Հավանություն տրվեց պոլիտեխնիկի քոլեջի հաշվետվությանը

Հավանություն տրվեց պոլիտեխնիկի քոլեջի հաշվետվությանը

Նոյեմբերի 1-ին կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի Քոլեջի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Քոլեջի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., Էլբակ Էլբակյանը: Նիստին մասնակցում էին ՀԱՊՀ ռեկոտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ Մարինկա Բաղդասարյանը, Ռուբեն Աղգաշյանը, Կարեն Արզումանյանը, Քոլեջի աշխատակիցներ և ուսանողներ:

Քոլեջի խորհրդի օրակարգային հարցը 2016-2017 ուս. տարվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկումն էր: Հաշվետվությունը մանրամասն զեկուցեց Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Է. Էլբակյանը: Ներկայացվեցին հաշվետու ժամանակամիջոցում Քոլեջի տարբեր ոլորտների գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշները` համեմատելով դրանք նախորդ տարիների ցուցանիշների հետ, բացահայտելով այդ ընթացքի ձեռքբերումներն ու թերացումները, նշելով վերջիններիս վերացմանն ուղղված առաջիկա քայլերն ու երաշխավորությունները: Առանձնահատուկ նշվեց մոդուլային դասընթացների և նախնական արհեստագործական կրթական ծրագրով կարճաժամկետ դասընթացների իրականացման կազմակերպումը:

Հաշվետվությունում ներկայացվեցին պրակտիկաների կազմակերպումը, համագործակցող ձեռնարկությունների հետ հեռանկարները, դիպլոմային աշխատանքների պաշտպանության և պետական քննությունների արդյունքների վերլուծությունը, ուսումնառության ժամանակակից մեթոդների օգտագործումը և վարվող դասախոսությունների, գործնական պարապմունքների և լաբորատոր աշխատանքների նորացումն ու մոդեռնիզացում: Խոսվեց նաև համակարգչային լսարանների քանակի և հագեցվածության մասին:

Հաշվետվությունում ներառված առաջարկությունները վերաբերում էին ՀԱՊՀ Երևանի քոլեջի դասընթացները մեկ մասնաշենքում իրականացնելուն, ինչպես նաև ստեղծելու միջոցներ ուսումնական և օժանդակ տարածքների վիճակի կոսմետիկ բարելավման ուղղությամբ, մասնավորապես՝ Մանանդյան 36 հասցեում տեղակայված շենքի բոլոր լսարանների, միջանցքների, սպորտդահլիճի և դահլիճի վերանորոգման համար:

Առաջարկվում էր նաև իրականացնել պիտանի համակարգիչների վերանորոգում և հնարավորության դեպքում ձեռք բերել նոր համակարգիչներ ժամանակակից ծրագրերով դասընթացներն իրականացնելու համար: Կարճաժամկետ ծրագրերի կազմակերպման համար իրականացնել գովազդ և համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում հավաքագրել խմբեր: Արհեստավորներ պատրաստելու համար դասընթացների անցկացման հնարավորության դեպքում, իրականացնել անրաժեշտ հաստոցների և եռակցման սարքերի վերանորոգման աշխատանքներ:

Կարևոր առաջարկություն էր նաև միջոցներ ձեռնարկել Մանանդյան 36 հասցեում սննդի կետ ստեղծելու համար:

Ելույթ ունեցան ՀԱՊՀ պրոռեկտորները, խորհրդի այլ անդամներ: Հաշվետվությանը անդրադարձ ունեցավ նաև ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը: «Վերջապես, երեք տարի դադարից հետո, կրկին վերադարձանք ուսումնական տարվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվության մանրամասն ներկայացմանը Քոլեջի խորհրդի նիստում:»,- նշեց Ո. Մարուխյանը: Ռեկտորը նշեց նաև, որ հաշվետվությունը հարիր էր քոլեջի դիրքին և որ պետք է շարունակել նույն ոգով: Ո. Մարուխյանը խոսեց նաև քոլեջի համակարգչային բազան թարմացնելու և նորագույն համակարգիչներով հագեցնելու մասին:

Քոլեջի խորհուրդը բաց քվեարկությամբ որոշեց հավանություն տալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի 2016-2017 ուս. տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությանը: