Պոլիտեխնիկի ուսանողին «Պետրոս Ալոյան» հիմնադրամը մրցանակ շնորհեց

Պոլիտեխնիկի ուսանողին «Պետրոս Ալոյան» հիմնադրամը մրցանակ շնորհեց

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի հունիսի 26-ի նիստը սկսվեց հաճելի արարողությամբ: Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ռեկտորատին ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների հետ Պոլիտեխնիկի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի համագործակցությունը տվեց իր արդյունքը:

Ռեկտորատի հյուրերն էին «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպություն գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը և «Պետրոս Ալոյան» հիմնադրամի տնօրեն Աննա Ալոյանը, ովքեր ֆինանսական խոշոր մրցանակ հանձնեցին Ն. 425 խմբի ուսանող Խորեն Ջամկերտյանին՝ գերազանց ավարտական աշխատանք ներկայացնելու համար:

Ռեկտոր Ո. Մարուխյանը նշեց, որ այս տարի Հ. Ալոյանը մասնակցել է մեր որակավորման գործառույթն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին և այդ միջոցով էլ ընտրել է ուսանողին, ով պետք է ստանար «Պետրոս Ալոյան» հիմնադրամի սահմանած մրցանակը:

Խ. Ջամկերտյանին տրամադրվեց մրցանակային գումար՝ 1500 եվրո, որի մի մասը պետք է հատկացվի մագիստրատուրայի ուսման վարձի մարմանը:

Հ. Ալոյանը նշեց, որ Պոլիտեխնիկի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի հետ համագործակցությունը չի սահմանափակվում ֆինանսական մրցանակների տրամադրմամբ. համագործակցության շրջանակներում ՀԱՊՀ ուսանողների հետ տեղի են ունենում տարբեր հանդիպումներ և սեմինարներ:

«Պետրոս Ալոյանի» անվան հիմնադրամի տնօրեն Հ. Ալոյանը բարձր գնահատեց Պոլիտեխնիկի հետ համագործակցությունը և նշեց, որ ֆինանսական մրցանակի նպատակը ուսանողին մոտիվացնելն է:

Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը շնորհակալություն հայտնեց  «Պետրոս Ալոյան» հիմնադրամին, նշելով, որ սա առաջին խոշոր մրցանակն ու մոտիվացիոն ծրագիրն էր, որը իրականացրեց  «Պետրոս Ալոյան» հիմնադրամը: Նա վստահություն հայտնեց, որ  բուհ-արտադրություն այս կապը դեռ կխորանա ու կամրապնդվի: