Պոլիտեխնիկի պատվիրակությունը մասնակցել է աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովին

Պոլիտեխնիկի պատվիրակությունը մասնակցել է աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովին

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովը: Այն համարվում է գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական համակազմի ներկայացուցիչները ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորությամբ։

Հանդես գալով ողջունի խոսքով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականի, ինժեների, քաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը: «Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է,- ասել է նախագահը: -Լինում են դեպքեր, երբ ապրում ես կյանքդ, արածիդ կամ չարածիդ գնահատականը կամ չի տրվում, կամ սխալ է տրվում, միայն ժամանակն է, որ մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այն, ինչ կարևոր է, առանցքային է, արժեք է ներկայացնում պատմության համար: Այս իմաստով այսօր, պատմության հորձանուտների միջով անցնելուց հետո, երբ չկա Խորհրդային Միությունը, ԽՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը տիեզերքում, մնացել են գործեր և անուններ, որոնք մարդկության հետ են լինելու հարյուրամյակներ ու հազարամյակներ: Դրանցից մեկն Ալեքսանդր Քեմուրջյանի անունն է»:

Համաժողովի բացումը ողջունել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Տեսակապի միջոցով համաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել և Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական վաստակն են կարևորել ՆԱՍԱ-ի նախկին ադմինիստրատոր Շոն Օ’Քիֆը (Sean O’Keefe), The Planetary Society-ի նախագահ Բեթանի Էհլմանը (Bethany Ehlmann) և համահիմնադիր Լուի Ֆրիդմանը, «Ապոլո 16»-ի տիեզերագանաց Չարլզ Դյուքը (Charles Duke Jr):

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։

Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը: Աշխարհի տարբեր երկրներից բանախոսները տեսակապի միջոցով զեկույցներ են ներկայացրել աստղագիտության, ատղաֆիզիկայի, տիեզերագնացության, այս ոլորտներում գիտական վերջին ուսումնասիրությունների ու նվաճումների մասին: Կազմակերպվել է պանելային քննարկում «Տիեզերք և մարդկություն» թեմայով:

 

***

Ալեքսանդր Քեմուրջյանն աշխատել է Խորհրդային Միության առաջատար գիտական հաստատություններում: Աշխատելով Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում՝ նրա հիմնական մասնագիտացումը եղել է խորհրդային բանակի համար տանկերի նախագծումը։ Ավելի ուշ՝ 1970-ականների սկզբին, Քեմուրջյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է «Լուսնագնաց 1»-ի և «Լուսնագնաց 2»-ի ստեղծմանը: «ПРОП-М» կոչվող աշխարհում առաջին մարսագնացը ևս նախագծվել է «Տրանսմաշ»-ում, որի վրա աշխատել է կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանի գլխավորած 150 ինժեներների խումբը:

Չեռնոբիլի միջուկային աղետի ժամանակ Քեմուրջյանի ղեկավարությամբ ամենակարճ ժամանակահատվածում ստեղծվել և արտադրվել են STR-1 ռոբոտները: Ինքնավար տրանսպորտային ռոբոտները աշխատել են ավելի քան 200 ժամ՝ հեռացնելով ավելի քան 90 տոննա ռադիոակտիվ նյութեր:

Քեմուրջյանը համաշխարհային գիտության մեջ հայտնի անուն է: 1998թ․ բրիտանական հեղինակավոր «Melrose Books» հրատարակչական ընկերությունը Ալեքսանդր Քեմուրջյանի անունը ներառել է 20-րդ դարի նշանավոր մարդկանց ցանկում, 1997թ․ Միջազգային աստղագիտական կոմիտեն թիվ 5933 աստերոիդն անվանակոչել է Քեմուրջյանի անունով, իսկ Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին թողարկել է «Քեմուրջյան» մեդալը: