Մեկնարկեց «Միասնության Ուժ»-ը ուսանողական, երիտասարդական հավաքը

Մեկնարկեց «Միասնության Ուժ»-ը ուսանողական, երիտասարդական հավաքը

ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ ուսանողների, երիտասարդների համար «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհուրդը, Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում, օգոստոսի 21-26-ը կազմակերպում է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաք, նպատակ ունենալով երկրում գերակա դարձնել խելացի երիտասարդների միասնության գաղափարը՝ ելնելով նաև Հայաստանի համար բոլոր ժամանակների ռազմաքաղաքական իրավիճակից:

Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններ, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի, Աղասի Ասատրյանի և Մերուժան Ստեփանյանի ընտանիքի անդամներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Ողջունելով ներկաներին, ռեկտորը իր շնորհակալանքի խոսքն ուղղեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների ընտանիքի անդամներին, հավաքի բացմանը ներկա գտնվելու համար, խոսեց հավաքի և նրա նշանակության մասին։ «Ողջունում եմ բոլոր ներկաներին, հատկապես արդեն առաջին կուրսեցու կարգավիճակ ունեցող պոլիտեխնիկցիներին: Ձեր մուտքը Պոլիտեխնիկ թող բարի լինի: Այս օրերը շատ կհիշեք, քանի որ այս ճամբարում շատ և շատ բարի գործեր են կատարվել: Այս ճամբարում իրենց մկրտությունն են ստացել  անձինք, ովքեր այսօր Պոլիտեխնիկի ղեկավար կազմի մեջ են և մեր պետության արտադրության ղեկավարներն են: Սա եղել է մի միջավայր, որտեղ ստեղծվել են ընտանիքներ… տա Աստված, որ առաջին անգամ այստեղ սիրահարվեք: Բարի ժամանց ձեզ:  Միասնական եղեք, քանի որ մենք հզոր ենք, երբ միասին ենք»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Պոլիտեխնիկի շրջանավարտ Հակոբ Արշակյան և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Նախարարը և փոխնախարարը ողջունեցին ներկաներին, իրենց շնորհակալանքի և երախտիքի խոսքն ուղղեցին քառօրյա պատերազմի հերոսների ընտանիքի անդամներին և կոչ արեցին մասնակիցներին հպարտությամբ կրելու մեր հերոսների անունները։

Ներկաներին ողջունեց նաև ռեկտորի տեղակալ, հավաքի հիմնադիր-տնօրեն Գոռ Վարդանյանը։ «Հիմնադրելով այս հավաքը, մենք նպատակ ենք ունեցել վառ պահելու մեր հերոսների հիշատակը, և ցույց տալու որ նրանք յուրաքանչյուրիս սրտերում են և մտքերում»,-ասաց Գ.Վարդանյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով համալսարանի ղեկավարությանը աջակցության համար, ՈւԽ նախագահը հավաքի բոլոր մասնակիցներին մաղթեց միասնության ուժով, ոգով և առողջ մրցակցությամբ լի օրեր: Գ. Հարությունյանը հույս հայտնեց, որ ուսանողները կրկին առիթ կունենան հանդիպելու բուհի ղեկավարության հետ:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ Պատվո Պահակախմբի ելույթով։

 

***

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը, ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված է «Պ» տառին՝ խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն են։

«Միասնության ուժը» հավաքին մասնակցում է ավելի քան 180 երիտասարդ ՀՀ-ից և ԼՂՀ-ից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ ԱՐՄԵՆԱԿ Ուրֆանյանի, ԱՂԱՍԻ Ասատրյանի և ՄԵՐՈՒԺԱՆ Ստեփանյանի անունուններով։

Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները մրցելու են 15 մարզաձևերում։ Հանդիպումներ, քննարկումներ են ունենալու հասարակական, պետական, քաղաքական գործիչների, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ առաջին «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարադական, ռազմահայրենասիրական հավաքը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը: