Պոլիտեխնիկում բացվեց «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը

Պոլիտեխնիկում բացվեց «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքում «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» բազմապրոֆիլ հոլդինգը շահագործման հանձնեց  «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը:

Կենտրոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ, ՀԱՊՀ Շրջանավարտների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը և այլ պաշտոնատար անձինք։

Հյուրերին ողջունեց ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը` ներկայացնելով «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը: «Կենտրոնի բացումը հնարավորություն կտա միջազգային չափանիշներին համապատասխան կրթական բաղադրիչ ապահովել։ Այս բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ մենք կկարողանանք բարձրորակ մասնագետներ պատրաստել, ուսանողներին հնարավորություն  տալ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին»-իր խոսքում նշեց ռեկտորը։

Ո. Մարուխյանը կենտրոնի բացման առթիվ պոլիտեխնիկական ողջ հանրույթի անունից շնորհակալանքի և երախտագիտության խոսք ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր ներկայությամբ նորարարական կենտրոնի բացումը պատվելու կապակցությամբ։

Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև «Կասկադ-էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց կատարեց նորաբաց ինովացիոն կենտրոնում, ծանոթացավ բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիային, Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ուսումնական կենտրոնին և լսարանների պայմաններին: Նախագահին ներկայացվեց նաև համակարգի ներդրումից հետո ակնկալվող հիմնական արդյունքները:

Նշվեց նաև, որ լաբորատորիաների ստեղծմամբ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնի ստեղծումը կխթանի նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը: Պատասխանատուները հավաստեցին, ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվում է կրթաթոշակների տրամադրում ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտների՝ 2016-2017 թվականների ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող 55 ուսանողի:

«Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնն իր մեջ ներառում է «Տաշիր» խմբում ընդգրկված «Կասկադ» և «Ասկո» ընկերությունները` «Տաշիր»-«Կասկադ» և «Ասկո» լաբորատորիաները:

«Կասկադ» ընկերությունը շուրջ 10 տարի զբաղվում է ռուսական քաղաքների էներգետիկ հարցերով: Ընկերության գործունեության կարևոր մասն են հանդիսանում էլեկտրաէներգիայի փոխանցման և տնօրինման հարցերը, ինչպես  նաև էլեկտրո և ջեռուցման համակարգերի շահագործումը: Ընկերությունը նաև ցածր լարման էլեկտրասարքավորումներ է մատակարարում բնակելի շենքերին, ինչպես նաև խոշոր ընկերություններին:

«Ասկո» ընկերությունը մասնագիտացված է իրական ժամանակում շարժակազմին հետևելու, տեղեկատվության հավաքագրման, պահպանման և մշակման աշխատանքներում: Տեղեկատվության հավաքագրումն ու մշակումը ընկերությանը հնարավորություն են տալիս վագոնների, տեղափոխվող բեռների մասին  համապարփակ պատկեր ունենալ: Վերջինիս շնորհիվ հնարավորություն է ստեղծվում նախօրոք շտկել առևտրային թերությունները:

«Տաշիր»-«Կասկադ» լաբորատորիան հագեցած է էլեկտրաէներգետիկական համակարգերի կառավարման սարքերով, իսկ «Ասկո»-ն՝ հաշվիչներով, ինչպես նաև ստուգիչ և չափիչ սարքերով:

Արժե նշել, որ «Տաշիր» ընկերությունների խումբը մի քանի փուլով իրականացնում է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մասնաշենքի հիմնարար վերանորոգումը: Առաջին փուլում վերանորոգվել է 2-րդ մասնաշենքի 3-րդ հարկը. և 2017թ. հունիսի 5-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ռուսական ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ «Գերազանցության» կենտրոնի բացումը: Կենտրոնում տեղակայված են էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։

Նորագույն տեխնոլոգիաներով զինելու գործընթացում մասնաշենքի տանիքին տեղակայվել են 2.5 կՎտ հզորությամբ 10 արևային լուսաէլեկտրական պանելներ, որոնք աշխատում են Schneider Electric-ի պատրաստած ինվերտորներով՝ հնարավորություն ընձեռելով կատարելու տարաբնույթ փորձեր:

Երկրորդ փուլում վերանորոգվեց մասնաշենքի 2-րդ հարկն ամբողջապես: Այստեղ տեղակայվեց «Կասկադ հոլդինգ» ինովացիոն կենտրոնը:

2-րդ փուլի աշխատանքների ընթացքում մասնաշնեքի 2-րդ, 3-րդ հարկերում տեղակայվել են ևս 13 նկարահանող նոր սարքեր, հակահրդեհային և ձայնային համակարգեր և հայտարարությունների համար նախատեսված 8 մոնիտորներ:

Ձայնային համակարգի միջոցով դասամիջոցն ազդարարող զանգի փոխարեն կհնչի նախատեսված երաժշտություն, ինչպես նաև հնարավոր կլինի հայտարարություններ անել:

Վերանորոգման աշխատանքների 2-րդ փուլի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի 3-րդ փուլը: Այն կներառի 2-րդ մասնաշենքի առաջին և չորրորդ հարկերը, ինչպես նաև Մեծ դահլիճը: