Кафедры
Ամբիոնի մասին
Ամբիոնը 2009թ. ձևավորվել է «Երկրաբանություն և հետախուզման տեխնոլոգիա» և «Ընդերքաբանություն» ամբիոնների միավորման արդյունքում:
Այսօր հանրապետության հանքարդյունաբերության ճարտարագիտատեխնիկական անձնակազմը՝ սկսած հերթափոխի պետերից մինչև տնօրենները, ինչպես նաև գիտական պոտենցիալը, կազմավորված են հիմնականում ամբիոնի շրջանավարտներից: Ամբիոնի հենքի վրա 1997 թ. ձևավորվել են Կապանի մասնաճյուղի «Ընդերքաբանություն», իսկ 2003 թ.՝«Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետի «Լեռնամետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնները:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակվել են 10 մենագրություն, 5 դասագիրք, 2 տերմինաբանական բառարան, 25-ից ավելի ուսումնական ձեռնարկ, մոտ 100 ուսումնամեթոդական աշխատանքներ:
Ուսումնական գործընթացին զուգընթաց իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնք վերաբերում են ընդերքի ուսումնասիրման և շահագործման տեխնոլոգիաներին:
2007 թ. ստեղծվել է «Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ» համակարգչային լսարանը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով և ծրագրերով («Datamine» լիցենզիոն ծրագիր):
Այժմ ամբիոնը սերտորեն համագործակցում է «Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային», «Թեղուտ», «Գէոպրմայնինգ», «Բեյզ Մեթըլս» և մի շարք այլ հանքարդյունաբերական ընկերությունների հետ:
Ամբիոնը ապահովում է բակալավրի, մագիստրոսի և ճարտարագետ-հետազոտողի ծրագրերով կադրերի նախապատրաստում հետևյալ մասնագիտություններով` «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» և «Շրջակա միջավայրի պահպանություն (լեռնամետալուրգիայի ճյուղում)»:
Ամբիոնի մասին
Ամբիոնը ստեղծվել է 1948 թվականին և մինչև 1966 թվականը գործել է Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի կազմում՝ «Մետաղագիտություն և մետաղների տեխնոլոգիա» անվամբ: 1966 թվականին «Մետաղագիտություն և մետաղների տեխնոլոգիա» ամբիոնի բաժանումից ձևավորված երկու ամբիոններից մեկը՝ «Մետալուրգիա և ձուլման արտադրություն» ամբիոնը տեղափոխվել է նորաստեղծ Լեռնամետալուրգիական ֆակուլտետ, որը 2009թ. վերանվանվել է «Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոն:
«Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնում իրականացվում է ճարտարագիտական կրթություն՝ հետևյալ որակավորման աստիճաններով՝ ճարտարագիտության բակալավր, ճարտարագիտության մագիստրոս, ասպիրանտ, հայցորդ:
Ամբիոնն ունի 4 լաբորատորիա, 1 մասնագիտացված լսարան, 1 համակարգչային լսարան և ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներ:
Ամբիոնում ներկայումս դասավանդում է 15 դասախոս՝ 6 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 7 գիտությունների թեկնածու, դոցենտ, 2 գիտությունների թեկնածու, ասիստենտ:
Ամբիոնում ներկայումս դասավանդող մասնագետներն ընդհանուր հաշվով հեղինակ են ավելի քան 1160 գիտական հոդվածների, 90 արտոնագրված գյուտերի, 2 մենագրության, 7 դասագրքի, 13 ուսումնական ձեռնարկների և 160 ուսումնամեթոդական գրականության:
«Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնի շրջանավարտ մագիստրոսները պահանջարկված են և կարող են աշխատել տարբեր ոլորտներում:
Ամբիոնը յուրաքանչյուր ամիս կազմակերպում է գիտական սեմինարներ, ինչպես նաև ասպիրանտների և հայցորդների ատենախոսությունների նախնական քննարկումներ:
Ամբիոնի գիտական ու մանկավարժական գործունեությունն անընդհատ կատարելագործվում է, ընդլայնվում են առաջատար գիտական ու կրթական կազմակերպությունների և արդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակները, բարելավվում է ուսման որակը:
Ամբիոնը համագործակցում է ՌԴ, Ուկրաինայի և Բելառուսի առաջատար համալսարանների հետ, այդ թվում՝ Մոսկվայի «Պողպատներ և համաձուլվածքներ» համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի, Նովոչերկասկի, Կիևի, Մինսկի պոլիտեխնիկական և մի շարք այլ համալսարանների հետ:
«Մետալուրգիա և նյութագիտություն» ամբիոնում իրականացվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները.
- մետաղասուլֆիդային հանքանյութերից բազային գունավոր մետաղների և երկաթի կորզման առաջավոր հիդրոմետալուրգիական գործընթացների հետազոտում ու տեխնոլոգիաների մշակում,
- երկրորդային հումքից մաքուր մետաղների և էլեկտրոդային նյութերի ստացման տեխնոլոգիաների մշակում,
- օքսիդացված հանքանյութերից մաքուր մետաղների կորզման տեխնոլոգիաների մշակում,
- մետաղափոշիների և փոշեհամաձուլվածքների ստացման տեխնոլոգիաների մշակում,
- ֆունկցիոնալ հատկություններով փոշեկոմպոզիտային նյութերի ստացման տեխնոլոգիաների և կառուցվածքագոյացման սկզբունքների մշակում, այդ թվում՝ կոնստրուկցիոն, հակաշփական, շփական, հրամուր, հրակայուն, բարձր տեսակարար ամրությամբ, ամրանավորված, գործիքաշինական, մետաղալմաստային և այլ նշանակության,
- մետաղների ջերմային և ջերմաքիմիական մշակում, այդ թվում՝ ռենիումապատում, գործիքների մաշակայունության և կոռոզիակայունության բարձրացում,
- հիդրոմետալուրգիական եղանակով կապարատար երկրորդային հումքի բաղադրիչների հիմնական ֆազային տարանջատման մշակում:
Սեկտորի մասին
Դեռևս 2001 թ. սեպտեմբերին համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվել է «Լեռնամետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնը «Ընդերքաբանություն» ամբիոնի ներքին ռեսուրսների (դասախոսական կազմ, լսարաններ) հիման վրա: Մինչ այդ՝ սկսած 1994 թվականից, «Ընդերքաբանություն» ամբիոնի կազմում պատրաստվել են ճարտարագետ-տնտեսագետներ՝ «Ընդերքաբանություն և մետալուրգիական ձեռնարկությունների տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով:
2015 թվականի սկզբին ամբիոնը վերակառուցվեց՝ սեկտորի կարգավիճակով միացվեց «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնին:
Ընդհանուր առմամբ, նախ՝ որպես ամբիոն, ապա՝ որպես սեկտոր, այն տվել է 250-ից ավելի շրջանավարտներ, ովքեր աշխատում են տնտեսության տարբեր ճյուղերում՝ պետական և մասնավոր ձեռնարկություններում:
Սեկտորում ակտիվ աշխատանքներ են տարվում մասնագիտական գրականության և ծրագրամեթոդական ապահովվածության ուղղություններով:
Վայր: 6-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 58 11 14, Էլ-փոստ: [email protected]