Պոլիտեխնիկում մեկնարկեց միջազգային գիտաժողով

Պոլիտեխնիկում մեկնարկեց միջազգային գիտաժողով

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց «Ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոններից օրգանական և նավթային մթերքների ստացումն ու ռազմավարական անհրաժեշտությունը» խորագրով միջազգային երկրորդ գիտագործնական գիտաժողովը։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանը, ՀՀ ԳԿՆ Գիտության պետական կոմիտեն, ՀԱՊԿ  հայաստանյան ներկայացուցչությունը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան:

Գիտաժողովի կազմակերպական կոմիտեի նախագահն է Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը: Նա իր խոսքում նշեց, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև տարածաշրջանի էներգետիկական անվտանգության և անկախության ապահովմանը միտված նորարարական տեխնիկական մեթոդներին: Գիտաժողովի բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Թորոսյանը, ՀՃԱ նախագահ, ՌԴ պատվավոր ճարտարագետ Սերգեյ Մինասյանը, դասախոսներ, գիտական հետազոտողներ, ուսանողներ:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը: Նա իր խոսքում նշեց, որ նման գիտաժողովները հնարավորություն են ստեղծում խրախուսել և առկա գործընթացներին մասնակից դարձնել գիտությամբ զբաղվող երիտասարդներին։ «Ողջունում եմ ձեզ, սիրելի մասնակիցներ և հյուրեր: Ձեր մասնակցությունը հաստատում է ձեր հետաքրքրությունը գիտաժողովի նկատմամբ: Գիտաժողովը մեծ հնարավորություն է տալիս ինժեներներին, գիտնականներին՝ հանդիպել, փոխանակվել իրենց գիտական արդյունքներով և վերջին նվաճումներով: Գիտաժողովը հնարավորություն է տալիս բախվել գործնական պրոբլեմների հետ և գտնել դրանց լուծումները: Հույս ունեմ, որ ձեր մասնակցությունը  մեր կոնֆերանսում կլինի արդյունավետ և կծառայի ձեր ապագա նվաճումների և հաջողությունների իրականացմանը: Հուսով եմ նաև, որ ձեր գիտելիքները կնպաստեն մարդու կյանքը ավելի երկար ու երջանիկ դարձնելուն: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել գիտաժողովի կազմկոմիտեին, որը ջանք ու եռանդ չի խնայել այս կոնֆերանսի իրականացման գործում», -նշեց ռեկտոր Ո. Մարուխյանը:

Ողջույնի խոսք ասաց նաև ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության ինստիտուտի տնօրեն Ն. Թորոսյանը. «Պատիվ ունեմ ողջունել «Ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոններից օրգանական և նավթային մթերքների ստացումն ու ռազմավարական անհրաժեշտությունը» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակիցներին: Այն մոտեցումները, որոնք կքննարկվեն գիտաժողովի ընթացքում, կլինեն շատ արդյունավետ  բնական ռեսուրսները խնայելու տեսակետից: Վստահ եմ՝ գիտաժողովը կանցնի ավելի արդյունավետ քան սպասվում էր»,-նշեց նա: Ն. Թորոսյանը Պոլիտեխնիկի 85-ամյակի կապակցությամբ հուշանվեր հանձնեց ռեկտոր Ո. Մարուխյանին:

Այնուհետև Գ. Թորոսյանը հետաքրքիր սլայդների միջոցով ներկայացրեց մեր համալսարանի պատմությունը արտասահմանցի հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով «ՀԱՊՀ թանգարան-մշակույթի կենտրոնի» տնօրեն Արկադի Դուրինյանին՝ նյութերի և նկարների տրամադրման համար:

«Ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոններից օրգանական և նավթային մթերքների ստացումն ու ռազմավարական անհրաժեշտությունը» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանի Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիաների համալսարանից, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկաօրգանական քիմիայի ինստիտուտից, Քուաշեգի առաջատար հետազոտությունների ինստիտուտից (Հունգարիա), Բելառուսի Պոլոցկի պետական համալսարանից, Ուկրաինական ինժեներամանկավարժական ակադեմիայից, Գուբկինի անվան նավթի և գազի ռուսական պետական համալսարանից;

 Գիտաժողովի 2 օրերի ընթացքում կներկայացվեն վառելիքային տնտեսությունների և օրգանական, նավթաքիմիական սինթեզի համար ածխաջրածնային հումքի ստացման բնագավառում նոր տեխնոլոգիական մշակումներ: Զեկուցողները կծանոթացնեն տարածաշրջանի էներգետիկական անվտանգության և անկախության ապահովմանը միտված նորարարական տեխնիկական մեթոդներին:

Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև  բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցուցյամբ «կլոր սեղաններ»:

Պլենար զեկուցումները կլինեն հետևյալ թեմաներով՝  «Ածխաջրածնային և գյուղատնտեսական թափոնների վերամշակմամբ գազային և հեղուկ վառելիքի ստացումը», «Ոչ արդյունավետ վառելիքի վերամշակմամբ օրգանական սինթեզի հումքի ստացումը», «Պինդ թափոնների պիրոլիզ», «Կանաչ էկոնոմիկա՝ առաջարկվող տեխնոլոգիաների արդյունավետությունը, շահութաբերությունը և էկոլոգիական անվտանգությունը»: