխնիկի այն 2 ուսանողները՝ Արամ Աբրահամյանը և Կարեն Ներսիսյանը, ովքեր  հայրենի հողի պաշտպանության անձնուրաց պայքարում իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին: