Հայրենասիրական միջոցառում Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում

Հայրենասիրական միջոցառում Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում

Արիության ու հայրենասիրության դաստիարակման վառ օրինակ էր ՀԱՊՀ Ավագ դպրոցում հոկտեմբերի 9-ին անցկացված միջոցառումը, որը կազմակերպվել էր դպրոցի 11-ի Ա դասարանի շնորհալի աշակերտների և դասղեկ, ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Ռեհանյանի համատեղ ջանքերով:

Իրենց ներկայությամբ ցերեկույթը պատվել էին փոխտնօրեններ Հենրիկ Շախգուլյանը և Աիդա Ռեհանկանը: Ներկա էին ծնողներ, աշակերտներ և հյուրեր:

Միջոցառումը կրում էր «Մենք ենք տերը մեր երկրի» խորագիրը և նվիրված էր Երևանի 2800 – ամյակին:

Ա. Ռեհանյանի խոսքով՝ միջոցառման նպատակը հայրենասիրություն  ու  հայապահպանոթյուն արմատավորելն ու դրա զարգացմանը նպաստելն է:

Միջոցառումն ընթացավ աշակերտների հայրենասիրական խոսքով, խրոխտ երգով ու շարունակվեց հայ գրողների ստեղծագործություններից, հայոց պատմությունից արձակ և չափածո մեջբերումներով` հանդիսատեսին պարգևելով հուզիչ և ոգևորող ակնթարթներ:

Միջոցառման մասնակից շնորհալի աշակերտների երգն ու ասմունքը արևի ճառագայթների նման տարածվում էր դասասենյակում՝ միահյուսվելով ներկաների սրտի խոսքին, հուզմունքին ու Հայաստանը հզոր ու բարգավաճ տեսնելու նվիրական երազանքին:

Միջոցառման վերջում փոխտնօրեն՝ Հ. Շախգուլյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ Ա. Ռեհանյանին և միջոցառման բոլոր  մասնակից աշակերտներին՝ կարևորելով հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ մեր օրերում մեծանում է հզոր, գիտակ, հայրենասեր ոգի ունեցող մի սերունդ, որը ամեն պահի կարող է մի բռունցք դառնալ: Այս գնահատականը ավելի շոշափելի դարձավ, երբ իր սրտաբուխ խոսքով նույնը հավաստեց փոխտնորեն Ա. Ռեհանյանը: Նա ավելացրեց, որ միջոցառումը հերթական ապացույցն է այն բանի, որ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում կա հայրենասիրական ոգի և դաստիարակություն: