Հաջողության գրավականը

Հաջողության գրավականը

Յուրի Սարգսյան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մեքենագիտության և ռոբոտատեխնիկայի ասպարեզի ականավոր գիտնական, 1988-2006թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, (հետագայում՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) ռեկտոր:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի խմբագրակազմը, Ուսանողական խորհուրդը և ուսանողությունը 75-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորում են Յուրի Լևոնի Սարգսյանին, ցանկանում քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

Յուրի Սարգսյանը ծնվել է 1941 թ. փետրվարի 9-ին՝ Երևանում: 1962թ. ավարտում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: 1964թ. ընդունվում է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Մեխանիզմների, մեքենաների և ավտոմատ գծերի տեսություն» մասնագիտությամբ: 1967 թ. Մոսկվայի Մեքենագիտության պետական ինստիտուտում ժամկետից 1 տարի շուտ նա պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, 1975 թ.՝ դոկտորական ատենախոսություն, երկու տարի անց ստանում պրոֆեսորի գիտական կոչում: 1971-1972թթ. անցնում է գիտական փորձառություն Ստենֆորդի համալսարանում, իսկ 1977-78 թթ. Ստենֆորդի և Իլինոյսի համալսարաններում աշխատում է որպես հրավիրված պրոֆեսոր: Սկսելով իր աշխատանքային գործունեությունը ԵրՊԻ-ում որպես ասիստենտ, Յուրի Սարգսյանն այնուհետև անցել է փայլուն ուղի. դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ: 1988 թ. ընտրվում է ԵրՊԻ-ի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) ռեկտոր՝ մնալով բուհի ղեկին մինչև 2006 թվականը: Նրան վիճակված էր դառնալ Հայաստանում բարձրագույն կրթության կառուցվածքայինծրագրային արմատական ռեֆորմի նախաձեռնողն ու գաղափարախոսը: Նրա նպատակն էր բարձրագույն կրթության համակարգը մերձեցնել ընդունված միջազգային չափանիշներին և հարմարունակ դարձնել շուկայական տնտեսության պահանջմունքներին: Յուրի Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ ԵրՊԻ-ն 1992թ. վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) և ԱՊՀ երկրների տարածքում առաջինն անցավ Բոլոնիայի գործընթացով ամրագրված եռաստիճան կրթական համակարգին՝ ստեղծելով առաջանցիկ իրավական ծրագրային հիմք` իր Գլխավոր պլանով նախատեսված բարեփոխումների համար: 1995թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ որոշումով հավանություն տվեց ավարտված գիտափորձի արդյունքներին, իսկ երկաստիճան բարձրագույն կրթության մոդելը հետագայում օրենսդրորեն ամրագրվեց և ներդրվեց նաև Հայաստանի մյուս բուհերում: Յու. Սարգսյանն էական ներդրում ունի նաև Հայաստանի Ամերիկյան և Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանների հիմնման գործում: Երկար տարիներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկինում՝ ՀՊՃՀ) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհուրդների անդամ է: Պոլիտեխնիկն առանձնահատուկ տեղ է ունեցել և ունի Յու. Սարգսյանի կյանքում: Սկսած 1957-ից, արդեն ավելի քան 58 տարի, նա կապված է իր Ալմա Մատերի հետ: Այստեղ է նա ձևավորվել որպես մասնագետ, մեքենագետ գիտնական, կրթական և հասարակական գործիչ: Պոլիտեխնիկի սանին եզակի առաքելություն էր վիճակվել՝ ղեկավարել հարազատ բուհը անցումային դժվարին շրջանում, դառնալ նրա կրթական համակարգի արմատական փոփոխությունների նախաձեռնողն ու շարժիչը, ստեղծել հեռահար ռազմավարություն վերակազմակերպված բուհի կայուն զարգացման և միջազգայնացման համար: Բազմաբեղուն գիտնականը հեղինակ է 175 գիտական աշխատությունների, այդ թվում՝ միջազգային լայն ճանաչում ստացած մենագրությունների, 35 գյուտերի և պատենտների, որոնք նվիրված են մեխանիզմների սինթեզի տեսությանը և ավտոմատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների և ավտոմատացված համալիրների նոր տիպերի ստեղծմանը: Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են մեխանիզմների և մեքենաների տեսության II-X համաշխարհային, Ամերիկյան ինժեներ մեխանիկների ընկերության համաժողովներում, տեսական և կիրառական մեխանիկայի, մեխանիզմների և մեքենաների տեսության միութենական համագումարներում: Ընդհանրացնելով մեխանիզմների սինթեզի դասական երկրաչափական ուղղությունը (Բուրմեստեր-Շյոնֆլիսի տեսություն) շարժման մոտավոր վերարտադրության դեպքի համար, Յուրի Սարգսյանը հիմնել է մեխանիզմների սինթեզի տեսության սկզբունքորեն նոր ուղղություն՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափություն, որն ստացել է լայն միջազգային ճանաչում, իսկ համապատասխան տերմինը պաշտոնապես ընդգրկվել է մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային տերմինաբանական ստանդարտում: Մեխանիզմների և մեքենաների տեսության համաշխարհային VIII համաժողովի (Պրագա, 1991 թ.) հինգ պլենար նիստերից մեկը նվիրված էր տարածական մեխանիզմների կինեմատիկական սինթեզի ապրոքսիմացիոն խնդիրների վերլուծությանը: Այստեղ հիմնական զեկուցողը Յու. Սարգսյանն էր: Մեխանիզմների սինթեզում վերջավոր չեբիշևյան մոտարկումների կիրառության ասպարեզում ձեռք բերած խոշոր տեսական արդյունքների համար Յուրի Սարգսյանն արժանացել է Ամերիկյան   ինժեներ-մեխանիկների ընկերության կողմից 1978թ. լավագույն աշխատանքի համար սահմանված մրցանակին, ինչպես նաև «Պրոկտոր և Գեմբլ» ընկերության հատուկ մրցանակին՝ տեսական արդյունքների կիրառության հեռանկարայնության համար: Յուրի Սարգսյանի ղեկավարությամբ կատարված հետազոտական աշխատանքները մեխանիզմների տեսության, ռոբոտ-մանիպուլյատորների մեխանիկայի, պրեցիզիոն վիբրոմեխանիկական համակարգերի, միկրոմանիպուլյատորների, խողովակագլոցման սարքավորման ուսումնասիրության և նախագծման բնագավառներում, պարգևների են արժանացել տարբեր մըր- ցույթներում և ցուցահանդեսներում, կիրառվել հատուկ նշանակության կառավարման համակարգերի («Ալտաիր» ԳՀԻ), խողովակների սառը գլոցման հաստոնների (Գլազովոյի, Ալմա Աթայի, Չեպելի ծանր մեքենաշինության գործարաններ), կիսահաղորդչային սարքերի արտադրության ավտոմատացման միջոցների (կիսահաղորդչային տեխնիկայի Երևանի հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրո) և այլ սարքերի ստեղծման ընթացքում: Բազմամյա հիմնարար և կիրառական հետազոտությունների արդյունքում համալսարանում ստեղծվել է ինչպես ԱՊՀ-ի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս առավել հայտնի գիտական դպրոցներից մեկը մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում: Այստեղ ձևավորվել է շնորհաշատ հայ մեքենագետ գիտնականների նոր սերունդ: Յուրի Սարգսյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ Հայաստանում, ՌԴ- ում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ղազախստա- նում, որտեղ նա ունի բազմաթիվ հետևորդներ: 1995 թվից նա գիտական աստիճանների շնորհման «Մեքենաշինության և մեքենագիտության» 034 մասնագիտական խորհրդի նախագահն է: Շատ լայն է Յուրի Սարգսյանի գիտական հետաքրքրությունների ընդգրկույթը: Կրթական ասպարեզի նշանավոր գործիչը 30-ից ավելի աշխատություններ ունի նաև ինժեներական կրթության մեթոդաբանության, գիտության քաղաքականության, բարձրագույն կրթության ստրատեգիական պլանավորման, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի տարբեր հիմնահարցերի վերաբերյալ: Իր ծանրակշիռ գիտական վաստակի համար Յու. Սարգսյանը 1986թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1996թ-ին՝ իսկական անդամ: 1989-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, 1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ: Ակադեմիկոս Յուրի Սարգսյանը վարում է նաև ակտիվ գիտահասարակական գործունեություն: 1991–1995 թթ. եղել է մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային ֆեդերացիայի (IFToMM) գործադիր կոմիտեի անդամ, իսկ 1998-ից այդ ֆե- դերացիայի հայաստանյան անդամ կազմակերպության նախագահն է: 1994 թ. ընտրվել է Միջազգային ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1995թ.՝ իսկական անդամ: ՀՀ և արտասահմանյան մի շարք գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ է, ՀԱՊՀ «Բանբեր» հանդեսի գլխավոր խմբագիրը: Յու. Սարգսյանը մեխանիզմների և մեքենաների տեսության միջազգային տերմինաբանական ստանդարտի հեղինակներից է, որի հիման վրա 2009 թ. ստեղծվել է մեխանիզմների և մեքենաների տեսության անգլերեն հայերեն-ռուսերեն տերմինարանը: Նա ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի անդամ է, ղեկավարում է տեխնիկական գիտությունների և ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի շնորհման հանձնաժողովը: 1995թ. օգոստոսին Միլանում տեղի ունեցած IFToMM-ի IX Համաշխարհային համաժողովում մեխանիզմների և մեքենաների տեսության ասպարեզում ակնառու ծառայությունների համար Յուրի Սարգսյանին շնորհվում է IFToMM-ի հատուկ մրցանակը: Վաստակաշատ պրոֆեսորը 2002թ. արժանացել է Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) «Տարվա լավագույն կրթական գործիչ» մրցանակին, 2006թ. ընդգրկվել է Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) «Ականավոր 100 կրթական գործիչներ – 2006» անվանացանկում: 2007թ. արժանացել է «21-րդ դարի 2000 ականավոր ինտելեկտուալներ» դիպլոմի (միջազգային կենսագրական կենտրոն, Քեմբրիջ): 2008թ. արժանացել է ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսորի կոչման: Յուրի Սարգսյանը նաև ճանաչված հասարակական և պետական գործիչ է: 1990- 1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Սահմանադրական հանձնաժողովի անդամ՝ իր ներդրումն ունենալով Հայաստանի Անկախության հռչակագրի, Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրության, կրթության և գիտության վերաբերյալ օրենքների մշակման գործում: Մասնավորապես նրա առաջարկությամբ է ձևակերպվել և ընդունվել Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Հայաստանի սատարումն ամրագրող 11-րդ կետը: Յուրի Սարգսյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1985թ.), «Անանիա Շիրակացի» մեդալով (1999թ.), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (2003թ.), ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով (2008թ.), ՀՀ վարչապետի Ոսկե մեդալով (2011թ.), իսկ 2011 թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: