Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում հնչեց վերջին զանգը

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում հնչեց վերջին զանգը

Այսօր մայիսի 24-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում  տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցի Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Պոլիտեխնիկի ռեկտոր, պրոֆեսոր Ո.Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը, տեղակալ Նելլի Համբարձումյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, ծնողներ և հյուրեր:

Միոջցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը: Շնորհավորելով ներկաներին՝ տնօրենը նորանոր հաջողություններ մաղթեց դպրոցն ավարտողներին, շնորհավորեց նրանց ծնողներին և վստահեցրեց հյուրերին, որ վստահ, բանիմաց և խիզախ սերունդ է մտնում նոր կյանք:

Ելույթին հաջորդեց աշակերտների բեմականացված ներկայացումները: 12 զ դասարանի աշակերտ Նարեկ Վելիցյանն իր ուսուցչուհու հետ, որպես անակնկալ, պատրաստել էր իր հեղինակած բանաստեղծությունների ժողովածուն Կարոտ անվամբ, որը սիրով նվիրեց դպրոցի տնօրինությանը:

Միջոցառման կազմակերպական աշխատանքները սկսվել էին դեռևս մի քանի շաբաթ առաջ: Առանձնակի ուշադրություն էր դարձվել երաժշտական ձևավորմանը: Իրենց ելույթով հերթական անգամ փայլեցին Պոլիտեխնիկ Բենդի տղաները: Դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանի խոսքով վերջին զանգի նման միջոցառումն աննախադեպ է Պոլիտեխնիկի դպրոցական կյանքում:

Վերջին զանգ, ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոն։ Վերջին զանգն անց է կացվում մայիսի վերջին, երբ ուսումն արդեն ավարտված է, իսկ ավարտական քննությունները դեռևս չեն սկսվել։ Վերջին զանգը վերջակետ է դնում երկար տարիներ անցկացրած ուսումնական մարաթոնին իր դասերի և դասամիջոցների, գրավոր և տնային աշխատանքների հետ միասին։ Վերջին զանգը մեծ դպրոցական տոն է, որն ուղղված է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Այն իր մեջ ներառում է հյուրերի, տնօրենի, առաջին ուսուցչուհու, ծնողների, առաջին դասարանցիների և 9-րդ ու 11-րդ դասարանցիների ավարտական խոսքերի ներկայացումներ։