Պոլիտեխնիկի ուսանողների կողմից հավաքված 3D տպիչները հանձնվեցին ՀԱՊՀ Ավագ դպրոցին և Քոլեջին

Պոլիտեխնիկի ուսանողների կողմից հավաքված 3D տպիչները հանձնվեցին ՀԱՊՀ Ավագ դպրոցին և Քոլեջին

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի մասնակից, Պոլիտեխնիկի ուսանողների կողմից հավաքված 3D տպիչների հանձման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Քոլեջի փոխտնօրեն Լուսինե Պողոսյանը, Ավագ դպրոցի փոխտնօրեն Խաչիկ Մանուկյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Հրավիրվածներին ողջունեց և ծրագրի մասնակից ուսանողներին շնորհավորեց պրոռեկտոր Ս․ Ասատրյանցը։ Բարձր գնահատելով ուսանողների ստեղծագործ աշխատանքը, պրոռեկտորը նշեց, որ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը և Քոլեջը 3D տպիչներ ստանում են, գործնական աշխատանքներում կիրառելու նպատակով. «Այս սարքերը սովորական չեն մեզ համար, որովհետև մենք ոչ թե գնել ենք, այլ մեկիկ-մեկիկ հավաքվել են մեր ուսանողների ձեռքերով։ Շնորհավորում եմ նրանց ովքեր այս սարքը ստեղծել են։ Ողջունում եմ ձեզ․ սա առաջին քայլն է այդ ճանապարհին։ Կցանկանայի մեկ ուրիշ ծրագրով արդեն հաջորդ անգամ ավելի լավ արդյունքի հասնենք»,- նշեց Ս․ Ասատրյանցը։ Պրոռեկտորը մեջբերեց նաև Սաութհեմփթոն համալսարանի օրինակը, որը ունի այնպիսի սարքավորումներ, որոնց նմանօրինակները, ըստ Ս․Ասատրյանցի մեր համալսարանը պետք է ձգտի ձեռք բերել, և այս նախաձեռնությունը պետք է լինի այդ ճանապարհի հիմնարար սկիզբը։

Խոսքով հանդես եկավ նաև Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության աշխատակից Արփինե Մկրտչյանը, ներկայացնելով «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի գործունեությունը և նպատակները, որոնք միտված են նորարարական և ստեղծագործական մտածելակերպի, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումների և այդ բնագավառում միջազգային տերմինաբանության տարածմանը բարձրագույն կրթության համատեքստում։ Շնորհակալություն հայտնելով «Ստեղծարար միտք» դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորող Բրիտանական խորհրդի անդամներին, Ա․Մկրտչյանը նշեց, որ «Ստեղծարար միտք» ծրագիրը միտված է զարգացնել, տարածել և ներդնել ձեռնարկատիրության և ձեռներեցության գաղափարները բարձրագույն կրթության շրջանակներում և դրանից դուրս: «Ծրագրի շրջանակներում այս տարի ևս ունենք նախատեսված հետաքրքիր միջոցառումների շարք՝ «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների տեսքով, որը նախատեսված է ուսանողների և 44-օրյա պատերազմի մասնակիցների համար։ Այն կանցկացվի նոյեմբերի 22-26-ը»,-նշեց Ա․ Մկրտչյանը։

Ինովացիոն լաբորատորիայի աշխատակից Մովսես Զաքարյանը հրավիրվածներին մանրամասնորեն ներկայացրեց 3D տպիչների հավաքման ամբողջ գործընթացը, տպիչների առանձնահատկությունները։

Միջոցառման ավարտին Սարգիս Ասատրյանցը 3D տպիչները հանձնեց Քոլեջի փոխտնօրեն Լուսինե Պողոսյանին և Ավագ դպրոցի փոխտնօրեն Խաչիկ Մանուկյանին։