Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը թարգմանվել է իտալերեն

Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը թարգմանվել է իտալերեն

Հռոմի Կազանատենցե գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մասնակցել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի իտալերեն թարգմանված «Դանթեական առասպել» պոեմի շնորհանդեսին:

Հաճելի անակնկալ իտալացիների և հատկապես հայերիս համար: Ով է այս ամենի հեղինակը և ինչպես է դա տեղի ունեցել:

Իտալիա-Հայաստան գրական կամուրջը ստեղծվել է միջազգային գիտատեխնոլոգիական կենտրոնի կողմից ֆինանսավորված և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացված A-1358, A-1841 և A-2115 գիտական նախագծերի շնորհիվ, որոնք առնչվում են նոր սերնդի կորոնար ստենտներիբնագավառին: Այս նախագծերի միջազգային կոլաբորատորներից մեկը եղել է Պիզայի համալսարանի պրոֆեսոր  Ալֆոնսո Պոմպելան: Նախագծերի գիտական ղեկավար, ՀԱՊՀ Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերժ Սարգսյանը նախագծերի իրականացման ընթացքում համագործակցել է կոլաբորատոր, Պիզայի համալսարանի (Իտալիա) Ընդհանուր պաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության ոլորտում հայտնի գիտնական, պրոֆեսոր Ալֆոնսո Պոմպելայի հետ: Բնականաբար, շփվելով նախագծի ղեկավարի և կատարողների հետ, շրջելով Հայաստանում, Ա. Պոմպելան հետաքրքրվել է Հայաստանով և հայերի ճակատագրով: Միջազգային  գիտական  գրախոսական հանդեսներում տպագրված ավելի քան 140 աշխատանքների, ինչպես նաև ազգային և միջազգային գիտաժողովներում ունեցած շուրջ 130 զեկուցումների հեղինակ Ա. Պոմպելան երկու անգամ եղել է Հայաստանում: Շատ է սիրել Հայաստանը և խոստովանել է, որ այն իր երկրորդ հայրենիքն է: Եվ ջերմ հուշերն ու հայկական պատկերներն իր հոգում պահած իտալացի գիտնականը որոշել է Հայաստանը և հային ներկայացնել Իտալիայում: Հայերեն չիմանալով՝ որոշել է իր սրտի թելադրանքով անել անկարելին՝ թարգմանել հայ գրականությունից մի հատված: Ընտրել է յուրաքանչյուրիս համար հոգեհարազատ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը, որտեղ «Կապույտ երկնքի խորությամբ արբած, թարմ թեթև հոգով և ուրախ, սիրտը բաց ճամփորդին» սպասում են ավերված ուղի, զարհուրելի տեսարաններ: պոեմն ընդգրկում է Հայաստանում 1915թ. արյունալի դեպքերն ու իրադարձությունները:

Իր սրտի նվիրական ցանկությունն իրականացնելու համար Ա. Պոմպելան Պիզայի համալսարանի պրոֆեսոր Ստեֆանիո Գարցոնիոյի և դեսպանատան միջոցով գտավ հայ համահեղինակին՝ Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանին: Նրանք համատեղ իրականացրին պոեմի թարգմանության աշխատանքները և գեղեցիկ ձևավորված «Դանթեական առասպել» երկլեզու՝ հայերեն – իտալերեն գիրքը դրված է ընթերցողի սեղանին:

Ի դեպ, այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակը՝ Ալֆոնսո Պոմպելան գրքի մեկ օրինակ՝ ջերմ մակագրությամբ,  ուղարկել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր, իր գործընկեր հայ բարեկամին՝ Սերժ Սարգսյանին: