Առաջատար համալսարան համաշխարհային հավակնություններով

Առաջատար համալսարան համաշխարհային հավակնություններով

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ունի ուսումնական գործընթացի իր առանձնահատկությունները, ինչի արդյունքում ՀԱՊՀ-ի շրջանավարտն օժտվում է տրամաբանելու, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությամբ:

Համալսարանում բակալավրական կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողին իր ընտրած մասնագիտությամբ ստանալ բազային՝ պատրաստվածություն, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հարմարվել աշխատաշուկայի փոփոխվող կոնյունկտուրային և յուրացնել հարակից մասնագիտություններ: Bachelor (բակալավր) եզրույթի համար հայտնի է հետևյալ մեկնաբանությունը՝ «Արևի տակ իր տեղը հայցող»: Մագիստրոսական կրթական ծրագիրը, հանդիսանալով բակալավրական կրթական ծրագրի շարունակությունը, ուսանողին տալիս է առավել խորացված գիտելիքներ՝ պատրաստելով նրան գիտահետազոտական և մանկավարժական աշխատանքների իրականացման և ուսումը ասպիրանտուրայում շարունակելու համար: Անշուշտ, մեզանում մագիստրոսական կրթության ուղղությամբ զգալի անելիք կա: Ի տարբերություն բակալավրի դիպլոմային աշխատանքի, մագիստրոսական թեզը պետք է ունենա գիտական նորույթ, որը պետք է արտացոլված լինի ուսումնառության ընթացքում ուսանողի ներկայացրած զեկույցներում, կատարած հետազոտական աշխատանքների ամփոփման արդյունքում հրատարակած գիտական աշխատտությունում: Ինչ վերաբերում է մագիստրոսական կրթության արդարացման հարցին, ապա մագիստրոսը իր մասնագիտությամբ աշխատանք է գտնում ավելի հեշտ, քան բակալավրը: Դա բացատրվում է նրանով, որ մագիստրոսական կրթություն ստացած անձը աչքի է ընկնում մասնագիտական խնդիրների ձևակերպման, խորքային լուծումների առաջադրման և վերլուծական կարողություններով:

Պոլիտեխնիկի  ուսանողները բուհի ներսում ունեն ազատ տեղաշարժի իրավունք, եթե ուսման ընթացքում զգան, որ ընտրած մասնագիտությունն իրենցը չէ: Բակալավրի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է երկրորդ և երրորդ կուրսերում, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողներինը՝ առաջին կիսամյակի ավարտից հետո: Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կուրս կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու: Բուհի ներսում ուսանողի տեղափոխությունը մեկ մասնագիտությունից մյուսը իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն: Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթում:

Բուհում ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի վրա հիմնված կրեդիտավարկանիշային համակարգը, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել Պոլիտեխնիկի ուսանողների շարժունության տարբեր ծրագրեր: Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման գործընթացի համատեքստում իրականացվում են նաև տարբեր համատեղ կրթական ծրագրեր, հաստատվում են սերտ կապեր ՀԱՊՀ-ի և արտասահմանյան առաջատար բուհերի հետ, ինչն ուսանողներին կրկնակի դիպլոմի շնորհման հնարավորություն է տալիս: Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգն (ECTS) արտահայտում է միջին հաշվով մեկ ուսումնական տարում ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունը 60 ակադեմիական կրեդիտներով: Այն նախատեսված է բարձրագույն կրթության եվրոպական տարածքում ուսանողների կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ տեղափոխումը հեշտացնելու նպատակով:

ՀԱՊՀ շրջանավարտը պատրաստ է մասնագիտությամբ աշխատել: Ավելին, համալսարանում ուսուցանվող մասնագիտությունների բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը հնարավորություն է տալիս ստացած բազային գիտելիքների հենքի վրա զարգացնել կարողություններ: ՀԱՊՀ-ի շրջանավարտն կարողանում է հստակ ծրագրեր մշակել, ինչը նրան հնարավորություն է տալիս անհրաժեշտ պարագայում առաջադրել իրավիճակային լուծումներ: Այս առավելությունը բազմիցս արձանագրել են նաև գործատուները: Լավագույն օրինակն է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ համագործակցությունը: ՀԱՊՀ-ն համագործակցում է նաև էներգետիկ ոլորտի և ՀՀ-ում գործող լեռնամետալուրգիական բոլոր խոշոր ձեռնարկությունների հետ, որոնց ցանկը պատկառելի է: Անշուշտ, այս առումով դեռ շատ անելիքներ կան. նախ, դա անընդհատ պրոցես է, որը երբեմն կարող է իրավիճակային լուծում ունենալ: Մասնավորապես հսկայական աշխատանք պետք է կատարվի գործատուների կողմից ուսումնական հաստատությունում մասնագետի պատրաստման, ինչպես նաև նախագծային և հետազոտական աշխատանքների մասնակցության և պատվերի ձևավորման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման ուղղությամբ: