Արտերկրից ժամանած պրոֆեսորը սեմինար վարեց ՀԱՊՀ Քոլեջի ուսանողների համար

Արտերկրից  ժամանած պրոֆեսորը սեմինար վարեց ՀԱՊՀ Քոլեջի ուսանողների համար

ՀԱՊՀ Քոլեջի տնօրենության նախաձեռնությամբ և Օտար լեզուների ամբիոնի դասախոս Անի Մուրադյանի մասնակցությամբ քոլեջի ուսանողների հյուրն էր ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հայազգի պրոֆեսոր, կոնֆերանսների կազմակերպիչ Ալի Բարզանյանը:

Հյուրին ներկայացրեց ՀԱՊՀ Քոլեջի տնօրեն Էլբակ Էլբակյանը: Նա շնորհակալություն հայտնեց Ալի Բարզանյանին ՀԱՊՀ այցելելու համար և կարևորեց միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հանդիպումները ուսանողների հետ:

«Թվային դարաշրջան. տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթական համակարգում»  խորագրով դասախոսության ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց հասարակական կյանքի և կրթական ոլորտի վրա հաղորդակցական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության մասին:

Ալի Բարզանյանը խոսեց Սիլիկոնյան հովտի, նրա ստեղծման պատմության և Սթենֆորդի համալսարանի հետ կապի մասին: Նա պատմեց, որ 1919 թ. Սթենֆորդի համալսարանի ռեկտոր Ֆրեդերիկ Տերմանն աջակցում էր գործարարներին՝ հնարավորություն ստեղծելով, որ նրանք ներդրումներ կատարեն բուհում՝ բարձրացնելով դասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողության բարոյահոգեբանական ոգին. մարդիկ արդեն վստահ էին, որ Սթենֆորդի համար խորթ կլինի ամեն տեսակի ֆինանսական ճգնաժամերը: Կես դար անց բուհը ֆինանսական օգնության կարիք էր զգում, սակայն համալսարանի հիմնադիր Լելանդ Սթենֆորդի գրած կտակը թույլ չէր տալիս համալսարանական տարածքները վաճառել կամ առանձնացնել բուհի սեփականությունից: Վարձակալության մասին, սակայն, ոչինչ չկար գրված: Ռեկտոր Տերմանի և ամերիկացի գործարարների սերտ կապերի արդյունքում՝ բուհը խոշոր ներդրումներ ստացավ. համալսարանին պատկանող հսկայական տարածքներն այդ տարիներին ուղիղ 99 տարի ժամկետով վարձավճարով տրվեցին բարձր տեխնոլոգիաներ արտադրող ընկերություններին: Այդ ժամանակ էլ ծնվեց Սթենֆորդյան արդյունաբերական պարկը, որն այսօր հայտնի է Սիլիկոնային հովիտ անվամբ: Ստանալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ համալսարանը կարողացավ արագորեն զարգացնել իր գիտահետազոտական բոլոր կենտրոնները: Այնտեղ այսօր գիտական հետազոտություններ են անցկացվում տարբեր ոլորտներում՝ գենետիկայից մինչեւ մշակութային անթրոպոլոգիա:

Այսօր Սթենֆորդն աշխարհում հայտնի է որպես լավագույն բիզնես կրթություն ստանալու կրթօջախ: Այդտեղ են կատարվում բարձր տեխնոլոգիաների վերջին ու լավագույն զարգացումները: Ընդ որում՝ բուհը տալիս է նաև մինչբուհական կրթություն, ունի պրակտիկայի (internship), իսկ շրջանավարտները՝ հզոր ընկերություններում աշխատանքի անցնելու լայն հնարավորություններ:

Ալի Բարզանյանը հավելեց, որ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտները հիմնադրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Hewlett -Packard»-ը, «Electronic Arts»-ը, «Sun Microsistems»-ը, «Nvidia Yahoo»-ը, «Cisco Sistems»-ը, «Silico «Silicon Graphics» և «Google»-ը:

Պրոֆեսորը մանրամասն ներկայացրեց Սթենֆորդի համալսարանում ստեղծված առաջին էլեկտրոնային գրքի, այնուհետև գրքի պաշտպանիչ թաղանթների ստեղծման պատմությունը:

Պրոֆեսորը նշեց, որ  կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը, կրթական համակարգի արդիականացումը, ուսուցման և ուսումնառության արդյունավետությունն են ապահովում։ Այսօր դասական բուհի կողքին կան նաև այլ միջոցներ, օրինակ` օնլայն հեռավար կուրսեր և տարբեր ծրագրեր, որոնց միջոցով անհատը կարող է ինքնուրույն գրանցվել և տարբեր տեսակի դասընթացների մասնակցել ինտերնետի միջոցով: Այս ամենը շատ արագ զարգանում է ամբողջ աշխարհում, և նաև Հայաստանում շատերին գիտեմ, որ օգտվում են այդ ծառայություններից:

Քոլեջի տնօրեն Է. Էլբակյանը շնորհակալություն հայտնեց հյուրին հետաքրքիր դասախոսության համար:

Հանդիպման ավարտին ուսանողները հյուրին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: